Home / Canadahye  / Համազգային միության 90-ամյակի միջոցառումների մեկնարկը՝ Երևանում. Կանադայի մասնակցությունն ու դերակատարումը

Համազգային միության 90-ամյակի միջոցառումների մեկնարկը՝ Երևանում. Կանադայի մասնակցությունն ու դերակատարումը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) _ Միջին Արևելքը, ուր ապաստանել էր Հայոց Ցեղասպանությունից տեղահանված ժողովրդի կորիզը, եղավ այն հողը, որտեղ արմատ գցեց Համագային հայ կրթական ու մշակութային միությունը: Տարիների ընթացքում այն ոչ միայն հզորացավ, այլև տարածվեց՝ Սփյուռքի գրեթե բոլոր գաղթավայրերում պարարտ հող ստեղծելով հայ մշակույթի ու կրթության պահպանման համար:

 

Անցել է 90 տարի այն օրվանից, երբ Համո Օհանջանյանի, Նիկոլ Աղբալյանի, Լևոն Շանթի և այլոց նախաձեռնությամբ հիմնադրվեց Համազգային միությունը. Փոխվել են ոչ միայն կառույցի դեմքը, այլև մարտահրավերները: Երևանում սկիզբ դրվեց կառույցի 90-ամյա հոբելյանի միջոցառումների, որոնք ընդգրկելու են բոլոր այն գաղութները, որտեղ Համազգայինը առաքելություն է իրականացնում:

 

Կանադան անմասն չի մնում, ավելին, համախմբված ու միասնական համայնքը, որ վերջերս նաև սիրիահայերի բերած հարուստ մշակույթով է համալրվել, ակտիվորեն մասնակցում է բոլոր ձեռնարկներին: Մեղեդի Էթյեմեզյանը, ով Լիբանանից ավելի քան 15 տարի առաջ է տեղափոխվել Կանադա ուսում ստանալու նպատակով, այսօր Համազգայինի Կանադայի շրջանային վարչության անդամ է:

 

ՄՈՆՐԵԱԼԸ ԵՎ ՏՈՐՈՆՏՈՆ ԵՎՍ

Նա IT ոլորտի մասնագետ է, իսկ Համազգային միությունում՝ կամավոր հիմունքներով է աշխատում, ինչպես անդամների հիմնական մասը, սակայն «Համազգայինը այդ հոգեպարար, հոգեկան գոհունակությունը կու տա»,-ասում է Մեղեդին:

 

 Երևանում տեղի ունեցածը մեկնարկն էր հաջողության

 

Հետևաբար ոգևորությամբ է  ներկայացնում նախաձեռնությունները, որոնք սպասվում են 90-ամյակի շրջանակներում: Ասում է. «Կանադան ալ ձեռնարկ պիտի  ներկայացնե Մոնրեալում, հոկտեմբերի մեջ, հատուկ պատգամախոս պիտի ընտրվի Կենտրոնական վարչության ատենապետը, գեղարվեստայան հայտագիր հատուկ 90-ամյակին նվիրված: Տորոնտոյի մեջ ալ պիտի ներկայացվի 90-ամյակը, Երևանում տեղի ունեցածը մեկնարկն էր հաջողության»:

 

Հայապահպանման գաղափարն են առաջին հերթին փոխանցում համահայկական բոլոր կազմակերպությունները, լուծման իրենց եղանակները կիրառում, Համազգայինը այդ ամենն անում է երկու ճանապարհով՝ կրթության և մշակույթի:

 

Հայկական մշակույթը պահպանելը մեծ մարտահրավերներու առջև է, և Համազգայինի առաքելությունը ճիշտ այդ է

 

«Համազգայինն ունի իր կրթական ճյուղը, որով հայերենի ուսուցիչներու պատրաստման խնդիրը կա, որոնց համար Կենտրոնական վարչությունը արդեն ձեռնարկած է ԵՊՀ հետ համագործակցությամբ հայերենի ուսուցիչները պատրաստելու աշխատանքը: Ինչ կվերաբերի մշակույթին, մշակույթը այլախոսության կմիտի, միևնույն ատեն հայկական մշակույթը պահպանելը մեծ մարտահրավերներու առջև է, և Համազգայինի առաքելությունը ճիշտ այդ է»,-ասում է Համազգայինի շրջանային վարչության անդամը:

 

ՏԵՐԵՎԱԹԱՓ ԼԻՆԵԼՈՒ ՎՏԱՆԳԸ

Տարիներ շարունակ սփյուռքում խնամված, հասակ առած ու տարբեր գաղթավայրերում արմատացած ծառին տերևաթափ լինելու վտանգն է սպառնում: Մարտահրավերները բազմաթիվ են, տարաբնույթ, Համազգայինի քայլերը՝ դրանք կանխելուն միտված:

 

Հավելյալ քայլեր պիտի առնինք, որ այդ ծառը երբեք չչորանա

 

Միության Կենտրոնական վարչության անդամ Վիգեն Թուֆենկջյանը ներկայացնում է կրթական բաղադրիչը, որի խթանմանն են զարկ տվել, ասւմ է. «Ինչպես կըսեն, մեր կրթական գործունեությունը այսօր հավելումի մեջ է, և հավելյալ քայլեր պիտի առնինք, որ այդ ծառը երբեք չչորանա»: Տարիներ շարունակ հայրենիքում ապագա մանկավարժների վերապատրաստման դասընթացներ են իրականացնում, զուգահեռ նաև հոգում հայերենի դասագրքերի նորացման հարցը: Սրանք այսօրվա ամենաառաջնային խնդիրներն են:

 

Վարժարանները մարտահրավերների առջև են, որն է ուսուցիչների վերաորակավորումը և դասագիրքերու արդիականացումը

 

«Վերջին 4 տարիներուն Համազգային կենտրոնական վարչությունը և պատգամավորական ժողովները որոշում անցկացրած են, որ հավելյալ թափ տան մեր կրթական գործին: Վերջին 3 տարիներին Փարիզի թարգմանչաց վարժարանը միացավ, 4 վարժարաններ Համազգայինի ենթակա են, այս վարժարանները մարտահրավերների առջև են, որն է ուսուցիչների վերաորակավորումը և դասագիրքերու արդիականացումը, 50 տարի առաջ պատրաստված դասագիրքերը համահունչ չեն արդիական մոտեցումներուն»,-ներկայացնում է Վիգեն Թուֆենկջյանը:

 

ԵՊՀ-ի հետ իրականացվող ծրագրի համաձայն՝ մասնագետները 2 տարվա մագիստրոսական ծրագրով մասնագիտանում են հայրենիքում, այնուհետև դասավանդում իրենց համայնքներում: Արդեն երկու մասնագետներ աշխատանքի են անցել Կիպրոսում ու Լիբանանում: «Մեր փափագն է, որ երիտասարդներ մղենք դեպի մանկավարժություն, հայրենի կրթական մոտեցումներով դասավանդության մարզը»,-ասում է Մոնրեալի Համազգայինի «Պետրոս Ադամյան» թատերախմբի ղեկավարը:

 

Երկրորդ խնդիրը դասագրքերի արդիականացումն է, այսօրվա տեխնոլոգիական զարգացումներին զուգահեռ՝ միությունը խնդիր ունի ոչ միայն գործելու, այլև այդ ամենը ներկայացնելու հանրությանը, իսկ նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս իրականացնելու այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են սմարթֆոնների միջոցով մանուկներին հայերեն բառուբանին ծանոթացնելը:

 

Ոչ միայն գրքերի, այլև կենդանի հանդիպուների միջոցով ամրացնել կապը հայրենիքի, սփյուռքահայ հայտնի գործիչների հետ, վերցնել օրինակներ նրանց փորձից: Այս նպատակով են անցկացվում հանդիպումները տարբեր գործիչների հետ: Պատմում է. «Անվանի հայ արվեստագետներ, ինչպիսիք են Ատոմ Էգոյան, Էրիկ Նազարյան, Դալար Շահինյան, նշանավոր անուններ կու գան և մեր երիտասարդներուն հետ կանցվկացնեն ախատւանոցներ, որտեղ երիտասարդը իրեն հետաքրքրող նյութին մեջ հավելյալ գիտություն կստանա և աշխատանքը կներկայացնե»:

 

Իրենց տվավ «գործիքները», որով կրնան արտադրել բանաստեղծությունը, ու երեխաները հայերեն բանաստեղծություն գրելու փորձեր կատարեցին

 

Նման մի տպավորիչ փորձի արդյունքներն արդեն տեսել են, ասում է. «Նյու Յորքեն Վեհանուշ Թեքյանը ունեցանք, որ եկավ բանաստեղծության աշխատանոց վարեց երեխաներու հետ, իրենց տվավ «գործիքները», որով կրնան արտադրել բանաստեղծությունը, ու երեխաները հայերեն բանաստեղծություն գրելու փորձեր կատարեցին»: