Home / Canadahye  / Մոնրեալահայ երգչուհի Թամար Փանոսյանը, ով հավաքագրում ու ճանաչելի է դարձնում հայկական աշուղական երգարվեստը, Կանադայում փնտրում է հայկական հետքեր

Մոնրեալահայ երգչուհի Թամար Փանոսյանը, ով հավաքագրում ու ճանաչելի է դարձնում հայկական աշուղական երգարվեստը, Կանադայում փնտրում է հայկական հետքեր

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ Մի քանի տարի առաջ մոնրեալահայ երգչուհի Թամար Փանոսյանը սկսեց ամենուր փնտրել հայկական հետքեր. առիթը Կոմիտասի մասին լսած մի պատմությունն էր: «Հասկացա, որ ունենք շատ հետաքրքրական պատմություն, որոնք բոլորը գիրքերու մեջ պահված են, մարդիկ ադոնց մասին չէր գիտեր»,-ասում է Թամարը:

 

Թամար Փանոսյանի ընտանիքում դեռ վաղ տարիքից խրախուսվել է հայկականը, սա էլ նպաստել է, որ աշուղական երգերի կատարումներով հանդես գա: Հետագայում մասնագիտացել է IT ոլորտում, հիմա էլ տվյալ ոլորտի մասնագետ է, բայց սա չի խանգարում զբաղվել սիրած աշխատանքով: Թամարը երգարվեստից ակամա անցում կատարեց դեպի ավանդական տոների ուսումնասիրություն, իսկ վերջերս ընկերներից մեկի հետ սկսել է իրականացնել «Աղբյուր» կոչվող նախագիծը, որի շրջանակներում Մոնրեալ են հրավիրում Հայաստանում ճանաչված աշուղական երգերի կատարողներին:

 

ԱՊՇԱԾ ԻՆԾԻ ԿԼՍԵԻՆ

Մի դեպք է հիշում Թամարը. մի առիթով թատրոնում պետք է ներկայացներ Կոմիտասի երգերից: Պատմում է. «Փորձերի ժամանակ մեկն ըսավ՝ կուզեմ քո հետ երգել, բայց չեմ հասկնար, ադոր համար չեմ կրնա ապրումով երգել, «Գութանը հաց եմ բերում»  երգն էր, բացատրեցի, և ով որ թատրոնի մեջ էր փորձի ատեն, բոլորը ապշած ինծի կլսեին, ու ետքը բոլորը ըսին, որ առաջին անգամ ըլլալով՝ իրենք երգ մը հասկցած են բացատրելով: Հետաքրքիր էր, որ ինծի պես մարդիկ կային, որ կուզեն ավելին գիտնալ: Ես որոշեցի վիդեո արձանագրեմ, ու տեղադրեցի ֆեյսբուքի էջի վրա, և արձագանքը շատ մեծ էր»:

 

Ահա սա առիթ եղավ, որպեսզի Թամարը շարունակի տեսանյութեր տեղադրել, որոնցում պատմում է հայկական ավանդական տոների, հայ աշուղների մասին, ու արձագանքները շատ չուշացան, ոչ միայն Կանադայից ու Մոնրեալից, այլև աշխարհի բոլոր անկյուններից, նույնիսկ օտարազգիներից, օրինակ է բերում.

 

Երկու ընկեր ունիմ, որոնք արաբ են, ու ըսած են, որ կնստին ու տեսանյութերս կդիտեն, ադոր համար սկսած եմ անգլերեն մեկնաբանել

 

«Երկու ընկեր ունիմ, որոնք արաբ են, ու ըսած են, որ կնստին ու տեսանյութերս կդիտեն, ադոր համար սկսած եմ անգլերեն մեկնաբանել, ու որքան ալ չեն հասկնա, կդիտեն: Նաև մեր գործի մեջ չինացի գործավոր ունեինք, և ինքը ինծի խոստովանեցավ, որ երբ որ մեր քով չէր աշխատեր, գացած ու մեր մասին պրպտած էր, գտած էր տեսանյութերս, ինքը որոշած էր նվիրատվություն ընել հայկական մի պրոեկտի, մեր մշակույթը շատ սիրած էր»:

 

Մարդիկ կկարծեն, թե որակյալը հինը պետք է ըլլա, պետք է հետաքրքրական չըլլա, ճիշտ չէ

 

Թամարը տպավորվել է նաև Թուրքիայում ապրող մի կնոջ արձագանքով, հիշում է. «Գրած էր, որ Թուրքիա այս ամենի մասին չէ կրցած լսել, և երբ որ լսել է, շատ հուզվել է, որովհետև կուզեր ավելին գիտնալ Կոմիտասի մասին: Երբ երիտասարդները ինծի կգրեն, շատ կուրախանամ, որովհետև գիտեմ, որ երիտասարդները հայկական երաժշտություն չեն լսել: Մարդիկ կկարծեն, թե որակյալը հինը պետք է ըլլա, պետք է հետաքրքրական չըլլա, ճիշտ չէ, մենք ունինք շատ լավ երգիչներ, որոնք կներկայացնեն հինը»,-նշում է կանադահայ երգչուհին:

 

«ԱՂԲՅՈՒՐ»-Ը

Հենց այս մասին են վկայում այն համերգները, որոնք կազմակերպում են «Աղբյուր»-ի միջոցով, հրավիրել են Միքայել Ոսկանյանին, Սևակ Ամրոյանին և ուրիշների, հայրենիքում հայտնի կատարողներին պետք է նաև սփյուռքը ճանաչի, ինչի հնարավորությունը ստեղծում են երիտասարդները:

 

Դյուրին չէ ժողովուրդի ոշադրության բերել այդ բոլորը և համոզել, որ Հայաստանեն այսպիսի լավ խումբ կու գա, պետք է ներկա ըլլաք ու լսեք

 

««Աղբյուր»-ի միջոցով ամեն մեկ ելույթից հետո կմոտենան ու կըսեն, որ շատ ուրախ ենք, որ այսպիսի որակյալ արտիստներ կրնանք սփյուռքի մեջ լսել: Հեշտ չէ բնավ, հիմա երկու հոգի ենք ու ունինք խումբ մը ընկերներ, որոնք շատ սիրով կօգնեն, ամիսներու աշխատանք է, դյուրին չէ, և առաջին հերթին դյուրին չէ ժողովուրդի ոշադրության բերել այդ բոլորը և համոզել, որ Հայաստանեն այսպիսի լավ խումբ կու գա, պետք է ներկա ըլլաք ու լսեք»,-ասում է նախաձեռնության հեղինակը:

 

Նույն արձագանքն են գտնում նաև հայկական տոների մասին պատմող տեսանյութերը, որոնցում ներկայացվում են Վարդավառը, Համբարձումն ու այլ տոնական ծեսեր: Առիթ է եղել նաև դրանք նշելու:

 

Արդեն Վարդավառի մոտ էր, պատրաստեցինք Կյանքի ծառը, երգեցինք Կոմիտասի երգերեն

 

«Ճամբար մը ինծի խնդրած էին, որ երթամ և այդ օրվա նյութը պատրաստեմ, արդեն Վարդավառի մոտ էր, պատրաստեցինք Կյանքի ծառը, երգեցինք Կոմիտասի երգերեն: Եթե գիտնամ, որ մարդիկ հետաքրքրված են, անպայման կանենք, գիտեմ, որ Հայաստանի մեջ մարդիկ կերգեն, ճամփաները կիջնեն, ծաղիկներ կբաժնեն, ծարավները կհագեցնեն, շատ պակասը ունինք սփյուռքի մեջ»,-ասում է հայուհին:

 

ԿԱՐՍ-Ի ՀԵՏՔԵՐՈՎ

Հայկական սովորույթները պրպտելու նրա ցանկությունը հասավ այնտեղ, որ որոշեց Կանադայում հայկական հետքեր գտնել: Առիթը եղավ մի կնոջ հուշումը, թե Օտտավային մոտ Կարս անունով գյուղ կա, որը անվանակոչել է՝ հիացած լինելով  Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքի գեղեցկությամբ:

 

Ամեն տեղ Կարս գրված է, Կարսի դպրոց, կարսի փողոց և այլն, մի քանի հոգով էինք, կպտտեինք, կուրախանայինք, որ Կարս գրված է

 

Թամարը չզլացավ գտնել այդ գյուղը: Պատմում է. «Պրպտելես վերջ այդքան էլ այդպես չէր, ես հոն տեսա՝ ամեն տեղ Կարս գրված է, Կարսի դպրոց, կարսի փողոց և այլն, մի քանի հոգով էինք, կպտտեինք, կուրախանայինք, որ Կարս գրված է, բայց իրականում մեր Կարսի հետ կապ չուներ»:

 

Իրականում Կարսի պատմությունն այլ էր, կապ չուներ հայկական Կարսի հետ, Թամարի պատմությունը, որ ներկայացնում է հանրությանը, այսպիսին է.

 

Գիւղը առաջ կը կոչուէր Ուէլինկթըն: Ըստ երեւոյթին, երկու տարբեր տարածք ունէին նոյն անունով եւ այդ պատճառով նամակներ հաճախ սխալ հասցէի կ‘երթային:

1857-ին, գիւղին անունը փոխած են եւ կոչած Կարս, ի յիշատակ զօրավար Ուիլիըմ Ֆէնուիք Ուիլիըմզի: Զօրավար Ուիլիըմզը կը յիշուի Ռուսերու դէմ տարած կռիւին Կարսի պաշտպանութեան համար: Թրքական բանակի հրամանատարն էր… գիւղը Կարս կոչած էին որովհետեւ զօրավարը կը համարուէր Կարսի հերոսը: (Ինծի համար հերոս չէ՜)

Պատմութիւնը իմ երեւակայածս չէր ԲԱՅՑ յիշենք հետեւեալը… ՄԵՐ Կարսի մասին է: Անկախ անոր որ գարտէսի վրայ որ սահմանին կը գտնուի Կարսը, միշտ մնալու է ՄԵՐԸ:

 

Թամարը հավատում է, որ այլ վայրեր կգտնի, որոնք իսկապես հայկական հետքերի կրողն են, իսկ որոշ ժամանակ անց մտադիր է անպայման տեղափոխվել Հայաստան. Սա կլինի նրա մեծագույն երազի իրագործումը: