Home / Canadahye  / Հույս և կամք՝ Հայաստանի սահմանային Վահան գյուղում Կանադահայոց թեմի և կանադահայ բարերարի օժանդակությամբ

Հույս և կամք՝ Հայաստանի սահմանային Վահան գյուղում Կանադահայոց թեմի և կանադահայ բարերարի օժանդակությամբ

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ 27 կմ-ոց հատվածով ձգվում է Գեղարքունիքի մարզի Վահան գյուղը՝ իր խաղաղամիտ բնակիչներով, Արցախյան պատերազմի տարիներին կազմակերպված ինքնապաշտպանական մարտերի հերոսական պատմություններով ու արցախյան պատերազմի նահատակների հիշատակին կառուցված հուշահամալիրով:

 

Հուշահամալիրի այդ տարածքի հարևանությամբ էին գյուղի ավելի քան 130 փոքրիկները հաճախ կազմակերպում իրենց խաղերը՝ միաժամանակ լսելով իրենց հայրերի ու պապերի հերոսական պատմությունները: Մի ժամանակ խոտով ու փոշով ծածկված տարածքն այսօր անճանաչելի է դարձել, այնտեղ խաղահրապարակ է կառուցվել:

 

Խնդիրը բարձրացրել է Գեղարքունիքի մարզպետը, ծրագրին ընթացք տվել Կանադայոց թեմի առաջնորդ Բաբկեն Արքեպիսկոպոս Չարյանը, իսկ ներդրումը կատարել՝ կանադահայ բարերար Մանուկ Չուխաջյանը: Այս մասին Noranor.ca-ին տեղեկացրեց Բաբկեն սրբազանը՝ ներկայացնելով ոչ այնքան կատարված աշխատանքի, որքան խանդավառության մասին, որ ապրել են գյուղացիները նման ուշադրության արդյունքում:

 

Ինքը ոչ գյուղը տեսած է, ոչ Հայաստան այցելած է, բայց հանձն առավ կատարելսւ բարերարություն

 

«Մանուկ Չուխաջյանը Մոնրեալում բնակվում է,  խոսեցանք, ինքը ոչ գյուղը տեսած է, ոչ Հայաստան այցելած է, բայց հանձն առավ կատարելսւ բարերարություն: Երբ բացատրեցինք գյուղի մը մեջ խաղահրապարակ կառուցելով երեխաներուն օգտակար ըլլալու կարևորությունը, ցանկություն հայտնեց և փափագը իրագործեց»,-պատմում է Բաբկեն Սրբազանը:

 

ԺՊԻՏ՝ 130 ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԵՄՔԻՆ

Մի քանի օրյա այցը Հայաստան նրան վստահություն է ներշնչել, որ նման ծրագրերով հնարավոր է սահմանամերձ գյուղերին բնակիչներին հավատ ներշնչել ու կամք փոխանցել: Համոզվել է՝ ոչ այնքան նման միջոցառումները, որքան դրանց շրջանակում ցուցաբերվող ուշադրությունը կապրեցնի սահմանամերձ համայնքները: Ասում է.

 

Նման ծրագիրներ պետք է շարունակական ըլլան, հատկապես սահմանամերձ գյուղերու կարևորությունը շեշտելու և բարօր կյանք ապահովելու համար

 

«Մեզի համար կարևոր է, մեծ բան մը չէ, բայց իմաստը մեծ է, որ 130 երեխաներ կապրին սահմանամերձ գյուղում և նահատակներու պանթեոնի կողքին շինվեցավ խաղահրապարակը, որտեղ նահատակներու զավակներն են, որոնց դեմքին ժպիտը տեսանք, այնտեղ ապրելու, հայրերու շունչով գյուղում մնալու և սահմանամերձ գյուղը պաշտպանելու կամքը տեսանք: Նման ծրագիրներ պետք է շարունակական ըլլան, հատկապես սահմանամերձ գյուղերու կարևորությունը շեշտելու և բարօր կյանք ապահովելու համար»:

 

Անշուշտ իրենց կյանքը բացառիկ կյանք չէ, բայց կամքը և հավատքը ուժեղ է կառչած մնալու հողին

 

Հատկապես տպավորվել է զոհված զինվորներից մեկի մոր պատմությունից ու խոսքերից, ով արտահայտվել է, որ գյուղում նման տոնական մթնոլորտ առաջին անգամ է տիրել: «Ըսավ, որ ամեն օր նահատակներու հետ կնստիմ և կխոսիմ, անպատասխան կմնան, և երբ կտեսնեն, որ նման հնարավորություն կստեղծվի, երեխաները այդ շունչով կմեծնան, կապրին, իրենց կամքը ամուր կմնա և վաղվան հայ զինվորը կդառնան: Անշուշտ իրենց կյանքը բացառիկ կյանք չէ, բայց կամքը և հավատքը ուժեղ է կառչած մնալու հողին»,-պատմում է Կանադահայոց թեմի առաջնորդը:

 

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐԱՄԱՍԸ

Բաբկեն Սրբազանի այս տրամադրությունները լրացրել են սահմանը պահող զինվորները, որոնց հետ հանդիպումը ևս տպավորիչ է եղել, համոզվել է, որ ի դեմս նրանց՝ հայ ազգը ունի ամուր պաշտպանություն, անկախ որոշ դժվարություններից; Նշում է.

 

Քանի մը կմ անդին թշնամին կա, իրենք ամուր են, կպաշտպանեն մեր հայրենիքը

 

«Սահմանամերձ զորամասին մեջ՝ քանի մը կմ անդին թշնամին կա, իրենք ամուր են, կպաշտպանեն մեր հայրենիքը, և որքան հնարավորություններ ստեղծվին մեր ժողովուրդի զավակներուն համար, կառչած կմնան հողին և կպաշտպանեն հայրենիքը: Լավ տրամադրության մեջ էին, ճաշեցինք իրենց հետ, ճաշերը շատ լավն էին, իրենք կարիքը ունեին զորամասերում ավելի սարքերու և պաշտպանողական իրերու, որոնք առավել ապահով կդարձնեն, բայց տրամադրությունը լավ էր, կամքը՝ ուժեղ»:

 

Հայաստանը միայն Երևանը չէ. Այս համոզմունքին է հանգել Սրբազան հայրը սահման այցելությունից հետո, Հայաստանը ամուր է անառիկ սահմաններով, որոնք այսօր աննկուն զինվորներն են հսկում, իսկ իրենց գործն է նոր եկող սերնդին աջակցություն ցույց տալ, որպեսզի գյուղում ապրելու ցանկություն ունենան և ապագայում պաշտպանեն սահմանները, վստահ է Բաբկեն արքեպ. Չարյանը: Այս նպատակով, ասում է, պատրաստվում են նմանատիպ այլ ծրագրերի ևս օժանդակել: