Home / Canadahye  / Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Կանադայի վարչապետի անձնական ներկայացուցչին

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Կանադայի վարչապետի անձնական ներկայացուցչին

 

 

Երևան (Նորանոր) _ Օգոստոսի 31-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Կանադայի վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Լիզ Ֆիլիատղոյին և Հայաստանում Կանադայի գործերի ժամանակավոր հավատարմատար Աննիկ Գուլեին,-տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը:

 

Ողջունելով հյուրերին` նախարար Մնացականյանը բարձր է գնահատել Հայաստանի և Կանադայի միջև հաստատված գործընկերային հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում` որպես համագործակցության արժեքավոր հարթակ կարևորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ձևաչափը։

 

Հայաստանի արտգործնախարարն ու Կանադայի վարչապետի անձնական ներկայացուցիչը քննարկել են առևտրատնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Բարձր գնահատելով նորարարության և թվային տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության զարգացման ուղղությամբ Հայաստանի արձանագրած ձեռքբերումները՝ կանադացի դիվանագետները կարևորել են տվյալ ոլորտում համագործակցության խորացումը։

 

Անդրադարձ է արվել Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի և հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքին։