Home / Armenia  / Թավշյա հեղափոխության մասնակիցը դեմ է դուրս եկել Նիկոլ Փաշինյանին ու հայտարարում է, թե նա Սերժ Սարգսյանի շարունակությունն է

Թավշյա հեղափոխության մասնակիցը դեմ է դուրս եկել Նիկոլ Փաշինյանին ու հայտարարում է, թե նա Սերժ Սարգսյանի շարունակությունն է

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) _ Ազատամարտիկ Արսեն Ավետիսյանն այն անձանցից էր, ով Թավշյա հեղափոխության օրերին պայքարում է նախկին իշխանությունների դեմ: «Երկու տարի է՝ պայքարում եմ Սերժի ռեժիմի դեմ, նույնիսկ ես եմ գրավել ռադիոտան շենքը առաջինը, Նիկոլ Փաշինյանի կողմն էի, գոռում էի Փաշինյան»,-ասում է ազատամարտիկը, ով այսօր էլ չի փոխել իր դիրքորոշումը:

 

Չի փոխել, սակայն, միայն նախկին իշխանությունների հանդեպ ունեցած մոտեցումը, սակայն փոխել է կարծիքը Թավշյա հեղափոխության ճանապարհով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի մասին:

 

ՍԵՐԺԻ ՄԱՐԴՆ Է

Եթե շատ-շատերն անմնացորդ հավատով շարունակում են վստահել իրենց կողմից ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա ազատամարտիկ Ավետիսյանի մոտ հավատը խարխլվել է: Պատճառը ոչ միայն իր նկատմամբ հեղափոխության ժամանակ գործադրված բռնության անպատիժ մնալն էր, այլև անպատժելիությունը այն բոլոր անձանց նկատմամբ, ովքեր երկար տարիներ երկիրն այս վիճակին են հասցրել, Noranor.ca-ի հետ զրույցում ասում է ազատամարտիկը:

 

Այսօր ժողովրդի աչքից ընկավ և ցույց տվեց, որ նա իրոք Սերժի մարդն է, Սերժի շարունակությունն է

 

«Այսօր եկեք-տեսեք, թե մեր հարգված պարոն Փաշինյանը ինչեր է անում: Եթե Փաշինյանը վարչապետ լինելով՝ գոռում է՝ տեսեք, կոռուպցիայի դեմ ինչեր եմ անում, ու այսօր Մանվելի նմանին տարել է Հանրապետական հիվանդանոց, իբր հիվանդ է, բուժվելու, այսօր ժողովրդի աչքից ընկավ և ցույց տվեց, որ նա իրոք Սերժի մարդն է, Սերժի շարունակությունն է»,-հայտարարում է Արսեն Ավետիսյանը:

 

Սա, ըստ նրա, միակ ապացույցը չէ, որ Փաշինյանը եկել է շարունակելու նախկին իշխանությունների կիսատ թողածը: Կան մի շարք հարցեր, որոնց պատասխանները պաշտոնավարման 100 օրերի ընթացքում չի տեսել, իսկ ինքը, ի տարբերություն մյուսների, կարծում է, որ 3 ամիսը բավական ժամանակ էր կոռուպցիայի դեմ իրական, ոչ թե ցուցադրական պայքար տանելու համար:

 

ԵՐԿԱԹԸ ՏԱՔ-ՏԱՔ ԵՆ ԾԵԾՈՒՄ

«Ժամանակ ինչքա՞ն տանք, թողնենք հանցագործները կիլոներով ոսկիները տանեն-թաքցնե՞ն Մանվելի պես, երկաթը տաք-տաք են ծեծում: 3 ամիս ժամանակ կար, ինչ որ անում է, պարզապես ժողովրդին ցույց տալու համար է: Եթե կոռուպցիայի դեմ եք պայքարում, այդ մեկ-մեկ փոքր մարդկանց բռնելո՞վ են պայքարում, ո՛չ, կոռուպցիայի դեմ պայքարողն անցկացնում է մոնիտորինգ, որ Հայաստանում ներկա և նախկին աշխատողներին հարազատների հետ միասին դնի մոնիտորինգի: Այսօր Սաշիկին բռնել, բաց է թողել, ինչո՞ւ»,-հարց է տալիս ազատամարտիկը:

 

Հարց, որի պատասխանները շատերին են հետաքրքրում, սակայն մյուսները դեռ համբերատար են, վստահ են, որ նոր վարչապետը անկեղծորեն իրականացնում է իր պարտականություններն ու խոստումները, բոլոր ժամանակների ընդդիմադիր Ավետիսյանն այդ կարծիքին չէ:

 

«Իրենց ձեռքում ուժայիններն են, իրենք կարող էին անել, կարող էին ապօրինի հարստանալու հոդվածներով դատապարտել, ինչո՞ւ ուրիշների հանդեպ հարուցում է, բայց իրենց դեմ չի հարուցում: Թող պատասխան տա, այդքան որ ժողովուրդը գոռում է, որ Սերժիկի մարդն է, ես արդեն հավատում եմ, ամոթ է, պարոն Փաշինյան»,-հայտարարում է Թավշյա հեղափոխության մասնակիցը:

 

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ

Իսկ դրական քայլերը, որոնք արվում են կոռուպցիայի դեմ պայքարելու համար, կարծում է, որ ցուցադրական բնույթ են կրում: Ցանկություն ու կամք լինելու դեպքում այլ զարգացումներ կլինեին, վստահ է նա, հավելում է.

 

Եթե մարդիկ թալանչի են, հանցագործ են, զինվորի հացն են գողացել, ո՞նց կարող է նման բան մտածել

 

«Դա արդեն կոռուպցիա է իր կողմից: Մի երեխա եթե հացի փող չի ունեցել, գնացել գողություն է արել, դրել 5 տարով փակել են, նման հազարներով երեխեքը բանտերում են, իսկ սրանք, որ տասնյակ միլիարդներով թալանել են, իր ասելով պետք է փողերն առնենք ու բաց թողնե՞նք, եթե մարդիկ թալանչի են, հանցագործ են, զինվորի հացն են գողացել, ո՞նց կարող է նման բան մտածել»:

 

Քոչարյանին բռնեցիր, ինչո՞ւ բաց թողեցիր

 

Նա դեմ է այն գործելաոճին, որ ոչ թե բանտերը պետք է լցնել, այլ գողացվածը վերադարձնել պետությանը: Հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն, ինչպես օրինակ, երկրորդ նախագահը, ասում է. «Շատ մարդիկ են հիասթափվել, ժողովրդի մեծ մասն արդեն դեմ է: Քոչարյանին բռնեցիր, ինչո՞ւ բաց թողեցիր, նման մարդուն, որն ունի այդքան գումար հափշտակած, մարտի 1-ի մարդասպանսւթյունները, ո՞նց կարելի է բաց թողնել»:

 

Չպատժվեցին նաև իր հանդեպ ցույցերի ժամանակ բռնություն գործադրած անձինք, հայտարարում է նա: Արսեն Ավետիսյանին հավատ չեն ներշնչում նաև այն անձինք, որոնցով իրեն շրջապատել է նոր վարչապետը:

 

«Եթե այսօր եղել եք վարչապետ, ձեր կողքը հավաքել եք, կոպիտ ասած, լակոտ-լուկուտի, որոնք չեն հասկանում գործից, դա կոռուպցիա չի: Հասկացող մարդիկ դրեք, որ հասկանան պոլիտիկայից: Այսօր դուք քաղաքապետ եք ուզում դնեք ո՞ւմ. դերասանի՞, բան չունեմ ասելու, լավ տղա է, բայց ո՞նց կարելի է նման մարդուն բերել քաղաքապետ. Քաղաքապետարանը շոու-բիզնես չէ»,-կոչ է անում վարչապետի դեմ դուրս եկած քաղաքացին:

 

Արդյո՞ք ինքը ևս աշխատանքի կամ պաշտոնի ակնկալիքներ ուներ Փաշինյանից, որոնք հօդս ցնդեցին, այդ պատճառով է, որ առանձնացել է իր մարտական ընկերներից ու դեմ դուրս եկել վարչապետին: Ասում է. «Ես ընդամենը խնդրել եմ, որ ուղարկի Ղարաբաղ ծառայության, անվճար ուրիշ ոչ մի բան, ու նամակ գրել, որ ոստիկանները պատասխանատվություն տան»:

 

Եթե այս չորսին չբռնեց փակեց, միլիարդները ետ չբերեց, բոլորը դեմ են դուրս գալու

 

Նա վստահ է, որ հասարակությունը ևս մեկ անգամ չի հանդուրժի նախկին իշխանությունների գործելաոճի վերադարձ, որոշ ժամանակ հետո կհասկանա իրողությունն ու քայլեր կձեռնարկի: Վստահ է ասում. «Եթե Նիկոլը նույն ձև շարունակի, իր դեմ հեղափոխություն է լինելու: Անձամբ մենք՝ ազատամարտիկներս, ոտքի ենք կանգնելու իր դեմ: Եթե այս չորսին չբռնեց փակեց, միլիարդները ետ չբերեց, բոլորը դեմ են դուրս գալու»: