Home / Canadahye  / Ապագա ինժեներ-օդաչուն և նրա երազած էկոլոգիապես մաքուր աշխարհը. Կանադաբնակ Շուշի Բաքարյանը հայտնագործել է օդափոխիչ սարք ինքնաթիռի համար

Ապագա ինժեներ-օդաչուն և նրա երազած էկոլոգիապես մաքուր աշխարհը. Կանադաբնակ Շուշի Բաքարյանը հայտնագործել է օդափոխիչ սարք ինքնաթիռի համար

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ Շուշի Բաքարյանը Հալեպի Կարեն-Եփփե ազգային ճեմարանի ավարտական դասարանում էր սովորում, երբ պատերազմը խաթարեց ուսումնառության ընթացքը: Դասապրոցեսը տեղափոխվեց «Գյուլբենկյան» մանկապարտեզի շենք: Ջրի, էլեկտրականության ու այլ հարմարությունների բացակայությունը նրան չխանգարեց գտնել հոգեհարազատ ասպարեզը. անսպառ հետաքրքրություններ առաջացան ֆիզիկայի ու մաթեմատիկայի հանդեպ, «Ուժս հոն գտա»,-ասում է աղջիկը:

 

Այդ ուժերը նոր որակով փորձարկելու հնարավորություն Շուշին ստացավ շատ շուտով: 2016թ-ին ընտանիքը որոշեց տեղափոխվել Կանադա, ինքն ընդունվեց Կոնկորդիա համալսարան, որպես հետագա մասնագիտացման ճյուղ՝ ընտրեց ավիացիան, մի ոլորտ, որի հանդեպ ավելի մեծ է եղել տղաների հետաքրքրությունը, սակայն սա չի նշանակում, որ աղջկա համար այստեղ չկան այդպիսիք, իսկ Շուշիի համար դրանք միայն հետաքրքրություններ չեն, այլև կենսակերպ ու նպատակ:

 

Եթե մեկը ուզե ըլլա ինժեներ կամ օդաչու կամ որևէ մեկ բան, ուր վարժված ենք տեսնել էրիկմարդու, կկարծեմ, որ աղջիկն ալ կրնա ընել

 

«Եթե մեկը ուզե ըլլա ինժեներ կամ օդաչու կամ որևէ մեկ բան, ուր վարժված ենք տեսնել էրիկմարդու, կկարծեմ, որ աղջիկն ալ կրնա ընել: Հիմա 21-րդ դարն է, այո, աղջիկը կրնա քիչ մը ավելի դժվարություններ ունենա, բայց որևէ մեկ աղջիկ, որ կերազե ընել, կկարծեմ, որ այդ երազին կրնա հասնիլ իր կրեատիվ ըլլալով, իր ձգտող ըլլալով, ոչ թե որ պարզապես աղջիկ է, վախենա ու չհասնի»,-Noranor.ca-ի հետ զրույցում պատմում է Շուշին:

 

ԱՌԱՋԻՆ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Որևէ խոչընդոտ չխանգարեց նրան, իսկ ինքը ոչ միայն ընդունվեց ու նախապատրաստական կուրսն անցավ, այլև կարճ ժամանակում հասցրեց հայտնագործություն անել: Շուշի Բաքարյանը ստեղծել է մաքուր ուժանյութով աշխատող Ventus կոչվող սարքը, որի միջոցով հնարավոր է ապահովել փոքր օդանավերի օդափոխությունը:

 

Երբ որ իմ գործատեղս մտահոգություն կար, թե ինչպես կրնանք փոքրիկ օդանավերու մեջի օդն ավելի արագ փոխել և ավելի շուտ զովացնել, որովհետև փոքր օդանավերը չունին այսպիսի միջոց, հետաքրքրվեցա

 

«Երբ որ իմ գործատեղս մտահոգություն կար, թե ինչպես կրնանք փոքրիկ օդանավերու մեջի օդն ավելի արագ փոխել և ավելի շուտ զովացնել, որովհետև փոքր օդանավերը չունին այսպիսի միջոց, հետաքրքրվեցա, սկսա դիզայն ընել, որ ներսի օդը ավելի շուտ կփոխե: Հիմա  օդաչուները կգործածեն JPS-ներ և այլ միջոցներ: Իրենց համար է, որ այս մաքուր ուժանյութ գործածող գործիք եղավ, որ կրնա ներսի օդը ավելի արագ փոխել»,-ներկայացնում է Կոնկորդիա համալսարանի ուսանողուհին:

 

Փոքրիկ սարքն ունի մեծ հնարավորություններ, որ թույլ է տալիս օդափոխություն կատարել՝ չաղտոտելով միջավայրը, սա ամենակարևոր տարրն է, որն արդեն ուշադրության է արժանացել գործող օդաչուների կողմից: Այս հարցում աղջկան օգնել է իր ղեկավարը:

 

Հիմա արդեն փորձառություն եղած է, կաշխատի, մոտ երկու ամսից վաճառքի կհանենք

 

«Ղեկավարս օդաչու է, և իր օդաչու ընկերներու միջոցով իմացավ՝ ներկայացրեց, հարցուց, թե արդյոք ձեզի համար օգտակար է այսպիսի սարքը, բոլորը իրենց հետաքրքրությունը ցույց տվին և ուզեցին: Հիմա արդեն փորձառություն եղած է, կաշխատի, մոտ երկու ամսից վաճառքի կհանենք: Օդաչուները շատ սիրեցին միտքը, որովհետև մաքուր ուժանյութ է, պարզապես հովն է, որ օդանավին վրա կու գա, և օդը գործածելով է, որ էլեկտրականություն կստեղծե»,-ներկայացնում է ապագա ինժեներ-օդաչուն:

 

ԱՊԱԳԱ ԻՆԺԵՆԵՐ-ՕԴԱՉՈՒՆ ԵՎ ՆՐԱ ԵՐԱԶԱԾ ՄԱՔՈՒՐ ԱՇԽԱՐՀԸ

Այո, օդաչու լինելը ևս Շուշիի երազանքների մաս է կազմում, այսպիսով կկարողանա ավելի լավ հասկանալ նրանց կարիքները, տեսնել, թե ինչի անհրաժշետություն ունեն նրանք երկնքում թռչելիս, իսկ հետագայում կկարողանա արդեն դրանց ինժեներական լուծումներ տալ: Ասում է.

 

Միայն կուզեմ, որ մեր աշխարհը մաքուր պահենք, կլսեմ ինչպես ամենուր աղտոտվում է, կլիմայակայն փոփոխություններ կըլլան, ավելի մաքուր ուժանյութ գործածենք

 

«Ամենամեծ երազս է, որ մաքուր ուժանյութ գործածող ինժեներական սարք մը ստեղծեմ, որ  թե՛ օդանավին մեջ, թե՛ գետնին վրա գործածել կարողանանք: Ոչ մեկ բան դյուրին է, ժամանակ կուզե և լավ ուսանիլ կուզե: Միայն կուզեմ, որ մեր աշխարհը մաքուր պահենք, կլսեմ ինչպես ամենուր աղտոտվում է, կլիմայակայն փոփոխություններ կըլլան, ավելի մաքուր ուժանյութ գործածենք, որ ավելի մաքուր պահենք աշխարհը»:

 

Ասոնք կապրինք մենք, ներկա ենք, ու շատ հիվանդություններ կան, որովհետև աշխարհը մաքուր չէ

 

Ինժեներական լուծումներ բնապահպանական խնդիրներին, սա այն ճանապարհն է, որ տեսնում է երիտասարդ ինժեները ներկայիս կլիմայական փոփոխությունների ստեղծած վտանգներն ու աղետները կանխելու համար, սա ինքնին կարող է լուծել առողջապահական խնդիրներ ևս, վստահ է Շուշին: Ասում է. «Կտեսնինք՝ ինչպես օդը կեղտոտվել է, կլիմայական փոփոխությունների հետևանքով անոմալիաներ կըլլան, ասոնք կապրինք մենք, ներկա ենք, ու շատ հիվանդություններ կան, որովհետև աշխարհը մաքուր չէ»:

 

Կուզեմ շատ ավելի առաջանալ, օրինակ ինչպես օդանավ շինել, կփափագիմ ավելի լավ սորվիլ

 

Չի կարծում, որ դյուրին է այդ ամենին հասնելը, սակայն եթե կա նպատակ, կարող է հաղթահարել բոլոր դժվարությունները: «Պետք է սորվինք՝ ինչպես ադ դժվարությունները հաղթահարել և մեկ քայլ առջև առնել: Կուզեմ շատ ավելի առաջանալ, օրինակ ինչպես օդանավ շինել, կփափագիմ ավելի լավ սորվիլ, օդաչու ըլլալ հետագային, որպեսզի գիտնամ՝ օդաչուն ինչպես կմոտենա կամ ինչպես կրնա օդաչուի համար ավելի դյուրին ընել»,-ասում է ապագա օդաչուն:

 

Այս ամենն իրականացնելու համար Շուշին կմնա Կանադայում, մի երկիր, որն իրեն հնարավորություն տվեց ինքնադրսևորվելու, շնորհիվ իր ձգտումների, տաղանդի, ճիշտ ընտրության և նպաստող միջավայրի: Վստահեցնում է. «Բոլորը կրնան հասնիլ հաջողության, միայն միտքն ու ճիշտ անձին ունենալն է, պաշտպանությունը ունենալն է: Ես ինծի շատ հոգ տանող ծնողք, քույր ունիմ, օրիորդներ ունիմ, ղեկավար ունիմ, իրենք վստահեցան ինձ, ուժը տվին, և ես հոստեղը հասա»: