Home / Armenia  / Տարիքային խտրականությո՞ւն, թե՞ նոր խմբի հետ աշխատելու ձգտում. Սփյուռքի նախարարության «Ներուժ» ծրագրից օգտվելու հնարավորություն ունեն մինչև 35 տարեկան երիտասարդները

Տարիքային խտրականությո՞ւն, թե՞ նոր խմբի հետ աշխատելու ձգտում. Սփյուռքի նախարարության «Ներուժ» ծրագրից օգտվելու հնարավորություն ունեն մինչև 35 տարեկան երիտասարդները

 

Երևան (Նորանոր) _ Սփյուռքում բնակվող 18-35 տարեկան երիտասարդներին հնարավորություն է ընձեռվել մասնակցել ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից նախաձեռնված «Ներուժ» ծրագրին: Այն իրականացվում է FAST և IDEA հիմնադրամների, Դիլիջանի միջազգային դպրոցի և Impact Hub Yerevan-ի հետ համատեղ: Հայաստանի վերաբերյալ  ցանկացած բիզնես-գաղափար, որն ուժեղ է ու իրատեսական, կարող է կյանքի կոչվել:

 

ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները՝ անդրադառնալով ոչ միայն ծրագրի մանրամասներին, այլև հարցին, թե ինչու է նման հնարավորություն տրվում մինչև 35 տարեկան անձանց: Այս առիթով նախարարի արած հայտարարությունից հետո բազմաթիվ դժգոհություններ էին հնչել:

 

15 ՄԼՆ ԴՐԱՄ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Մինչև սեպտեմբերի 13-ը սփյուռքահայ գործարարները կարող են դիմել ծրագրին, հաղթողները, որոնց թիվը կարող է հասնել 100-ի, կստանան մինչև 15 մլն դրամ աջակցություն, մասնագիտական խորհրդատվություն, աշխատելու համար նախատեսված տարածք, մեկ տարի ազատված կլինեն Հայաստանում կացության վճարից:

 

«Այս ամենը կֆինանսավորվի հատուկ դրամաշնորհային բյուջեից, որը կձևավորվի նախարարության ֆինանսական միջոցների , ինչպես նաև տարբեր կառույցների, կազմակերպությունների, անհատների հետ համագործակցության արդյունքում: Ուրախ եմ տեղեկացնել, որ մեր գործընկերների շարքը համալրեց Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը, որի հետ նախարարությունը համագործակցության հուշագիր ստորագրեց»,-նշում է նախարարը:

 

Ծրագիրը հնարավորություն է հայազգի ձեռներեցների համար սթարթափերը բերել Հայաստան, բարելավել համակարգը: Գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և նորարար տեխնոլոգիաները այն թիրախային ոլորտներն են, որոնք առավել նախընտրելի են:

 

ՄԻՆՉԵՎ 35 ՏԱՐԵԿԱՆ

Սակայն ոչ բոլոր սփյուռքահայ ձեռներեցներն են, որ օգտվելու հնարավորություն ունեն, այնինչ շատ են 35 տարեկանից բարձր անձինք, ովքեր ցանկություն ունեն օգտվել «Ներուժ»-ից: Նախարարն ասում է.

 

Մենք խտրականություն չենք դնում, հակառակը, ցանկանում ենք նպաստել նաև մինչ օրս նախարարության հետ ավելի քիչ կապ ունեցող մասի ակտիվացմանը

 

«Մենք ևս բազում դժգոհություններ ստացանք: Ընտրված տարիքային խմբի հետ մինչ այս սփյուռքի նախարարությունը չի աշխատել կամ պասիվ է աշխատել: Տարիքային շեմի ընտրությունը պայմանավորված էր դրանով: Մենք խտրականություն չենք դնում, հակառակը, ցանկանում ենք նպաստել նաև մինչ օրս նախարարության հետ ավելի քիչ կապ ունեցող մասի ակտիվացմանը: Միևնույն ժամանակ, ուզում եմ ընդգծել, որ սա պիլոտային ծրագիր է, ու ելնելով թե՛ բյուջեի սղությունից, թե՛ սեղմ ժամկետներից` մենք պետք է սահմանեինք որոշակի չափորոշիչներ՝ կապված նաև դիմորդների քանակի հետ: Իհարկե, կախված այս տարվա արդյունքերից՝ եկող տարի չի բացառվում, որ կվերանայվի թե՛ տարիքային շեմը, թե՛ դիմորդների քանակը»:

 

ՆԵՐԴՐՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում այսօր ներդրում կատարել ցանկացող սփյուռքահայերի թիվն ավելացել է, թեև ոմանց դեպքում դա ցանկությունից այն կողմ չի անցնում, գործնական քայլեր կատարողները, Հայաստանում պայմանագրեր կնքողներն ու ծրագրեր իրականացնողները անհամեմատ քիչ են:

 

Ամեն դեպքում, ի՞նչ հնարավորություններ է տալիս նրանց Սփյուռքի նախարարությունը: Նորանշանակ ամենաերիտասարդ նախարարը հանդիպումներ ունեցել է տարբեր գործարարների հետ թե Հայաստանում, թե՛ արտերկիր պաշտոնական այցելությունների ընթացքում, ծանոթացել է Հայաստանում գործարարությամբ զբաղվելու դժվարություններին ու խնդիրներին, որոնք բարձրացրել են գործարարները:

 

Բոլոր ներդրողները պետք է վստահ լինեն, որ իրենք ներդրում են անում օրինապահ, արդարադատությունը բարձրագույն արժեք հռչակած երկրում

 

«Ես շաբաթական մի քանի հանդիպում եմ ունենում սփյուռքահայ գործարարների հետ: Նրանց ոգևորված են, ունեն նոր ու հավակնոտ ծրագրեր: Մենք փորձում ենք նրանց ճիշտ ուղղորդել, օգնել կողմնորոշվել այս կամ այն գերատեսչությանը, կառույցին դիմելիս, երբեմն նաև իրավական դրույթներին ծանոթանալիս: Անվստահության մթնոլորտը միանգամայն կոտրվել է, օրենքը գործում է, և բոլոր ներդրողները պետք է վստահ լինեն, որ իրենք ներդրում են անում օրինապահ, արդարադատությունը բարձրագույն արժեք հռչակած երկրում»,-հայտարարում է Մխիթար Հայրապետյանը:

 

Իսկ նախարարությունը նպատակադրվել է ներդրումներն ուղղորդել դեպի մարզեր, վստահեցնում է, որ աշխատում են այս ուղղությամբ, իսկ դրանց հոսքի աճի խնդիրը, հավատում է, որ կլուծվի: