Home / Armenia  / Դուբայից 7 տարի առաջ Հայաստան տեղափոխված Ջորջ Տաբակյանը, ով պատրաստ է լինել Հայաստանի զինվորն ու հետագայում էլ իր որդուն ուղարկել ծառայության

Դուբայից 7 տարի առաջ Հայաստան տեղափոխված Ջորջ Տաբակյանը, ով պատրաստ է լինել Հայաստանի զինվորն ու հետագայում էլ իր որդուն ուղարկել ծառայության

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Ջորջ Տաբակյանը տարօրինակ ոչինչ չի տեսնում նրանում, որ 7 տարի առաջ Դուբայից տեղափոխվել ու ապրում է Հայաստանում. Սա իր հայրենիքն է, այլ կերպ չէր կարող լինել: Միացյալ Արաբական Էմիրություններում գործարարությամբ էր զբաղվում: Մտածում էր՝ ինչո՞ւ չվերադառնալ, եթե նույնը կարելի էր հայրենիքում անել: Վստահ էր, որ հաջողություն կունենա: Չսխալվեց:

 

Այսօր Հայաստանում Ջորջ Տաբակյանը մի քանի ոլորտներում է հաջողությամբ կարողանում աշխատել: Նա ՀՀ ՊՆ հետ համագործակցող «Արար» հիմնադրամի գործադիր տնօրենն է, միաժամանակ սեփական բիզնեսն է հիմնել, որի նպատակը ոչ միայն եկամուտ ապահովելն է, այլև սահմանամերձ գյուղերի զարգացմանը նպաստելը. 2013թ-ից զբաղվում է մեղվաբուծությամբ:

 

Սկսած Շիրակի մարզից մինչև Տավուշի մարզ ու ազատագրված տարածքներ՝ Քարվաճառ

 

«Ամբողջ Հայաստանով է մեր գործը, տարբեր տեղեր փեթակներ ունենք, սահմանամերձը գյուղերում ավելի լայն է գործունեությունը: Ուղղակի պետք է որոշել՝ ուր ես դնում գործունեությունը: Սկսած Շիրակի մարզից մինչև Տավուշի մարզ ու ազատագրված տարածքներ՝ Քարվաճառ»,-ներկայացնում է Ջորջ Տաբակյանը:

 

ԾԱՂԿՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

Ամբողջ Հայաստանն է ընկերության գործունեության միջավայրը, հետևաբար գրեթե բոլոր բնակավայրերի մասին ճշգրիտ տեղեկություններ ունի: Ականատես է եղել, թե ինչպես են որոշ գյուղեր դատարկվում, տեսել է նաև մյուսների զարգացումը: Որքան էլ տարօրինակ հնչի, համընդհանուր արտագաղթի պայմաններում եղել են ծաղկող համայնքներ: Դրանցից մեկն էլ սահմանամերձ Բերքաբերն է, որը, թվում էր, թե պետք է առաջիններից մեկը դատարկվի, սակայն եղավ ճիշտ հակառակը:

 

Կան լիքը ջահելներ, որ որոշեցին մնալ գյուղում և ստեղծել փոքր բիզնեսներ

 

«Լիքը մարդ վերադառնում է, դպրոցում ունեցել ենք 20 տոկոս երեխաների թվի աճ,  գյուղը գնում է դեպի զարգացում: Համայնքը հնարավորություններ չունի, շատ մոտիկ է դիրքերին, բայց կա աշխատող մասսա, կան լիքը ջահելներ, որ որոշեցին մնալ գյուղում և ստեղծել փոքր բիզնեսներ, իրենց եկամուտն ունենալ, մեկը մյուսին նայելով նույն ճանապարհով են գնում,  գյուղում կա մոտ 10 ջահել տղա, որ այգիներ են դրել, իսկ այգի դնողը չի հեռանա»,-վստահ է հայ գործարարը:

 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ

Սա օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է դեմ գնալ սուղ հնարավորություններին ու շենացնել համայնքը, սակայն Տաբակյանը կարծում է, որ պետությունն էլ անելիք ունի, այնպես չէ, որ միայն գյուղացին է անգործ նստում. Համայնքների անհամաչափ զարգացումը հետևանք է նաև ոչ ճիշտ քաղաքականության:

 

Հիմա հուսով եմ, որ համայնքներին ուշադրություն կդարձվի

 

«Իշխանությունը պետք է շատ շուտ անցնի Երևանից դուրս համայնքներին, չեմ ասում միայն սահմանամերձ, միաժամանակ գյուղացին պետք է աշխատի, համայնքը: Երկուստեք է խնդիրը, մարդիկ սպասում են, որ օգնի ինչ-որ մեկը, մյուս կողմից պետությունը բյուջե չունի, չի հատկացնում: Հիմա հուսով եմ, որ համայնքներին ուշադրություն կդարձվի, մարդիկ իրենց վրա կվերցնեն տարբեր գործեր»,-ասում է Բերքաբերի առաջընթացով հպարտացող քաղաքացին:

 

ՎԵՐԱԴԱՐՁՈՂԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ

Իսկ արտագաղթը նկատելի է, սակայն սա չի ազդել իր բիզնեսի իրացման ծավալների վրա, զարգացումը կախված է ճիշտ աշխատաոճից, կարծում է նա: Ճիշտ նույն կերպ Հայաստանում ստեղծված նոր իրավիճակը չի անդրադարձել սփյուռքահայերի որոշումների վրա: Այնպես որ կարևոր չէ, թե ով է իշխանության ղեկին, եթե մարդ ցանկություն ունենա, անպայման քայլեր կձեռնարկի վերադառնալ հայրենիք:

 

Ես որ եկել եմ, ինձ չի հետաքրքրել, թե Քոչարյա՞նն է, Սարգսյա՞նն է,  թե՞ Նիկոլն է ղեկավար, ես եկել եմ, որովհետև սա իմ երկիրն է

 

«Մի քիչ արդար չի լինի երեք ամսում մարդիկ միանգամից որոշեն վերադառնալ, չեմ կարծում իշխանությունն էլ ակնկալում է, որ պետք է գոնե մեկ տարի անցնի, որ հասկանանք՝ ինչ է, բայց իմ կարծիքով վերադարձողը կվերադառնա, անկախ նրանից՝ ով է իշխանությունը: Ես որ եկել եմ, ինձ չի հետաքրքրել, թե Քոչարյա՞նն է, Սարգսյա՞նն է,  թե՞ Նիկոլն է ղեկավար, ես եկել եմ, որովհետև սա իմ երկիրն է, վերադարձողը պետք է այդ մտադրությամբ վերադառնա, ոչ թե կապի իշխանության հետ»,-նշում է հայրենադարձը:

 

Նրանք, ովքեր երկրի անարդարություններով են պայմանավորում իրենց չվերադառնալը, իրենց համար արդարանալու միջոց են փնտրում, կարծում է Տաբակյանը: Իր դեպքում, օրինակ, վստահեցնում է, որ որևէ խնդիր չի առաջացել ներդրում կատարելիս: Ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում:

 

«Մարդիկ, որ անարդարությունից են խոսում, ուրեմն Հայաստանը չգիտեն, կարող է Հայաստանում  էլ չեն եղել: Լիքը հայեր ունինք դուրսը, որոնց պետք է պատճառ, որ չվերադառնան, որովհետև այնտեղ կայացած են, տուն-տեղ կա, բիզնես կա, մարդը չի ուզում պոկվի, գա այստեղ զրոյից սկսի, այսինքն՝ պետք է պատճառ, որ ասի՝ սա կա, անապահով եմ և այլն, մանավանդ այս փոփոխություններից հետո արդեն ավելի հանգիստ է երկիրը, կարելի է գալ, բիզնես դնել»,-կարծում է «Արար» հիմնադրամի գործադիր տնօրենը:

 

ԶԻՆՎՈՐ Է ՀԱՐԿԱՎՈՐ

Ոչ միայն ներգաղթի բացակայությունը, այլև արտագաղթի նման տեմպերը նրա համար մտահոգիչ են, առաջին հերթին այն պատճառով, որ պատերազմական երկրին զինվոր է հարկավոր, ինքը պատրաստ է լինել այդ զինվորն ու հետագայում նաև որդուն ուղարկել ծառայության: Անձամբ հաշվառված է ՀՀ ԶՈՒ-ում՝ որպես պահեստազորի լեյտենանտ: Ասում է.

 

Անվտանգությունն անվճար չի, բեռ է բոլորիս համար

 

«Ցանկացած պատերազմի ժամանակ կկանչեն, իմ տղան 11 տարի հետո է ծառայելու, բայց այսօրվանից պատրաստում եմ: Մարդու դաստիարակության հետ է կապված, գիտակցության, որ այս ամենը, որ ունենք Հայաստանում, պատճառը անվտանգությունն է, անվճար չի, մեծ բեռ է բոլորիս վրա: Կան մարդիկ, որ փորձում են խուսափել, ինչպես բարձր պաշտոնյաները»:

 

Եթե մենք այստեղ ապրում ենք, օգտվում ենք անվտանգ պայմաններից, պետք է նաև մեր ներդրումն ունենանք անվտանգության ապահովման մեջ

 

Իր համար անհասկանալի է նաև այն հայրենադարձների պահվածքը, ովքեր տարիներ շարունակ ապրում են Հայաստանում, սակայն իրենց զավակներին չեն գրանցում, իսկ այդպիսիք քիչ չեն: Նշում է. «Շատ մարդիկ գիտեմ, չեն գրանցել երեխաներին, որ ծառայության չգնան: Իմ կարծիքով սխալ է, որովհետև եթե մենք այստեղ ապրում ենք, օգտվում ենք անվտանգ պայմաններից, պետք է նաև մեր ներդրումն ունենանք անվտանգության ապահովման մեջ»: