Home / Canadahye  / Դրսում արժանապատիվ կյանքով, Երևանում՝ շնչահեղձ. Ներգաղթին խանգարող գործոններն ու արտագաղթը կանխելու դեղատոմսը

Դրսում արժանապատիվ կյանքով, Երևանում՝ շնչահեղձ. Ներգաղթին խանգարող գործոններն ու արտագաղթը կանխելու դեղատոմսը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ, Տորոնտո (Նորանոր) _ Հայաստանը պատրաստ չէ մեծ ներգաղթի. Գործունեության 100 օրերն ամփոփելու ժամանակ հայտարարել էր ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: «Հիմնական երկու խնդիր է հետաքրքրում պոտենցիալ հայրենադարձներին՝ օրինականության ապահովումը երկրում և աշխատատեղերի հարցը։ Ներդրումների հետ կապված բազմաթիվ են հարցերը՝ արտոնյալների հետ կապված, իսկ հայրենադարձության մասով խնդիրներ կան, օրինակ՝ ֆիզիկական անձանց գույքի մաքսազերծման, տեղափոխման վերաբերյալ»,-ասել էր նախարարը:

 

Այնինչ մյուս կողմից հնչում են հայտարարություններ, որ երկրում իշխանափոխույունից հետո ներգաղթյալների թիվն աճել է, ներդրումների ծավալը՝ ևս: Օրինակ, 100 օրերն ամփոփող հանրահավաքի ժամանակ էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում մոտ 26 000-ով ավելի է ժամանածների թիվը մեկնածների թվից:

 

Հակասական այս հայտարարությունների նման հակասական են նաև սփյուռքահայերի տրամադրությունները: Այնպես չէ, որ ներգաղթյալներ չկան, բայց նրանց թիվը մեծ չէ, իսկ հայրենադարձվելու դեպքում էլ լուրջ խնդիրներ կան: Այս մասին Noranor.ca-ի հետ զրույցում հայտարարում են կանադահայ մտավորականները:

 

ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ ԴԵՄ ՉԷ ՆԵՐԳԱՂԹԻՆ

Մասնագիտությամբ բժիշկ, գրող Վրեժ-Արմեն Արթինյանն, օրինակ, սկզբունքորեն կողմ է ներգաղթին, բայց գործնականում չի կարող դրա մասնակիցներից մեկը դառնալ: Ասում է.

 

«Սկզբունքով ես չեմ կրնա հակառակ ըլլալ ներգաղթի գաղափարին, սկզբունքով… Վերջիվերջո ադոր համար կապրինք, կգործենք, ես ալ դաշնակցական եմ, ու մեր կարևոր նպատակն է հայությունը ամփոփել հայրենիքի մեջ, կարելի չէ ադոր հակառակ կարծիք ունենալ»:

 

Որքան գործ կա ներկայիս Հայաստանի մեջ, որ կրնա զբաղեցնել ներգաղթողները, որքան ներգաղթյալները կրնան գործ ստեղծել

 

Հակառակ կարծիք չունի, ունի համոզմունք, որ դժվար է Հայաստանում ամեն ինչ միանգամից շտկել: «Որքան գործ կա ներկայիս Հայաստանի մեջ, որ կրնա զբաղեցնել ներգաղթողները, որքան ներգաղթյալները կրնան գործ ստեղծել, ասոնք մեծ հարցականներ են»,-ասում է ու հույս հայտնում, որ դրանց լուծման համար ժամանակ է հարկավոր:

ՍՓՅՈՒՌՔԻՆ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ

«Կհուսամ, որ ժամանակի ընթացքին այդ հնարավորությունները պիտի իսկապես ստեղծվին, որ կամաց-կամաց մարդիկ երթան և հոն աշխատանք ստեղծեն: Միանգամեն չըլլար, երկար ժամանակին վրա, նույնիսկ երկար ժամանակին վրա հավանական է, որ այդ ամբողջ Սփյուռքի ժողովուրդը չփոխադրվի Հայաստան, շատ-շատ մարդիկ այնպիսի ձևերով հաստատված են դուրսը, որ դժվար կրնա այստեղեն արմատախիլ ըլլալ և վերադառնալ Հայաստան, եթե միայն անոնց զավակները ուզենան վերադառնալ, մեծ բան կըլլա»,-ասում է Արթինյանը:

 

Անձամբ ծանոթ է ընտանիքների, որոնք ժամանակին որոշել են ապրել Հայաստանում, սակայն պայմաններին չհարմարվելով՝ վերադարձել են Կանադա: Վստահ է, որ փոքր-ինչ պայմանները բարելավելու դեպքում պատրաստ են նորից հաստատվել Հայաստանում: Շատերն են, որ երազում են ապրել հայրենիքում, բայց սա չի նշանակում, որ բոլորը կկարողանան դա անել, հետևաբար սփյուռքի պահպանումը ևս չպետք է օրակարգից դուրս թողնել:

Ներկայիս եթե մեր թիվին երկու երրորդը հայրնեիքեն դուրս է, անոնց հայրենիքի մեջ հավաքելը անհնար բան է

 

«Ներկայիս եթե մեր թիվին երկու երրորդը հայրնեիքեն դուրս է, անոնց հայրենիքի մեջ հավաքելը անհնար բան է, կնշանակե, որ սփյուռքը ուզե թե չուզե կշարունակե գոյություն  ունենալ, և պարտավոր ենք նաև սփյուռքին տեր կանգնիլ, նվազեցնել օտարացումը, ձուլումը»,-վստահ է կանադահայ բժիշկը:

 

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՇՆՉԱՀԵՂՁ ԷԻ ԼԻՆՈՒՄ

Մեկ ամիս առաջ է Իսկուհի Կիրակոսյանը Հայաստանից վերադարձել Կանադա, ծննդավայր մեկնել էր որպես զբոսաշրջիկ: Տասնամյա դադարից հետո Հայաստանում շատ բան էր փոխվել, դրականն էլ կար, բայց որոշ պայմաններ նրան զարմացրել են:

 

«Երևանում, օրինակ, ես շնչահեղձ էի լինում, այնքան ծանր էր օդի վիճակը, բշկական իմաստով մարդկանց կյանքը ահավոր դժվար էր, թոշակառու քույրս ձեռքի կոտրվածք ուներ, և շատ մեծ գումար էր պետք վճարել շատ հասարակ բժշկական օգնության համար: Անհամար քանակությամբ մարդիկ էին փողոցներում անգործ կանգնած, ես չեմ կարծում, որ նրանք զբոսաշրջիկներ էին, նրանք երևանցիներ էին, ես չգիտեմ, թե ինչու էին նրանք փողոցներում այդ ցերեկվա ժամերին, բայց ակնհայտ է, որ աշխատատեղեր չկան, մարդիկ աշխատեն»,-թվարկում է տիկին Իսկուհին:

 

ԱՐՏԱԳԱՂԹԸ ԿԱՆԽԵԼԸ

Խնդիրների մի մասն են սրանք, որոնց լուծման համար ժամանակ է պետք: Հակառակ պարագայում ոչ միայն սփյուռքահայը չի ցանկանա վերադառնալ, այլև հայաստանցին կձգտի արտագաղթել: Ըստ նրա՝ այսօր պետության առաջին խնդիրը պետք է լինի արտագաղթը կանխելը:

 

Ոչ մի սոցիալական պաշտպանվածություն չկա, եթե կա էլ, շատ աննշան

 

«Առողջ պայմաններ ստեղծել, երկրորդը պետք է ստեղծել աշխատատեղեր այն մարդկանց, որոնք արդեն Հայաստանում են և գործ չունեն, ես կարծում եմ, որ պետք է պետությունը կենտրոնանա այս հարցերի վրա, ոչ թե մարդիկ գնան մի տեղ ու  չիմանան ինչ անել, ոչ մի սոցիալական պաշտպանվածություն չկա, եթե կա էլ, շատ աննշան»,-կարծում է լուսանկարչուհին:

 

Մարդիկ մեծ ջանքեր են գործադրել տարբեր երկրներում քիչ թե շատ մարդկային արժանապատիվ կյանք ապրելու

 

Ինչ վերաբերում է հայրենադարձությանը, ապա դա ևս տեղի կունենա, ոմանց դեպքում հիմնական հայրենիքում հաստատվելով, մյուսների պարագայում՝ երկրին օգնելով: «Մարդիկ մեծ ջանքեր են գործադրել տարբեր երկրներում քիչ թե շատ մարդկային արժանապատիվ կյանք ապրելու, և ես կարծում եմ, որ մարդիկ կգան, իհարկե կգան իրենց հայրենիք, օգնելու ցանկությամբ, թեկուզ կարճ ժամանակով, բայց հիմա պետք է բոլոր ուժերը գործադրել այն բանի համար, որ Հայաստանում պայմանները բարելավել, որպեսզի մարդիկ, ովքեր արդեն ապրում են, դուրս չգնան»,-եզրակացնում է կանադաբնակ հայաստանցին: