Home / Canadahye  / Մոնրեալահայ Մեղեդի Էթյեմեզյանը կարծում է, որ այլ երկրներում չկա մի բան, որից զուրկ է Հայաստանը

Մոնրեալահայ Մեղեդի Էթյեմեզյանը կարծում է, որ այլ երկրներում չկա մի բան, որից զուրկ է Հայաստանը

 

Երևան (Նորանոր) _ Լիբանանահայ Մեղեդի Էթյեմեզյանը դեռ 15 տարի առաջ է տեղափոխվել Կանադա՝ ուսանելու: Միաժամանակ մաս կազմելով Համազգային կրթական ու մշակութային միության՝ ամուր է եղել զգացական կապը հայրենիքի հետ, բայց Հայաստան այցելելու առիթ ընձեռվել է երկրորդ անգամ: Հայաստանում գտնված ժամանակահատվածում բաց չի թողել ոչ մի հնարավորություն այցելելու բոլոր այն վայրերը, ուր հաճախ մտովի է փոխադրվել:

 

Այնպիսի բան չկա, որ դուրսը կա, հոս չունինք

 

«Ես հոս ամեն բան տեսա,  երկար ժամանակով եմ այս տարի այստեղ: Այնպիսի բան չկա, որ դուրսը կա, հոս չունինք, քիչ մըն ալ ազդված եմ, զգացական մոտեցում ալ ունեմ, անցյալ շաբաթվա ընթացքին մեկ թանգարանեն մյուս գացած եմ»,-պատմում է Մեղեդին:

 

Նա Կանադայում ուսանել է հոգեբանություն, 15 տարի է՝ աշխատում է ՏՏ ոլորտում, միևնույն ժամանակ Համազգայինի Կանադայի շրջանային վարչության անդամ է: Որքան հիմնական աշխատանքը, նույնքան ու փոքր-ինչ ավելի հոգեհարազատ է այն կամավորական գործը, որ կատարում է Համազգայինում: «Կամավոր աշխատանք է, բայց միևնույն ատեն աշխատանքեն ավելի կարևոր գործ է»,-ասում է:

 

ՀԱՅԱՍՏԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼԸ

Իսկ Տորոնտոյում հայկական կառույցներն իրենց կազմակերպվածությամբ չեն զիջում լիբանանյան կառույցներին, համոզվել է Մեղեդին, ով երբևէ իրեն օտար չի զգացել: «Սփյուռքի մեջ, ուր որ երթաս, այդ կազմակերպվածությունը կա»,-կարևորում է նա:

 

Հայաստան վերադառնալը ամեն հայու սրտի փափագն է,  մանավանդ անոնց համար, որ ինծի պես են

 

Սակայն Կանադայում հիմնական հաստատվել ևս չի պատրաստվում, նա այլ երազանք ունի, այլ նպատակներ: «Համազգայինի առաքելությունը սփյուռքը պահելն ու պահպանելն է, ու միջհարաբերությունը սփյուռքի և Հայաստանի միջև, իսկ Հայաստան վերադառնալը ամեն հայու սրտի փափագն է,  մանավանդ անոնց համար, որ ինծի պես են: Միշտ երազած եմ Հայաստան վերադառնալ: Ինչ կվերաբերի Համազգայինի գործունեության, արդեն իսկ այդ միջհարաբերությունները կան, Երևանի մեջ գրասենյակ ունինք, կփորձեն վառ պահել, իսկ հիմա ալ նոր գրասենյակ ունեցանք Արցախի մեջ, կփորձենք այդ մեկն ալ զարգացնել ու Արցախի մեր հայրենակիցներուն մշակութային տաղանդները փոխանակել»,-ներկայացնում է Համազգային Կանադայի շրջանային վարչության անդամը:

 

ՀՈՒՆԸ ԳՏԱԾ ԱՐՄԱՏՆԵՐԸ

Այսքանով հանդերձ՝ հավաստիացնում է, որ սփյուռքի պահպանությունը ևս կարևոր է. Ձուլումը կանխելն է գլխավոր նպատակը:

 

Մեր մեկնակետը, նպատակը սփյուռքի մշակույթը պահելն ու ծանոթացնելն է, ու, ինչու ոչ, վերջում հայրենադարձություն է

 

«Ձուլումը մեծ ազդ ունի, մանավանդ սփյուռքում, մեծ մարտահրավերի առջև են: Այս արմատները, որ իրենց հունը գտած են հողի մեջ, տերևները կմեծնան, արմատները վստահ հունդերը պիտի ձգեն աշխարհի բոլոր կողմերը, հոն ալ աճին ու մեծնան: Մեր մեկնակետը, նպատակը սփյուռքի մշակույթը պահելն ու ծանոթացնելն է, ու, ինչու ոչ, վերջում հայրենադարձություն է, այսինքն՝ Համազգայինի գաղափարախոսությունը, որ կուզե գնալ Հայաստան ու կուզե իր գաղափարախոսությունը ուրիշներու փոխանցել, որ բոլոր սփյուռքահայերը օր մը դառնան հայրենիքը, բայց միջանկյալ բավական մեծ աշխատանք ունինք տանելու սփյուռքի մեջ»,-վստահ է կանադահայ երիտասարդը:

 

Ուրիշ երկրներ այդքան չեն հառաջացած, որքան Հայաստան

 

Իսկ հայրենիքում, ըստ նրա, չկա մի բան, որով զիջում է այլ երկրներին, երկրորդ այցով ավելի է համոզվել սրանում: Վստահեցնում է. «Դեռ երիտասարդ երկիր է, ու այդպիսի երկրներ առաջխաղաց պետք է գնան, ուրիշ երկրներ այդքան չեն հառաջացած, որքան Հայաստան, տակավին նոր է, բայց հնարավորություններու մասին խոսելով՝ իսկապես չեմ կրնար ըսել, որ դուրսը բաներ կան, որ հոս չկան, քայլ առաջի մեջ է, փոխանակ մնա նույն տեղը, հառաջացում կա մեկ տարվա մեջ: Հուսամ, որ պիտի հասնի այդ մակարդակին, ուր եւրոպական երկրները հասած են»,-վստահ է Համազգայինի ներկայացուցիչը: