Home / Canadahye  / Սիրիահայերի ներգաղթը՝ խթան Վանկուվերում երրորդ հայկական կառույցի գործունեությունը սկսելու. Հիմնադրվել է ՀՄԸՄ Վանկուվերի մասնաճյուղը

Սիրիահայերի ներգաղթը՝ խթան Վանկուվերում երրորդ հայկական կառույցի գործունեությունը սկսելու. Հիմնադրվել է ՀՄԸՄ Վանկուվերի մասնաճյուղը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Վանկուվեր (Նորանոր) _ Այն բանից հետո, ինչ ավելի քան 200 սիրիահայեր ներգաղթեցին Վանկուվեր, հայ համայնքում անասելի աշխուժություն սկսվեց: Տարվա ընթացքում արդեն երրորդ հայկական կազմակերպությունն է, որ այստեղ վերսկսում է գործունեությունը կամ հիմնում է մասնաճյուղ:

 

Նախ Թեքեյան մշակութային կենտրոնը վերաբացվեց, այնուհետև Համազգային միության «Վարագ» մասնաճյուղը վերսկսեց գործունեությունը, իսկ այսօր արդեն համայնքում հիմնադրվել է ՀՄԸՄ Վանկուվերի մասնաճյուղը:

 

Հիմնադրման արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին, Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Բաբկեն Արք. Չարյանը կատարել է հիմնադրության արարողության և դրոշակի օրհնության կարգ: ՀՄԸՄ-ի դրոշը հանձնվել է մասնաճյուղի անդամներին: Ներկա են եղել ՀՄԸՄ Կենտրոնական վարչության անդամ Մոսիկ Թոփուզյանն ու ՀՄԸՄ Կանադայի Շրջանային վարչության ատենապետ Լեոնի Սարմազյանը:

 

ՀՄԸՄ-Ի ՀԻՄՆՈՒՄԸ՝ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ այսօր զգացվեց մասնաճյուղ հիմնելու անհրաժեշտություն համայնքում, ի՞նչ հնարավորություններ կան մարզական կյանքն աշխուժացնելու և ինչպիսի՞ ակնկալիքներով է 5 հոգանոց վարչական կազմը սկսել աշխատանքը, այս հարցերի շուրջ Noranor.ca-ը զրուցել է ՀՄԸՄ Վանկուվերի մասնաճյուղի քարտուղարուհի Սոսի Թերզյանի հետ:

 

Երբ եկա Վանկուվեր, Հոմենեթմենը չկար, բայց այն իմ սրտիս մեջ հատուկ իր տաքուկ տեղը գրաված էր

 

«Ես չեմ հիշե կյանքիս մեջ, երբ հոմենեթմենական չեմ եղել: Երբ եկա Վանկուվեր, Հոմենեթմենը չկար, բայց այն իմ սրտիս մեջ հատուկ իր տաքուկ տեղը գրաված էր: Ինծի համար անձնապես հպարտություն էր, երբ որ Հոմենեթմենը հիմնվեցավ Վանկուվերի մեջ: Թե՛ հպարտություն էր, թե՛ մեջս հաղթանակի պես բան եղավ, ըսի՝ Հոմենեթմենի ընտանիքս Վանկուվեր եկավ»,-պատմում է Սոսի Թերզյանը, ով դեռ 17 տարի առաջ է տեղափոխվել Վանկուվեր Երուսաղեմից, սակայն այս տարիների ընթացքում չի մարել ՀՄԸՄ-ականի կայծը:

 

Կազմակերպությունը չի գործել համայնքում, բայց ոգին եղել է, իսկ 2017թ-ին արդեն կոնկրետ քայլեր են ձեռնարկել երիտասարդներին ու պատանիներին համախմբելու:

 

Այս տարի, երբ որ տեսանք, որ հետաքրքրվող երիտասարդներ կան, ըսինք, որ ժամանակն է, որ  այս խումբերը բերենք ՀՄԸՄ անունին տակ

 

«Տարիներ առաջ դեռ հետաքրքրությունը կար, որ Վանկուվերի մեջ հիմնենք: Ժամանակ եկավ, քույր Լիսա Հոգիկյան, որ ՀՄԸՄ Վանկուվերի ատենապետուհի նշանակվեցավ, առաջարկեց, և այս ձևով խողովակ մը բացեցինք երիտասարդներուն համար և մեր հայկական հարկին տակ ի մի բերեցինք: Այս տարի, երբ որ տեսանք, որ հետաքրքրվող երիտասարդներ կան, ըսինք, որ ժամանակն է, որ  այս խումբերը բերենք ՀՄԸՄ անունին տակ»,-ներկայացնում է ՀՄԸՄ քարտուղարուհին:

 

ՉԵՆՔ ՍՏԻՊԵՐ, ՈՐ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԵ

2017թ-ի սեպտեմբերից արդեն պատանիների խմբերը կանոնավորապես մարզվում են, 25 պատանիներ ու երիտասարդներ, տղաները՝ ֆուտբոլի, աղջիկները՝ վոլեյբոլի թիմերով ուրախությամբ են ներկայանում պարապմունքների, պատմում է նախաձեռնության հեղինակներից մեկը՝ ասելով.

 

Կու գան և կխաղան և հայությունը կպահեն այդ ձևով

 

«Անցած սեպտեմբերեն սկսան մեր մարզիկները մարզվել, և մեզի հրաման եկավ, որ լավ պիտի աշխատինք, որ Վանկուվերը՝ Հոմենեթմենի միավորը մեջտեղ բերենք, այն ժամանակ մենք խումբերը կազմեցինք, և ամեն շաբաթ այս երիտասարդները փորձերի եկան, զորացուցին հմտությունները և պատրաստ եղան, որ Կանադայի խաղերուն մասնակցինք ամսվա վերջ: Երեխաները երբ որ կու գան Հոմենեթմենի հարկին տակ, մենք իրենց չենք ստիպեր, որ պետք է քու հայությունդ պահես, կու գան և կխաղան և հայությունը կպահեն այդ ձևով»:

 

Իսկ վերջնանպատակն է երկու տարի անց արդեն մասնակցել Համահայկական խաղերին, ինչը Հայաստանի հետ կապ ստեղծելու լավ միջոց է համարում Սոսի Թերզյանը:

 

Մասնաճյուղը չունի շենքային պայմաններ, մարզումներն անցկացնում է այլ խաղադաշտերում, բայց երբեք չեն դժգոհում, հավաստիացնում է քարտուղարուհին՝ ասելով. «Եթե կամքը կա, դժվար բան չկա, կարիքը չկա առանձին շենքի»:

 

ԿԱՐԻՔՆԵՐԸ ՄԵԾԱՑԱՆ

Նրա ցանկությունը, որն այսօր իրականություն է դարձել, հնարավոր է եղել միայն համայնքի մեծացման շնորհիվ, իսկ սիրիահայերը նպաստեցին ոչ միայն այս, այլև մյուս հայկական կազմակերպությունների վերաբացման, ասում է.

 

Մենք հիմա տեղ մը եկանք, որ կրնանք կազմակերպությունները ետ բերել

 

«Մեր գաղութը սիրիահայերի գալով՝ մեծցավ, կարիքներն ալ մեծցան: Մենք հիմա տեղ մը եկանք, որ կրնանք կազմակերպությունները ետ բերել, եթե չորս տարի առաջ խոսեինք, կըսեինք, որ գաղութը պստիկ է, թիվերնիս քիչ է, բայց հիմա գաղութը մեծցավ, և կարիքը կա այս կազմակերպություններուն, քանի ամեն մեկ ընտանիք, ամեն մեկ անձ տարբեր հետաքրքրություններ ունի: Այս ձևով մենք գիտցանք, որ պատրաստ է գաղութը նորության»:

 

Ներկայիս անդամների թիվը քիչ է, բայց երբ պաշտոնական գրանցում ստանա մասնաճյուղը, կսկսվի անդամակցությունը, և միացողների թիվը մեծ կլինի, վստահ է Թերզյանը: