Home / Armenia  / Գյուղը, որտեղ ոսկու հանքեր չկան, բայց կան կրակոցների տակ ծնվող գաղափարներ ու ներգաղթ՝ արտագաղթի փոխարեն

Գյուղը, որտեղ ոսկու հանքեր չկան, բայց կան կրակոցների տակ ծնվող գաղափարներ ու ներգաղթ՝ արտագաղթի փոխարեն

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Բերքաբեր (Նորանոր) _ Ադրբեջանական Մազամ գյուղի դեմ դիմաց՝ Ջողազ գետի հովտում է գտնվում Բերքաբերը, որի աշխատավոր բնակչության անդորրը ժամանակ առ ժամանակ  ընդմիջվում է կրակոցներով, «Մի քանի ամիս ընդհանրապես ոչ մի կրակոց չէր եղել, այսօր նորից հնչեցին կրակոցներ»,-ասում է Անուշավան Խուդավերդյանը՝ գյուղի գործարարներից մեկը:

 

Սահմանի այն կողմից, որտեղ Մազամն է, հնչում են կրակոցները, երբեմն համառ, երբեմն ալարկոտ, բերքաբերցին անսասան է:

 

Հայկական կողմից միայն պատասխան կրակոցներ են հնչում, որի հետևանքով ադրբեջանական Մազամը գրեթե դատարկվել է:

 

 

Բերքաբերցին երկյուղի մասին չի մտածում կամ կարծում է, որ, ինչպես շվեդ նովելիստ Լագերլիոֆն է ասել, «փախուստի ժամանակ ավելի շատ զինվորներ են զոհվում, քան ճակատամարտում»։ Գյուղում մնալու հատուկ որոշում չի կայացրել, պարզապես չի մտածել հեռանալու մասին:

 

ՈՍԿՈՒ ՀԱՆՔԵՐ ՉԿԱՆ

Վերջին տարիներին արտագաղթը անտարբեր չի անցել Հայաստանի և ոչ մի գյուղի կողքով, իր հետ տարբեր ուղղություններով տարել է երիտասարդներին ու տարեցներին, հարուստներին ու աղքատներին, աշխատասերներին ու անբաններին: Վերջին 5 տարում որևէ բերքաբերցի չի հեռացել:

 

Ոսկու հանքեր չկան, որ դրա վրա նստենք ու ոչ մեկին չտանք

 

«Ոսկու հանքեր չկան, որ դրա վրա նստենք ու ոչ մեկին չտանք, մենք սիրում ենք մեր հողը, կապված ենք, դրա համար մնում ենք»,-ասում է Անուշավանը:

 

«ԽՈՊԱՆ»-Ի ՓՈԽԱՐԵՆ ԲԻԶՆԵՍ

Ինքն էլ մի ժամանակ ամեն տարի «խոպան» էր գնում, ինչպես գյուղի շատ երիտասարդներ, կանայք էին պահում սահմանը՝ նույնքան խիզախորեն: Ոչինչ չփոխվեց գյուղում, բայց տղամարդիկ հասկացան, որ Բերքաբերը չպետք է գոյատևի, այլ պետք է ապրի, գյուղի կենսամակարդակը պետք է բարձրանա:

 

Ամեն մեկը մի գործ ձեռնարկեց՝ այգիների մշակություն, առևտուր, ձկնորսություն… Անուշավան Խուդավերդյանը «Սահման» հկ-ի աջակցությամբ 2 տարի առաջ ձեռնամուխ եղավ ձկնամշակման արտադրության հիմնման:

 

Գարեջրի հետ համտեսելու ուտեստ է՝ առանց ավելորդ հավելումների

 

«Մեր գյուղում ջրամբար կա, այնտեղից մարդիկ կարաս տեսակի ձուկ են բռնում, ես գնում եմ ձուկը, փոքրիկ արտադրամասում մշակում ենք, չորանոցում չորանում է, հետո ապխտում ենք, փաթեթավորում ու վերջնական արտադրանքը մտցնում շուկա, գարեջրի հետ համտեսելու ուտեստ է՝ առանց ավելորդ հավելումների»,-ներկայացնում է գործարարը:

 

ՋՈՒՐԸ ՉԻ ԲԵՐՈՒՄ

Ձուկը «ջուրը չի բերում», դրա ձեռքբերումից մինչև մշակություն ջանքեր ու միջոցներ են պահանջում, շուկա հանելը առավել մեծ դժվարություններ է ստեղծում, Անուշավանը դժգոհ չէ: Մի աշխատանք է, որը կատարում է նվիրումով, գյուղում բոլորն են իրենց գործի նվիրյալը, Բերքաբերը պահելու միտքն է առաջ մղում, նոր մտահղացումներ ծնում ու հաջողություն բերում:

 

Երկու տարի անց կարող է դառնալ ավելի լուրջ բիզնես, իսկ 10 տարի հետո ավելի կայացած, բրենդային արտադրություն

 

«Ես երկու արտադրանք ունեմ, պլանավորած է երկուսն էլ ավելացնել, ես սենց եմ նայում. եթե երկու տարին մեկ կարողանամ մի բան ավելացնեմ, դա ինձ համար պրոգրես է, կարող եմ առաջ գնալ, հիմա արդեն գոյատևման համար չենք աշխատում, սկզբից կարող է գոյատևման լինի, երկու տարի անց դառնա ավելի լուրջ բիզնես, իսկ 10 տարի հետո ավելի կայացած, բրենդային արտադրություն»,-կարծում է բերքաբերցի գործարարը:

 

ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԻՑ

Հեռանկարային է համարում գյուղում ցանկացած գործ, կարևորն այն է, որ բոլորն են նույն գաղափարով մնում Բերքաբերում, իսկ տեղանքը, սահմանից եկող վտանգները ռիսկային են, բայց ոչ իրենց ամուր կամքը կոտրող:

 

«Տեղանքն այդքան էլ էական չէ, մարդու մտքին տեղ լինի, եթե նպատակասլաց ես, ոչինչ չի կարող խանգարել, կրակոցները կարող են մեկ-մեկ վնասել, բայց չեն կանգնեցնի, մեկ էլ շուկա մտնելն է դժվար, բայց դա ինձ թվում է, մի երկու տարվա խնդիր է»,-ասում է երկու զավակների հայրը:

 

Ընկերներով մնացել ենք, նայել ենք մեկս մեկիս, որ ստեղ զարգացնենք, ստեղ անենք, մեր երեխեքը ստեղ դպրոց գնան

 

Հաճախ աչք են փակում կրակոցների վրա, երբ երկար են ձգվում, զգուշավորություն պահպանում, բայց հողը ոտքերի տակից երբեք չի փախչում: «Մի անբացատրելի կախվածություն ունենք մեր գյուղից: Մեր ծնողներն էլ են այստեղ ապրել, մենք էլ ենք ապրում, ու մեր դաստիարակությունից է, որ մենք չենք թողնում, ուրիշ տեղ գնում, կարող էինք գնալ Իջևան, Երևան, մի բան ստեղծեինք, ապրեինք, բայց ոչ, ընկերներով մնացել ենք, նայել ենք մեկս մեկիս, որ ստեղ զարգացնենք, ստեղ անենք, մեր երեխեքը ստեղ դպրոց գնան: Չենք գնացել՝ թողնելով, որ մի քանի տատիկ-պապիկներ մնան գյուղում, հեշտ ճանապարհ չենք ընտրել»,-ասում է ադրբեջանական ռազմական դիրքերից 800 մետր հեռավորության վրա ապրող գյուղացին:

 

Նրա մտքերը գյուղում բոլորն են կիսում, 400-ից ավելի բնակիչները, որոնց թիվը չի պակասում, ընդհակառակը, Անուշավանը սպասում է, որ ներգաղթ է լինելու, իսկ գյուղն ավելի է ծաղկելու, որովհետև այստեղ ապրում է Հայաստանի ամենաարարող համայնքը, որը կարողացել է կրակոցների թիրախ հանդիսացող պատշգամբը վերածել «Էքստրիմ սրճարանի», իսկ թշնամու հրետակոծության տակ գտնվող այգին անվանել Խաղաղության այգի: