Home / Armenia  / Հարավային աֆրիկացի Զենոբիա ու հայ Արա Տեր-Մարգարյանների ընտրությունը՝ Հայաստան ԱՄՆ-ի փոխարեն

Հարավային աֆրիկացի Զենոբիա ու հայ Արա Տեր-Մարգարյանների ընտրությունը՝ Հայաստան ԱՄՆ-ի փոխարեն

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Զենոբիան Հարավային Աֆրիկայից է, 1 ամիս է՝ ապրում է Հայաստանում, որոշել է եթե ոչ ընդմիշտ, ապա գոնե առաջիկա տարիներն անցկացնել մի երկրում, որտեղ իրեն ապահով է զգում, ոչ միայն իր, այլև զավակների համար, ու դեմ չի լինի, որ իր երեխաները մեծանան հայկական կենցաղում, ընդօրինակեն հայկական սովորությունները:

 

Համեմատած, թե մենք ինչ ենք տեսնում այլ երկրներում, կրիմինալները, այստեղ չկան այդպիսի բաներ

 

«Սիրում եմ մարդկանց ջերմությունը, որ միշտ բարեկամաբար են, ջերմ, համեմատած, թե մենք ինչ ենք տեսնում այլ երկրներում, կրիմինալները, այստեղ չկան այդպիսի բաներ»,-տպավորված է Զենոբիա Տեր-Մարգարյանը, ով հայերեն չի խոսում, բայց որոշ չափով հասկանում է:

 

ՕՏԱՐԸ, ՈՎ ՍԻՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ

Արա Տեր-Մարգարյանն ու Զենոբիան ծանոթացել ու ամուսնացել են Հարավային Աֆրիկայում, որտեղ Արան ապրել է 12 տարեկանից: Հայաստանից են տեղափոխվել ու հաստատվել այս երկրում: Հայեր այնտեղ գրեթե չկային, մի քանի ընտանիքներ միայն, պատմում է Արա Տեր-Մարգարյանը:

 

Ես կարող եմ օտարին սիրեմ, բայց օտարն էլ պետք է անպայման սիրի մեր ազգին

 

«Ինձ դուր են եկել օտարազգիները, հայերին ես նայում եմ՝ որպես ընտանիքի անդամ, որպես իմ քույրեր, իրենց հետ եմ մեծացել: Դուր էր գալիս էդ ուրիշությունը: Զենոբիան սիրում է մեր ազգը, հարգում է մեր սովորությունները, ընդունում է, ուզում է քաղաքը ծլի: Ես կարող եմ օտարին սիրեմ, բայց օտարն էլ պետք է անպայման սիրի մեր ազգին»,-Noranor.ca-ի հետ զրույցում պատմում է Արան:

 

ԱՄՆ ՉՄԵԿՆԵՑԻՆ

Տեր-Մարգարյանների ընտանիքը նախկինում էլ այցելել էր Հայաստան, բայց երբևէ չէր մտածել այստեղ հաստատվելու մասին, երրորդ այցի ժամանակ էլ մտադիր չէին մնալ, արդեն իսկ պատրաստ էին վիզաները ԱՄՆ-ում հաստատվելու համար, սակայն այդպես էլ ԱՄՆ չմեկնեցին:

 

Շատ բան հավանեցինք, գնացինք, մեր տունը վաճառեցինք ու եկանք

 

«Իմ բիզնեսը Հարավային Աֆրիկայում վաճառեցի, արդեն Ամերիկայի հետ էր, որ գնանք Ամերիկա, ու այստեղ եկա բարեկամներիս տեսա, հետո երեխաներին բերեցի, և ես ու կինս մտածեցինք՝ ինչո՞ւ գնանք, մեր բոլոր բարեկամներն այստեղ են: Կարևորն այն էր, որ ինքը հարմարվեր, քանի որ լեզուն չգիտի, իսկ իրեն էլ դուր եկավ, երեխաներին ապահով է այստեղ, փոքր երկիր է, հանգիստ է, շատ բան հավանեցինք, գնացինք, մեր տունը վաճառեցինք ու եկանք»,-պատմում է հայրենադարձ հայը:

 

Հայաստանում արդեն նոր տուն գնել են, Արան շուտով պատրաստվում է նաև բիզնես ձեռք բերել, որոշել է՝ սննդի կամ շինարարության բնագավառում գործունեությամբ կզբաղվի, դուստրերից մեծն արդեն դպրոց է հաճախում, մյուսի համար հարմար մանկապարտեզ են փնտրում:

 

Աղջիկս գնում է դպրոց, շատ լավ գնում է, գալիս ասում է՝ չեմ հասկանում՝ ինչ են ասում, բայց ուրախ է, խնդիր չունի

 

«Մայիսից հետո եկանք, երեխաներին տարա անգլիական մանկապարտեզ, այնտեղ անգլերեն էին խոսում, այն ժամանակ լավ էր, հարմարվել էին, բայց երկրորդ անգամ, որ եկանք, մտածեցինք, որ մնացած բոլոր երեխաների հետ ադապտացվեն, չտարբերվեն, նրանք էլ մեր կուլտուրան ու ձևն իմանան: Աղջիկս գնում է դպրոց, շատ լավ գնում է, գալիս ասում է՝ չեմ հասկանում՝ ինչ են ասում, բայց ուրախ է, խնդիր չունի»,-ասում է հայրը:

 

Վստահ է, որ երեխաները շատ շուտ կկարողանան հարմարվել նոր միջավայրին, այնպես, ինչպես ինքը դեռ 8 տարեկանում ընտանիքի հետ մեկնեց Ռուսաստան, այնուհետ Հարավային Աֆրիկա, ու նոր միջավայրերում ինքնադրսևորվելու համար շատ ժամանակ չպահանջվեց:

 

ՎԱՏ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԶԵՐԾ

Իսկ այստեղ երեխաների ապագայի հարցում ամուսինները ավելի հանգիստ են, տեսնում են, որ վատ սովորություններ չկան, ասում է.

 

Ապահովությունը դուր է գալիս, որ երեխաները մեծանան չխառնվեն այնպիսի բաների հետ, չտեսնեն այնպիսի բաներ, որ չպետք է տեսնեն

 

«Ես շատ լավ բարեկամներ ունեմ այստեղ, մեծ ընտանիք ունենք, երբ գալիս ենք, ջերմ են, օգնում են, հետո ապահովությունը դուր է գալիս, որ երեխաները մեծանան չխառնվեն այնպիսի բաների հետ, չտեսնեն այնպիսի բաներ, որ չպետք է տեսնեն: Իսկ Հայաստանում այդ ամենը կա, հարգանքը, մենք որոշել ենք, կարող է մի տարի հետո, ասենք, գնանք Ամերիկա կամ Հարավային Աֆրիկա, բայց այդ հույսով չենք եկել, եկել ենք հույսով, որ երկիրը լավ երկիր է ու լավանալու է»:

 

Ընտանիքը տպավորված է, հատկապես մի դեպքով, որը ևս մեկ անգամ այն համոզմանն է բերել, որ ճիշտ որոշում են կայացրել: Պատմում է. «Մի անգամ կինս պայուսակը թողեց մեքենայի մեջ, գնացինք հիվանդանոց, տաքսիստը գնաց, 5 րոպե հետո կինս հիշեց, որ թողել եմ պայուսակը մեքենայի մեջ, դուրս եկանք ու գնացինք դեպի ոստիկանություն, բայց այդ ընթացքում էդ մարդը մոտեցավ ու վերադարձրեց պայուսակը»:

 

Իսկ երկրում տեղի ունեցող փոփոխություններից ոգևորվել են, հավատում են, որ առաջընթաց է լինելու, այս հարցում Արան նաև իր անելիքն է տեսնում: Կարճ ժամանակում հասցրել է իր լուման ներդնել. Բարեգործական աշխատանք է կատարել՝ վերանորոգելով դպրոցներից մեկի դասասենյակը, իսկ առաջիկայում էլ նախատեսում է մայրիկի ծննդավայր Ճամբար գյուղում որևէ բարեգործական աշխատանք կատարել: