Home / Canadahye  / Անաբել Շառոյանը վստահ է, որ «Հայկական վերածնունդ» համասփյուռքյան շարժումը կրկին ձայն կբարձրացնի, եթե Հայաստանում շարունակվի կոռուպցիան

Անաբել Շառոյանը վստահ է, որ «Հայկական վերածնունդ» համասփյուռքյան շարժումը կրկին ձայն կբարձրացնի, եթե Հայաստանում շարունակվի կոռուպցիան

 

Տորոնտո (Նորանոր) _ Հայաստանում 2016թ-ի հուլիսին Սասնա ծռեր խմբավորման կողմից սկսված գործողությունները, ինչպես հայտնի է, անտարբեր չթողեցին նաև սփյուռքին: Մինչ այդ միայն ֆինանսական հարցերում հայրենիքին աջակցող սփյուռքահայերի մասնակցությամբ ձևավորվեց «Հայկական վերածնունդ» շարժումը:

 

Շարժումը կոչվում էր համասփյուռքյան, սակայն ոչ բոլորն էին միանում նախաձեռնությանը, հատկապես ՀՅԴ-ն, որ իշխանության մաս էր կազմում, իր անդամներին զերծ էր պահում նման կազմակերպություններից: Այնուամենայնիվ ընդդիմադիր շարժումներ ձևավորվեցին, որոնց նպատակը հայրենիքում իշխանափոխություն իրականացնելն էր, տարիների բռնապետական ռեժիմից ազատվելը:

 

Այս նախաձեռնությունից ծնվեց նաև մեկ այլ ծրագիր, երբ հայտնի արվեստագետներից կազմված խումբն իր համախոհների հետ 2017թ-ի ապրիլին՝ խորհրդարանական ընտրությունների ընթացքում, Հայաստան եկավ և փորձեց վերահսկել ընտրությունները: Թե որքանով դա հաջողվեց, այլ հարց է:

 

Այսօր, երբ Հայաստանում այլ իրողություն է, ի՞նչ անելիքներ ունի «Հայկական վերածնունդ»-ը, արդյո՞ք լուծարվել է, թե՞ շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հայաստանյան նոր իշխանության գործողությունները: Այս հարցերի շուրջ Noranor.ca-ը զրուցել է «Հայկական վերածնունդ» շարժման անդամ, տորոնտոբնակ Անաբել Շառոյանի հետ:

 

Նա վստահ է, որ «Հայկական վերածնունդ» շարժումն իր էական ազդեցությունն ունեցավ Հայաստանի այսօրվա վիճակի հարցում: «Այն իր գործն արավ ու պետության հեղափոխության գործում իր դերն ունեցավ, ոչ թե Հայաստանի, այլ սփյուռքի մեջ, կարողացավ կապել հայրենիքի իրական խնդիրներին»,-ասում է Անաբել Շառոյանը:

 

ՆՈՐԵՆ ՁԱՅՆ ԿԲԱՐՁՐԱՑՆԵ

Նպատակի իրականացումը, սակայն, դեռ ամբողջը չէ, հայաստանում իրավիճակի փոփոխությունն էլ չի նշանակում առաքելության ավարտ, այս մասին են վկայում երբեմն կազմակերպվող հանդիպումները: Շարժման ներկայացուցիչը վստահեցնում է.

 

Չեմ ասում, որ առաջվա նման հաճախ կհանդիպին, բայց երբեմն ժողովներ անում են

 

«Լինում են ժողովներ, երբեմն հանդիպումներ, չեմ ասում, որ առաջվա նման հաճախ կհանդիպին, բայց երբեմն ժողովներ անում են»:

 

Այսինքն՝ կարելի՞ է արձանագրել, որ նոր իրավիճակում այլևս կարիքը չկա այս շարժման, Անաբել Շառոյանը կարծում է, որ ոչ, այն դեռ անելիքներ ունի, այնպես չէ, որ հայրենիքում բոլոր խնդիրները լուծված են: Իսկ շարժման խնդիրը ոչ թե նախկին իշխանության հեռացումն էր, այլ կոռուպցիոն համակարգի վերացումը, այն արմատախիլ անելը: Հետևաբար տորոնտոհայ անդամը վստահ է.

 

Ես չեմ կարծում, որ շարժումը դիրքորոշում ուներ որոշված միայն մեկ կուսակցության վրա, այլ դիրքորոշում ուներ որոշված երկրի կոլապսի վրա

 

«Երբ որ Հայաստանում նույն կոռուպցիան լինի, «Հայկական վերածնունդ»-ը նորեն ձայնը կբարձրացնե: Ես չեմ կարծում, որ շարժումը դիրքորոշում ուներ որոշված միայն մեկ կուսակցության վրա, այլ դիրքորոշում ուներ որոշված երկրի կոլապսի վրա»:

 

Ասել է, թե նպատակը տարիներ ի վեր Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության հեռացումը չէր, այլ վերջինիս ստեղծած բացասական երևույթների վեացումը:

 

ՍՓՅՈՒՌՔԸ ԿՄՈՏԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Իսկ նոր իրավիճակում արդեն Սփյուռքի նախարարությունը նոր ծրագրեր է մշակում, որոնցից մեկը վերջերս նախարարի նշած՝ Սփյուռքում ներկայացուցիչներ ունենալու նախաձեռնությունն էր: Նախաձեռնությունը կա, բայց այն դեռ քննարկումների փուլում է:

 

Նպատակը ոչ թե սփյուռքի քաղաքական գործընթացներին, այլ համայնքային կյանքին մասնակցելն է: Նախարարության կցորդը հնարավորություն կունենա ներսից ծանոթանալ խնդիրներին: Շառոյանը սա լավ գաղափար է համարում՝ ասելով.

 

Շատ մեծ դեր կունենան սփյուռքում նախարարության ներկայացուցիչները

 

«Կարծում եմ, որ շատ մեծ դեր կունենան սփյուռքում նախարարության ներկայացուցիչները, որովհետև սփյուռքը պետք ունի մոտիկանալ Հայաստանին: Ինձ թվում է, որ լավ կլինի, որովհետև տարբեր կազմակերպություններ սփյուռքի երիտասարդներին Հայաստանի տարբեր ծրագրերում են ընդգրկում, ու դրանից հետո երբեմն հենց այդ երիտասարդներն են ծրագրեր իրականացնում»:

 

Բավական է սփյուռքահայ երիտասարդը մեկ-երկու անգամ այցելի Հայաստան, ու նոր գաղափարներ կծնվեն, որոնք կարող է այս նախաձեռնության օգնությամբ իրականացնել, իսկ արդյո՞ք նոր ներկայացուցչի ներկայությունը խնդիրներ չի ստեղծի արդեն ավանդական կազմակերպությունների համար, որոնք ունեն իրենց կրթական, սոցիալական ապահովման և այլ հաստատությունները՝ ստեղծված տասնամյակներ ի վեր: Հարցին Շառոյանը հակիրճ է պատասխանում:

 

Ինծի չի հետաքրքրե, թե ինչ կմտածեն մյուս կուսակցություններն ու կազմակերպությունները

 

«Ինծի չի հետաքրքրե, թե ինչ կմտածեն մյուս կուսակցություններն ու կազմակերպությունները, ինծի կհետաքրքրե, թե սփյուռքը որքան Հայաստանին կմոտենա»,-ասում է նա:

 

: