Home / Canadahye  / Ավելի քան 1500 կանադահայ երիտասարդներ տարիներ շարունակ ոչ միայն այցելել են Հայաստան, այլև մասնակցել երկրի բարեկարգմանը. Տեր Վազգեն քահանա Բոյաջյան

Ավելի քան 1500 կանադահայ երիտասարդներ տարիներ շարունակ ոչ միայն այցելել են Հայաստան, այլև մասնակցել երկրի բարեկարգմանը. Տեր Վազգեն քահանա Բոյաջյան

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր) _ 1993թ-ից ի վեր Հայաստանում իրականացվում է ՍԻՄԱ (CYMA – Canadian Youth Mission to Armenia) ծրագիրը, որի նախաձեռնությունը պատկանում է Կանադահայոց թեմի նախկին առաջնորդ Հովնան Արք. Տերտերյանին: Առաքելությունն արդեն 25 տարի գործում է անխափան՝ կանադահայ երիտասարդներին ուղղորդելով Հայաստան, որտեղ մեկ ամսվա ընթացքում նրանք կատարում են տարաբնույթ աշխատանքներ՝ ոչ միայն ծանոթանալով Հայաստանին, այլև օգտակար դառնալով երկրին:

 

Առաքելությունն արդեն երկար տարիներ իրականացնում է Տեր Վազգեն քահանա Բոյաջյանը, ով ծառայել է Կանադայում՝ լինելով Լավալի Սուրբ խաչ հայաստանյայց առաքելական, այնուհետ Մոնրեալի Սբ. Գր Լուսավորիչ Առաջնորդանիստ եկեղեցիների, իսկ 2016-ից մինչև 2018թթ-ի օգոստոսի 1-ը՝ Սուրբ Մեսրոպ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվը: Վերջերս նա ծառայության է անցել Ամերիկայի թեմում, բայց մինչ այդ հասցրել է հունիս-հուլիս ամիսներին ՍԻՄԱ-ի առաքելությամբ ևս մեկ խումբ երիտասարդների ուղեկցել Հայաստան:

 

1500-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ

Հոգևորականը այս մասին պատմում է ամենայն սիրով՝ այն համարելով կանադահայ երիտասարդներին հայրենիքի հետ կապելու օգտակար ու կարևոր միջոց:

 

Շաղախված լինելով տեղվույն ընտանիքների հետ, շաղախված լինելով կենցաղին՝ խոր արմատներ հաստատել Հայաստանում

 

«Գալով Հայաստան՝ ուզում են մի բան անել, օգտակար լինել ժողովրդին, այնպես որ կարողացել է խանդավառել գրեթե 1500-ից ավելի երիտասարդնբերին, ու կարող եմ վստահաբար ասել, որ այս ճանապարհով կարողացել են Հայաստանը տեսնել ոչ միայն զբոսաշրջիկի աչքով, այլև շաղախված լինելով տեղվույն ընտանիքների հետ, շաղախված լինելով կենցաղին՝ խոր արմատներ հաստատել Հայաստանում»,-վստահեցնում է Տեր Վազգեն քահանան:

 

Յուրաքանչյուր տարի երիտասարդները աշատանքներ են կատարում մեկ-երկու համայնքներում՝ ներգրավվելով որևէ եկեղեցու, որևէ հաստատության վերանորոգման գործընթացում: Այդպիսիք եղել են Հառիճավանքում, Դիլիջանում, Ծաղկաձորում և այլուր, իսկ այս տարի միաժամանակ երկու ծրագիր է իրականացվել:

 

Կանադահայ երիտասարդները մասնակցեցին Վայոց ձորի Սիրանուշ ճամբարում կազմակերպված նորոգչական աշխատանքներին

 

«Նախ մասնակիցներինց ոմանք Ծաղկաձորում գումարված հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց համագումարի 4-օրյա համաժողովին մասնակցեցին, որը ղեկավարում է Հովնան արք. Տերտերյանը, ում շնորհիվ աշխարհի տարբեր երկրներից 400-500 երիտասարդներ էին ներկա, որից հետո կանադահայ երիտասարդները մասնակցեցին Վայոց ձորի Սիրանուշ ճամբարում կազմակերպված նորոգչական աշխատանքներին: Վերջին երկու տարիների CYMA-ի առաքելությունը կատարվում է նաև սահմանամերձ Վայոց Ձորում Կանադայի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբգար Եպիսկոպոս Հովակիմյանի և Վայոց Ձորի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի  համատեղ համաձայնությամբ։ Նպատակն է ուշադրություն դարձնել սահմանամերձ շրջաններին։ Սիրանուշ ճամբարում հանգստանում են նաև զոհված և ծառայության մեջ եղող զինվորների երեխաները: Այս այցի ընթացքում մասնակիցները բարեկարգեցին խաղահրապարակը, ինչպես նաև կանադահայ բարերարների նվիրատվության շնորհիվ կարելի եղավ իրականացնել շենքի վերնահարկի նոր  պատուհանների տեղադրումը»,-պատմում է նրանց այս ընթացքում ուղեկցած հոգևորականը:

 

ՄՈՒՏՔԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

Տարիների ընթացքում Տեր Վազգենը ականատես է եղել, թե ինչպես են երիտասարդները կապվում Հայաստանին, ընտանիքների հետ ջերմ հարաբերություններ ստեղծում, բայց իր համար ամենատպավորիչը եղել է երեխաների մուտքը Մայր տաճար:

 

Ասում են՝ սա այն եկեղեցին է, որի մասին սովորել ենք, չենք հավատում, դա իրենց համար ուղղակի երազային բան էր, որն իրականություն էր դարձել

 

«Ինձ ամենաշատը ոգևորում էր այն պահը, երբ երիտասարդները առաջին քայլը դնում են Մայր Աթոռ Սուրբ էջմիածին, անցնում են իրենց դպրոցական տարիներով: Շատերը գալիս են Մոնրեալից և Տորոնտոյից և այդ համայնքներից արդեն տեղվույն դպրոցների միջոցով պատկերացում կազմում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մասին, առաջինն այն է, որ ասում են՝ սա այն եկեղեցին է, որի մասին սովորել ենք, չենք հավատում, դա իրենց համար ուղղակի երազային բան էր, որն իրականություն էր դարձել»,-ասում է քահանան:

 

Տարիների ընթացքում ծրագիրը փոփոխություններ չի կրել, միայն փոխվել է երիտասարդների հետաքրքրությունը ՍԻՄԱ-ի հանդեպ: Նախկինում սա եզակի հնարավորություն էր հայրենիք այցելելու, հիմա նրանք այլընտրանք ունեն, հետևաբար մասնակիցների թիվը նվազել է, չի ժխտում Տեր Վազգեն քահանան՝ ասելով.

 

Շատերի համար նպատակ է դառնում արդեն 18 տարեկանը լրանալուց հետո Հայաստան այցելել ՍԻՄԱ-ի ճանապարհով

 

«Անկախության առաջին տարիներն էին, քանի որ ճանապարհներն ասյօրվա պես բաց չէին, ավելի կենտրոնացած էր եկեղեցու միջոցով այցելություններ կատարել Հայաստան, այդ շրջանը տևեց մոտ 10 տարի, որից հետո նվազեց առաքելության մասնակիցների թիվը: Սեփական նախասիրությունները գերակա եղան, և երիտասարդները նախընտրում էին իրենց նախաձեռնություններով այցելել Հայաստան, բայց ՍԻՄԱ-ի առաքելությունը միշտ էլ անխափան գործել է: Կանադայի մեջ հաստատված առաքելություն է, ու շատերի համար նպատակ է դառնում արդեն 18 տարեկանը լրանալուց հետո Հայաստան այցելել ՍԻՄԱ-ի ճանապարհով»:

 

Դժգոհ չէ այսօրվա մասնակիցների թվից էլ, ու կարծում է, որ ծրագիրը դեռ երկար կշարունակվի, քանի որ դրա կարիքը զգում են երկուստեք: Նշում է.

 

«Ծաղկաձորի Հայ եկեղեցու  համաշխարհային երիտասարդաց համագումարի ընթացքում որոշում կայացվեց, որ Հայաստանի և Սփյուռքի միջև ստեղծվեն քույր թևեր: Կանադայի թեմը քույր թեմ դարձավ Վայոց ձորի և Շվեյցարիայի թեմի հետ, պիտի համագործակցեն՝ օգնելով միմյանց»: