Home / Canadahye  / Կանադայում գործող միակ երաժշտական քառյակի՝ «Հայք» վոկալ կվարտետի հաջողությունները կարճ ժամանակում

Կանադայում գործող միակ երաժշտական քառյակի՝ «Հայք» վոկալ կվարտետի հաջողությունները կարճ ժամանակում

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ 12 տարի առաջ Հայաստանից Կանադա տեղափոխված երգչուհի Հասմիկ Գասպարյանը 2015թ-ին հիմնեց «Հայք» վոկալ քառյակը իր անձնական նախաձեռնությամբ

 

Կանադայում նման ֆորմատով՝ քառյակով խումբ գոյություն չունի, ընդունված չէ, սա ավելի եւրոպական մոտեցում է

 

«Կանադայում նման ֆորմատով՝ քառյակով խումբ գոյություն չունի, ընդունված չէ, սա ավելի եւրոպական մոտեցում է»,-ասում է խմբի հիմնադիրը: «Հայք» երաժշտական քառյակն արդեն հայտնի է շատերին, հայ անդամներից բաղկացած խմբի երգացանկը հարուստ է՝ հագեցած նաև հայ հեղինակների ստեղծագործություններով: Տարեկան 2-3  անգամ համերգներ են կազմակերպում, արդեն հասցրել են բարեգործություններ անել: Հիմնադիրը երազում է նաև Կանադայից դուրս՝ Եւրոպական երկրներում ճանաչելի դարձնել «Հայք»-ը:

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻՆ

«Հայք»-ը գործունեության կարճ ճանապարհին արդեն հասցրել է օժանդակել Հայաստանում իրականացվող որոշ ծրագրերի: «Անցյալ տարի ծննդյան համերգ կազմակերպեցինք ու ձեռնարկի ամբողջ հասույթն ուղարկեցինք Տավուշի շրջան, այնտեղ թաքստոցներն են կառուցվում, և բավական հաջող ստացվեց, հիմա կարող ենք երկու մանկապարտեզ նորոգել մեր հավաքած գումարով, դա շատ ուրախալի է»,-ներկայացնում է կանադաբնակ հայը:

 

Հիմնեցի «Փոքր Հայք» մանկապատանեկան խմբակը՝ 8-9 հոգի, իրենք էլ մասնակցեցին, բավական գեղեցիկ մասնակցություն ունեցան

 

Այս համերգի առթիվ  Հասմիկ Գասպարյանը որոշեց ու իրագործեց նաև փոքրիկ երգչախմբի ստեղծումը: Պատմում է. «Անցյալ տարի ծննդյան համերգի առիթով հիմնեցի «Փոքր Հայք» մանկապատանեկան խմբակը՝ 8-9 հոգի, իրենք էլ մասնակցեցին, բավական գեղեցիկ մասնակցություն ունեցան, կարծես համեմեցին համերգը»:

 

ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ  ՀԱՅԿԱԿԱՆԸ

Կանադաբնակ երգչուհու նպատակը, սակայն, բարեգործություն իրականացնելը չէ միայն, այլ գլխավորապես հայ երաժշտությունը աշխարհում ճանաչելի դարձնելը: Երբ հայաստանում էր, չէր մտածում հայկականը տարածելու մասին, ասում է. «Այստեղ հակառակն է, ձգտում ես հնարավորինս պահել հայկականը, ցույց տալ, տարածել և ճանաչելի դարձնել»:

 

Այս պատճառով է, որ նրանց երգացանկի մի բաժինը պարտադիր հատկացվում է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին: Մի օրինակ է բերում.

 

Ամբողջ ծրագիրը հիմնված էր հայ խմբերգային երաժշտության վրա, ու շատ մեծ տպավորություն գործեց հանդիսատեսի վրա

 

«Անցեալ տարի հունիսի 3-ին համերգ տվեցինք քառյակով. ծրագիրն ինչպիսին էր. Առաջին բաժինը մեներգեր եւ զուգերգեր ընդգրկեցի՝ օպերային արիաներ Չուխաճյանի, Տիգրանյանի և Վերդիի օպերաներից, իսկ երկրորդ մասն ամբողջը
հայկական խմբերգային երաժշտություն է, որն ընդգրկում էր Կոմիտասի և Կանաչյանի խմբերգերը: Ամբողջ ծրագիրը հիմնված էր հայ խմբերգային երաժշտության վրա, ու շատ մեծ տպավորություն գործեց հանդիսատեսի վրա»:

 

Ճանաչելի դարձնելու առաջին քայլը սա է, թեև շատ ավելի կարևոր է օտարազգի հանդիսատեսին ընդգրկել, դեռ մեծ թվով այլազգիներ չեն ներկայանում, իսկ ովքեր գալիս են, տպավորված են հեռանում, վստահեցնում է երգչուհին: Նա համոզված է, որ ժամանակի ընթացքում անպայման հանդիսատեսի թիվը կավելանա, իսկ իր ծրագրերը շատը ավելին են, վստահ է, որ քառյակն ապագա ունի: «Ինչ-որ ես եմ աննում իմ քառյակով, նորություն է: Գոյություն չունի այսպիսի խումբ»,-հպարտությամբ ներկայացնում է խմբի բացառիկությունը:

 

Սեպտեմբեր 2-ին Մոնրեալի Մեզոն Սինֆոնիկ համերգասրահում կայացել է Մոնրեալի Սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Քենթ Նագանոյի նախաձեռնած ձայնային Acapella համույթների համերգը, որի ընթացքում ելույթ է ունեցել «Հայք» քառյակը՝ Հասմիկ Գասպարյանի ղեկավարությամբ եւ դաշնամուրի ընկերակցությամբ՝ Արթուր Մարկոսյանի։ Համերգին մասնակից հինգ համույթներից առաջինը ելույթ է ունեցել «Հայք»ը և իր երգացանկի առաջին երգով ներկայացրեց Կոմիտասի «Տեր, կեցո՛ Դու զՀայս»։