Home / Canadahye  / Շախմատի մրցաշարը, որը Հայոց Ցեղասպանության ճանաչելիության գաղափարի շուրջ համախմբում է հայերին ու օտարազգիներին

Շախմատի մրցաշարը, որը Հայոց Ցեղասպանության ճանաչելիության գաղափարի շուրջ համախմբում է հայերին ու օտարազգիներին

 

Տորոնտո (Նորանոր) _ Հայաստանից տարիներ առաջ Կանադա տեղափոխված Արամ Էտտիբարյանը սիրում է շախմատը, սակայն զբաղվում սիրողական մակարդակով, հետաքրքրությունը  մեծացավ այն բանից հետո, երբ զավակները ևս սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել և կարճ ժամանակ անց միացավ Հոմենեթմենի շախմատի ակումբին:

 

Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015թ-ին մրցաշար անցկացրեց, որը մեծ հետաքրքրությամբ ընդունվեց Տորոնտոյի հանրության շրջանում. մասնակցեցին ոչ միայն հայերը, այլև այլազգիները: Արդեն 4-րդ տարին են անցկացվելու ավանդական դարձած շախմատի մրցումները:

 

Մրցաշարը տարբեր մասնագետների ու հետաքրքրությունների տեր անձանց բերեց մի սեղանի շուրջ

 

«Հոմենեթմենի շախմատի ակումբը ստեղծվել է 1997թ-ին, հիմնադիրը Արտո Հաճերյանն է: Այն մինչև այժմ էլ գործում է, ամեն կիրակի դասընթացներ են անցկացվում հայ երեխաների համար: Ինչ վերաբերում է ամենամյա մրցաշարին, ապա այն տարբեր մասնագիտությունների, հետաքրքրությունների ու տարիքի անձանց բերեց մի սեղանի շուրջ»,-ասում է Արամը:

 

ՍԵՎԵՐԻ ՈՒ ՍՊԻՏԱԿՆԵՐԻ ՄՐՑԱՊԱՅՔԱՐՈՒՄ

Սևերի ու սպիտակների մրցապայքարում, ինչպես կյանքում, հաջողությունը պայմանավորում է ճշգրիտ հաշվարկն ու քայլերի ճիշտ հաջորդականությունը: Կանադայում մտքի խաղն այնքան էլ զարգացած չէ, խոստովանում է Արամը, սակայն սա չի խանգարում ամենամյա մրցաշարեր անցկացնել:

 

Հերթականը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին: Չորրորդ անգամ Տորոնտոյում կհամախմբվեն ոչ միայն շախմատիստները, այլև շախմատասերները:

 

Մենք որոշեցինք շախմատի միջոցով իրազեկել, մտածեցինք՝ ինչո՞ւ ոչ, բարձրացնել ճանաչելիությունը, ներգրավել

 

Նախաձեռնությունը երկու նպատակ էր հետապնդում, ասում է Արամը: «Շատ մարդիկ հայերի մասին չգիտեին, ոմանք ցեղասպանության մասին երբեք չէին լսել: Մենք որոշեցինք շախմատի միջոցով Տորոնտոյի հանրությանն իրազեկել: Մտածեցինք՝ ինչու՞ ոչ, բարձրացնենք եղեռնի ճանաչելիությունը, ներգրավենք այլազգիների: Դռները բացվեցին, մարդիկ սկսեցին թե՛ հայ համայնքը ճանաչել, թե՛ ցեղասպանության մասին իրազեկել»:

 

Մրցաշարն անցկացվում է մի քանի խմբով, ըստ մասնակիցների՝ խաղին տիրապետելու մակարդակի։ Կա մրցանակային ֆոնդ, ինչպես նաև խրախուսական մրցանակներ:

 

ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ԶԱՐԳԱՑԱԾ ՉԷ

Շախմատային գերտերություն համարվող Հայաստանի համեմատ Կանադայում այս մարզաձևն այնքան էլ լուրջ հաջողություններ չունի։ Թեև Հոմենեթմենի միջոցով այն հասանելի է դառնում հայ երեխաներին ու պատանիներին, մրցաշարերում նշանակալի հաջողություն ունենալու համար երեխաները լրացուցիչ և նպատակասլաց պարապելու կարիք ունեն:

 

Կանադան հայտնի չէ շախմատով, դժվար է լինում ներգրավել հայ շախմատիստներին

 

«Ցավոք չունենք ուժեղ հայ շախմատիստներ մասնակիցների մեջ, ունենք միայն մի քանի համեմատաբար ուժեղ շախմատիստներ, ովքեր շախմատով զբաղվում են սիրողական մակարդակով։ Փորձել ենք Հայաստանից ներգրավել ուժեղ շախմատիստների, բայց չի ստացվել ՀՀ շախմատի ֆեդերացիայի հետ կապ հաստատել։ Ունեցել եմ մի քանի հանդիպում, անգամ Արոնյանին հրավեր ուղարկեցի։ Մեծ անուն կստանար մեր մրցաշարը, եթե կարողանայինք ներգրավել նրան կամ այլ ուժեղ շախմատիստների Հայաստանից: Բայց Կանադան հայտնի չէ շախմատով, դժվար է հետաքրքրել նրանց»,-ասում է կանադահայ գործիչը:

 

Անկախ դրանից, մրցաշարի կազմակերպիչները ջանք չեն խնայում, որ մրցաշարի նկատմամբ հետաքրքրությունն աճի։ Նրանց հաջողվել է կարևոր խաղերի ուղիղ հեռարձակում իրականացրել համացանցով, ինչը մեծ ոգևորությամբ է ընդունվել մասնակիցիների կողմից:

 

Բոլորը կարող են համացանցով հետևել խաղերին աշխարհի տարբեր կողմերում

 

«Մրցաշարն անցկացվում է Տորոնտոյի Հայ Կենտրոնում։ Դահլիճը մեծ է, շատ գեղեցիկ։ Մի նորույթ մտցրեցինք. մրցաշարն ուղիղ եթերով հեռարձակում ենք համացանցով, և աշխարհի տարբեր կողմերում մարդիկ կարող են հետևել խաղերին։ Երևի առաջինն էինք Տորոնտոյում, որ համացանցով ուղիղ եթեր հեռարձակեցինք»,-ասում է Արամը:Սա մի նախաձեռնություն է, որում կարևորվում են ոչ այնքան խաղային ունակությունները, որքան գաղափարը։ Հետևաբար, նախաձեռնողները ցանկանում են մրցաշարի մասնակիցների թվում տեսնել ոչ միայն պրոֆեսիոնալների, այլև նրանց, ովքեր հետաքրքրված են շախմատով: