Home / Armenia  / Հայաստա՞ն, Կանադա՞, թե՞ ետ՝ դեպի Հալեպ. Դեպի ո՞ւր են հառել իրենց հայացքները Հայաստանում ապրող սիրիահայերը

Հայաստա՞ն, Կանադա՞, թե՞ ետ՝ դեպի Հալեպ. Դեպի ո՞ւր են հառել իրենց հայացքները Հայաստանում ապրող սիրիահայերը

 

Երևան (Նորանոր) _ 2012թ-ին Թալին Գրիգորյանը Սիրիայից տեղափոխվեց Հայաստան, եկավ ժամանակավոր հայրենիքում ապրելու, սակայն հաստատվել այստեղ մտադիր չէր: Ասում է, այնպես չէ, որ հայրենիքը չէր, պարզապես իր և ուսանող զավակների համար դժվար էր կեցության ծախսերը հոգալ: Հետևաբար դիմեց Կանադա մեկնելու հույսով:

 

Արդեն 7-րդ տարին է, ինչ մեծ թվով սիրիահայեր Հայաստանում են հաստատվել, նրանց մի մասին հաջողվեց մեկնել այլ երկրներ, մյուսները նման մտադրություն երբևէ չեն ունեցել, եկել էին հայաստան՝ այստեղ իրենց ապագա կառուցելու հեռանկարով, իսկ Հալեպ շատ քչերը համարձակվեցին վերադառնալ: Մինչ օրս էլ հայրենիք տեղափոխվածների մի մասը դեռ հաստատակամ չէ իր որոշման մեջ, թեև ունի քաղաքացիություն, սակայն ձգտում է Կանադա, ԱՄն կամ նույնիսկ Հալեպ վերադառնալ:

 

ԴԵՊԻ ԿԱՆԱԴԱ

«Ես շատ կփափագեի այլ երկիր երթալու, բայց չեղավ, Հայաստանը շատ սիրում ենք, բայց ապրելու համար փող է պետք չէ՞, ամեն ինչ թողել-եկել ենք, ոչ մի օգնություն, բացի բարեսիրական օգնություններից հեշտ չէ: Կանադա փորձեցի, բայց քանի որ Երևան եմ, մեզ մեյլը եկավ, որ դուք ապահհվ երկիր եք, կմերժվիք, հակառակ, որ շատ մարդիկ գնացին այստեղից, երևի մենք սկիզբն էինք, որ մերժվեցանք, վերջը երբ տեսան, որ այստեղից բավական դիմող կա, գացին, շատերը էստեղից, շատերը Լիբանան գացին, Լիբանանեն մեկնեցին»,-ասում է Թալին Գրիգորյանը:

 

Ինքը, որ Հալեպում աշխատելու անհրաժեշտություն չուներ, հիմա իր աշխատանքները շուկա է հանում, ամեն անգամ ցուցահանդեսների ներկայանում: Այսօր դրա կարիքը մեծ է, այնինչ Սիրիայում նման աշխատանքը այլոց օգնելու նպատակով էր կատարում: Հիշում է.

 

Էնտեղ տունի հայրը, որ աշխատում էր, հասցնում էր

 

«Մենք այնտեղ տանտիկիններ էինք, կամավորներ էինք, բայց այստեղ ստիպված կյանքի պայմաններուն մեր ձեռքի գործերը սկսանք ցուցադրել: Սիրիահայերը էնտեղ կամավոր աշխատում էի, անում էին, վաճառում եինք, եկած փողը հատկացնում էինք կարիքավորներուն: Էնտեղ տունի հայրը, որ աշխատում էր, հասցնում էր»,-ասում է սիրիահայ տիկինը:

 

Մի քանի ամիս մի տեղ կաշխատիս, կամ կուտան, կամ չեն տա կամ տեղը կփակվի: 6 տարի է, կմտածեինք, կկարգավորվի, բայց չէ

 

Նա Հայաստանում փորձել է աշխատել, սակայն հիմնական աշխատանք գտնելը, ասում է, դյուրին չի եղել, «Մի քանի ամիս մի տեղ կաշխատիս, կամ կուտան, կամ չեն տա կամ տեղը կփակվի: 6 տարի է, կմտածեինք, կկարգավորվի, բայց չէ»,-ասում է, հետևաբար որոշեց իր գործերը շուկա հանել, ձեռքի աշխատանքները թանկարժեք են, եզակի, սակայն ոչ բոլորն են Հայաստանում հետաքրքրություն ցուցաբերում դրանց նկատմամբ:

 

«Ասեղծագործ են: Այնտեղ մեր հայկական ձեռագործությունը մամաները զավակներուն սովորեցնում են: Այստեղ սփյուռքից եկածները, ով որ գիտե արժեքը, ավելի կգնահատե»,-ասում է կինը:

 

ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Ի տարբերություն նրա, Մարալ Գալստյանը, որ ամուսնությունից երկու տարի անց է ամուսնու հետ տեղափոխվել Հայաստան, երբևէ չի մտածել այլ վայր տեղափոխվելու մասին:

 

Կարևորը մեր հայրենիքի մեջ ենք, ապահով կզգանք, հայ կմնանք

 

«Հուսահատ եթե ապրիմ, արդեն անհանգիստ կըլլամ, հուսով եմ, որ պիտի լավ ըլլա, կամաց-կամաց առաջ կերթանք, կարևորը մեր հայրենիքի մեջ ենք, ապահով կզգանք, հայ կմնանք: Կանադա հարազատ ունեինք, չուզեցինք երթալ, միայն թե գործերնիս ստացվի, ապրինք: Ապահով է հայրենիք, գոնե լեզունիս չենք կորսնցնե, հայ կմնանք»,-ասում է երիտասարդ կինը:

 

Նա նույնպես զբաղվում է ձեռագործությամբ, ասեղնագործ ծածկոցները, որոնք իրենց վրա կրում են Արևմտյան հայաստանի տարբեր երկրամասերի հետքերը, Հայաստանում ոչ բոլորն են գնահատում, ուստի դեռ պետք է ճանաչելի դառնան, հասկանան տեղի շուկայի պահանջները այստեղ կայանալու համար: Ասում է.

 

«Ինչ որ կարենամ, կաշխատեմ: Ժողովուրդը մեզ չեն ճանաչե, ցուցահանդեսների կմասնակցենք, հեռախոսահամարներ կու տանք, որ շուկա ունենանք: Ամուսինս գնում կընե, ես կկարեմ, ձեռագործը տունը կգեղեցկացկացնե, սիրուն կընե, տարբեր զգացողություններ ունինք այս ձեռագործերուն, որ մեր մաիկների գործերը հիշատակ մընան, սերունդե սերունդ ըսեն՝ աս Ուրֆայի գործ է, աս Այնափի, այս Վանի»,-պատմում է Մարալը:

 

Կարծում է, որ կհաջողվի ի վերջո կայանալ ու ապագա կերտել հայրենիքում, իսկ այն գործերը, որ իրենք են կատարում, վստահ է, պետք է պահպանեն ու փոխանցեն սերունդներին, քանի որ դրանք պատմություն ունեն: Հիշում է իր տատի պատմությունները՝ ասելով.

 

«Շատ դժվար օրեր են անցուցել, լապտեր կվառեին, ջահի տակ կաշխատեին, լուսնի լույսի տակ աշխատած են, շատ դժվար օրեր անցուցած են, այդ հիշատակները մենք ալ կպահենք»:

 

ԵՏ՝ ԴԵՊԻ ՀԱԼԵՊ

Վարպետ Արտաշեսը, որ իր գործի վարպետն էր Հալեպում, զրկվեց և գործից, և գործիքներից, նույնը հայաստանում անել չի կարող: «Ավտոյի տրոսներ կսարքեի, մասնագետ եմ 50 տարվա: Ուզած եմ գործ ընել, բայց շատ փողի կարոտ է, ես բոլոր գործիքներս Հալեպ թալանել են, հոս ալ, որպեսզի նոր բանամ, փողի կարոտ է, որը չունիմ, ստիպված փոքր գործեր կընեմ»,-ասում է Արտաշես Քալաջյանը:

 

Մինչ Հայաստան տեղափոխվելը երբևէ չէր եղել հայրենիքում, 20-25 օրով էր եկել, բայց ստիպված եղավ հիմնական մնալ: Եթե տնտեսական դժվարությունները չլինեն, Հայաստանից լավ տեղ չկա, ասում է: Այնպես չէ, որ բոլոր սիրիահայերն են այստեղ դժվարությունների բախվում, կան ընտանիքներ, որոնք կարողացել են կայանալ ու հարստանալ:

 

Շատերը, որ մեծ գումարներով եկած են, հոս գործ բացած են, գոհ են, բայց ան, որ փոքր փողով եկած են, գործ չունին

 

«Շատերը, որ մեծ գումարներով եկած են, հոս գործ բացած են, գոհ են, բայց ան, որ փոքր փողով եկած են, գործ չունին, դժվար է, հարուստները լավ են, ավտոներ առած են, տուներ առած են: Տարիներու ընթացքին գործերը լավ եղած է, գումարներ հավաքած են, հիմա գործ բացել են, ադ գումարով կապրին»,-համոզվել է վաստակաշատ արհեստավորը:

 

Հույս ունի, որ իրենք էլ կկարողանան ժամանակի ընթացքում սեփական հարմարությունները ստեղծել հայրենիքում, այլապես աչքերը դարձյալ դեպի Հալեպ են հառելու՝ հույսով, որ մի օր նորից այնտեղ կվերադառնան: