Home / Armenia  / 29 տարի Հայաստանում՝ առանց քաղաքացիության. ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկ, լիբանանահայ Վազգեն Սիսլյանը, ով հավատում է, որ առաջիկայում կստանա քաղաքացիություն

29 տարի Հայաստանում՝ առանց քաղաքացիության. ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկ, լիբանանահայ Վազգեն Սիսլյանը, ով հավատում է, որ առաջիկայում կստանա քաղաքացիություն

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Հայաստանի ազատագրական հայ գաղտնի բանակն (ԱՍԱԼԱ) իր անելիքն ավարտված համարեց այն բանից հետո, երբ Հայաստանն անկախացավ: Կազմակերպությունը, որի նպատակն էր զինյալ գործողությունների միջոցով Հայկական հարցը միջազգային քաղաքական, իրավական հարթություն մտցնել և Արևմտյան Հայաստանի ազատագրման նախադրյալներ ստեղծել, այլևս իր անելիքն ավարտված համարեց՝ եզրակացնելով, որ անկախ երկիրը կարող է իր շահերն ազատորեն ներկայացնել միջազգային ատյաններում:

 

29 ՏԱՐԻ՝ 15 ՕՐՎԱ ՓՈԽԱՐԵՆ

Խմբավորման անդամ լիբանանահայ Վազգեն Սիսլյանը 1989թ-ն էր, որ որոշեց 15 օրով այցելել Հայաստան: «29 տարի առաջ եկա Հայաստան 15 օրով ու մնացի արդեն 29 տարի, սիրահարվեցա երկրիս, իսկ հետո էլ որոշեցի իմ լուման ներդնել, պայքարել բարեկեցության համար»,-Noranor.ca-ի հետ զրույցում ասում է Սիսլյանը:

 

Լիբանանահայ գործիչը չկարողացավ այլևս ոտքը դուրս դնել հայրենիքից, մնաց, դարձավ հանուն արդարության ու ապօրինությունների դեմ պայքարի առաջամարտիկներից:

 

ՉՈՒՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ

Նա, որ ողջ կյանքի ընթացքում՝ թե Հայաստանից դուրս, թե՛ հայրենիքում գտնված 3 տասնամյակների ընթացքում չի փնտրել ապահովություն, այլ ընտրել է պայքարի ուղին, մինչ օրս չունի ՀՀ քաղաքացիություն: Թե ինչն է պատճառը, Սիսլյանը չի ցանկանում բացել փակագծերը: Միայն ասում է.

 

Ես  չեմ էլ դիմած ՀՀ քաղաքացիության համար

 

«Ես  չեմ էլ դիմած ՀՀ քաղաքացիության համար, կինս ՀՀ քաղաքացի է, ժամանակ առ ժամանակ թարմացրած եմ կացությունս, ու այդքանը բավարար եղած է»:

 

Հետաքրքիրն այն է, որ այսօր արդեն Վազգեն Սիսլյանը դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն հարազատ երկրում արդեն որպես քաղաքացի ապրելու համար, այլևս անիմաստ է համարում քննարկել պատճառները, միայն վստահեցնում է, որ մի քանի օրվա ընթացքում այս հարցը լուծված կլինի: Մինչ այս նա միայն Լիբանանի քաղաքացիություն ուներ:

 

Եղած են որոշ պաշտոնյաների հետ խնդիրներ, սակայն ադոնք առիթ չեն տված մտածելու վերադառնալու մասին

 

Այն տարիներին դժվար էր Հայաստանում ապրելը, թեև ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկը արտասահմանում էլ չուներ ապահովություն: Երկրում տեղի ունեցող զարգացումներն իր համար ոչ միշտ էին ընդունելի, «Իմ հայրենիքս էր, եղած են դժվարություններ, եղած են որոշ պաշտոնյաների հետ խնդիրներ, սակայն ադոնք առիթ չեն տված մտածելու վերադառնալու մասին»,-ասում է ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԺԱՄԱԴՐԱՎԱՅՐ

90-ականներին սկսված արտագաղթն իր հետ տարավ նաև Սիսլյանի ընկերներին, ովքեր եկել էին Հայաստանում ապրելու:

 

«Անշուշտ, շատ կային ինծի հետ ընկերներ, ովքեր չկարողացան մնալ, վերադարձան: Սովետական կարգերից նոր էր դուրս եկած երկիրը, այն հետաքրքրությունները, այն ազատությունը չուներ, ինչ այսօր: Մարդիկ ուրիշ ապրելակերպ էին փնտրում, ու ասոնք պատճառ եղան, որ վերադառնան»,-ներկայացնում է ազատամարտիկը:

 

Մարդիկ, ովքեր հեռանում էին այն տարիներին, այսօր վերադառնում են, դեռ չեն որոշել ապրել Հայաստանում, դեռ գնահատում են նոր իրավիճակը: Վազգեն Սիսլյանն էլ ասում է, որ միանգամից որոշում կայացնել չեն կարող, բայց հայրենիքը այն վայրն է, որի շուրջ պտտվում են սփյուռքում ապրող բոլոր հայերի մտասևեռումները, հետևաբար նոր իրողությունը չէր կարող չստիպել գոնե մեկ անգամ այցելել Հայաստան:

 

Ու մարդիկ, որոնց հետ ավելի քան 29 տարի չէր հանդիպել ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկը, այսօր այցելում են Հայաստան: Նրանք Սիսլյանի ընկերներն են, հարազատները Լիբանանից, Երեք տասնամյակ անց հանդիպման զգացողությունները բուռն են, նոր հայրենիքի մասին պատկերացումները՝ ոգևորող, ասում է Սիսլյանը:

 

Հայաստանը կարծես եղած է ժամադրավայր բոլորիս համար, եղած է խաչմերուկ, որտեղ պետք է խաչվեն բոլոր հայերի ճանապարհները

 

«Այսօր, անշուշտ, ունեմ ընկերներ, որոնք 10-15 օրով գալիս են Հայաստան, իրենց հետ 30 տարվա մեջ առաջին անգամ եմ հանդիպում, ու Հայաստանը կարծես եղած է ժամադրավայր բոլորիս համար, եղած է խաչմերուկ, որտեղ պետք է խաչվեն բոլոր հայերի ճանապարհները: Եթե Լիբանան ըլլայի, չպետքէ հանդիպեի, բայց հոստեղ գալիս են, հավաքվում, տեսնում»,-ասում է հայաստանաբնակ լիբանանահայը:

 

Բայց նրանք չեն գալիս ապրելու Հայաստանում, գալիս են որպես տուրիստներ՝ տեսնելու երկիրը: Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը ներգաղթ կազմակերպելու, հայրենադարձությունը խրախուսելու համար: Սիսլյանը կարծում է, որ դրա կարիքը չկա:

 

«Այնպիսի պայմաններ չկան, որ Հայաստանը ներգաղթ կազմակերպի: Եթե պատերազմական իրավիճակում գտնվող երկրներից քաղաքացիների ներգաղթի հարց լիներ, կաներ»,-կարծում է նա:

 

Անկախ նման մոտեցումից, նա հայաշատ Հայաստանի մասին է երազում՝ ասելով. «Իմ երազանքս է հայրենիքի մեջ տեսնել 4 -4,5 մլն-ոց ժողովուրդ»: