Home / Canadahye  / Հարավային Կալիֆորնիայի համալսարանի գիտաշխատող Էմիլ Սանամյանը չի բացառում, որ Նիկոլ Փաշինյանի թիմը կարող է ստանալ ԱԺ 105 մանդատից 90-ը

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի գիտաշխատող Էմիլ Սանամյանը չի բացառում, որ Նիկոլ Փաշինյանի թիմը կարող է ստանալ ԱԺ 105 մանդատից 90-ը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Կալիֆորնիա (Նորանոր) _ Հայաստանի նոր քաղաքական իրավիճակում իշխանությունը առաջին փորձաշրջանը հաղթահարեց, թեև առանց լուրջ մրցակցի: Անկախ դրանից, հեղափոխության ճանապարհով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանին սատարում և հեղափոխությունը շարունակելու հնարավորություն է ցանկանում տալ հասարակության ճնշող մեծամասնությունը: Սա ակնհայտ դարձավ Երևանի արտահերթ ընտրությունների արդյունքում, որոնք, ինչպես ոչ միայն դիտորդները, այլև մրցակից քաղաքական ուժերը փաստեցին, անցան առանց ընտրությունների վրա լուրջ ազդեցություն ունեցող խախտումների:

 

Այս կարծիքին է նաև ԱՄՆ-ում ապրող փորձագետ, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի գիտաշխատող Էմիլ Սանամյանը, ով Noranor.ca –ի հետ զրույցում ներկայացրել է իր դիտարկումները:

 

ՆՈՐԱՆՈՐ  Պարոն Սանամյան, կիսո՞ւմ եք գնահատականները, որոնք տրվեցին Երևանի ավագանու ընտրություններին. խախտումների, այլ բացասական գործոնների բացակայություն, ընտրակաշառքի բացառում:

 

ԷՄԻԼ ՍԱՆԱՄՅԱՆ Ելնելով զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներից և ընտրությունների հիմնական մասնակիցների արձագանքներից՝ կարելի է եզրակացնել, որ ընտրություններն անցել են առանց խախտումների և ժողովրդավարական պայմաններում: Նախընտրական քարոզարշավը, բացառությամբ վարչապետի և քաղաքապետի թեկնածուների  մի քանի հակասական հայտարարությունների, ընդհանուր առմամբ դրական էր: Իհարկե, նախկին իշխող Հանրապետական ուժի չմասնակցելը ինչ-որ չափով նախընտրական պայքարի փայլը նվազեցրեց և պակաս մրցակցային դարձրեց ընտրությունները:

 

ՆՈՐԱՆՈՐ Այս ընտրությունները, կարելի է ասել, ոչ այնքան տեղական մարմնի ընտրություններ էին, որքան նոր կառավարության հանդեպ հանրության վստահության հանրաքվե, համենայնդեպս հենց Նիկոլ Փաշինյանն էր ընտրողներին հորդորել, որ այս ընտրություններով քվերակում են ոչ թե քաղաքապետին, այլ հեղափոխությանը: Սրանից ելնելով՝ ի՞նչ եզրակացության կարող եք հանգել և որքանո՞վ էր կարևոր հաղթանակը իշխող թիմի համար:

 

ԷՄԻԼ ՍԱՆԱՄՅԱՆ Ընդհանրապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հազվադեպ են նման իրարանցում ստեղծում, հաշվի առնելով նաև քաղաքական ինքնակառավարման մշակույթի բացակայությունը և այն հարցերի սահմանափակ շրջանակը, որոնցով զբաղվում են ավագանին ու նրանց կողմից ընտրված քաղաքապետը: Իհարկե, նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետի կողմից հիշատակված փաստը, այն, որ նրա ընտրվելուց հետո սրանք առաջին ընտրություններն էին, դրանցում ՀՀ քաղաքացիների 1/3-ի ներգրավված լինելը ընտրությունը վերածեց Փաշինյանի կառավարության հանրաքվեի: Եւ այն փաստը, որ Փաշինյանի թիմի օգտին քվերակել էր ավելի քան 294 հզր երևանցի, խոսում էր այն աննախադեպ աջակցության մասին, որ ունի Փաշինյանը: Հիշեցնեմ, որ ՀՀԿ-ն, նույնիսկ իր ազդեցության գագաթնակետին՝ 2017թ-ին և վարչական լծակների կիրառմամբ Երևանում 240. 000-ից ավելի ձայն չի շահել:

 

 

ՆՈՐԱՆՈՐ 81 տոկոսից ավելի ձայներ մեկ կուսակցությանը. Վտանգավոր չե՞ք համարում, ի՞նչ վտանգներ եք տեսնում:

 

ԷՄԻԼ ՍԱՆԱՄՅԱՆ Այն, որ բնակչության 81 տոկոսը քվերակում է որևէ ուժի օգտին, վտանգավոր չի կարող լինել: Այն պարզապես արտացոլում է այն ուժերի քաղաքական հավասարակշռությունը, որոնք այսօր կան ՀՀ քաղաքական դաշտում: Իհարկե, դա նաև նշանակում է, որ այսօր Փաշինյանը չունի իրական քաղաքական մրցակից, այնպես, ինչպես ՀՀԿ-ն իր ժամանակին քիչ մրցակցային էր, թեև այլ պատճառներով: Մնում է հուսալ, որ երբ մրցակիցը կհայտնվի, իսկ դա հաստատ լինելու է, քաղաքական մրցակցությունը կընթանա խաղաղ, ժողովրդավարական պայմաններում:

 

ՆՈՐԱՆՈՐ Արդյո՞ք կա վտանգ վերադառնալու միակուսակցական իշխանական ռեժիմի:

 

ԷՄԻԼ ՍԱՆԱՄՅԱՆ Հայաստանի քաղաքական համակարգը նախկինում կոչվում էր մեկուկես կուսակցության ռեժիմ: Այն իմաստով, որ իշխող մեկ՝ Հանրապետական կուսակցությունը, որը շատ ավելի ուժեղ էր, քան մյուս բոլոր կուսակցությունները միասին վերցրած, օգտագործելով տարբեր ռեսուրսներ ու մեթոդներ, երբեք ընտրությունները տանուլ չէր տալիս: Ինչպես նաև ՀՀԿ-ին հաջողվեց ավելի ու ավելի քաղաքական իշխանություն վերցնել: Միաժամանակ ՀՀԿ-ի իշխանության օրոք չկային մրցակցության բացահայտ արգելքներ, այսինքն՝ ՀՀԿ-ն հակառակորդներին չէր արգելում, և Սերժ Սարգսյանի օրոք ընտրություններում մրցակիցները բանտերում չէին հայտնվում: Մնում է արձանագրել, որ այսօր էլ Հայաստանում դեռ չի ձևավորվել նորմալ՝ երկկուսակցական կամ բազմակուսակցական համակարգ: Եւ քանի դեռ այս ավանդույթը չի ձևավորվել, միակուսակցական ռեժիմին վերադառնալու սպառնալիքը միշտ կմնա:

 

 

ՆՈՐԱՆՈՐ Խորհրդարանական ընտրությունների ժամկետների հետ կապված ի՞նչ դիտարկումներ ունեք, դրանց հետաձգումը ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել:

 

ԷՄԻԼ ՍԱՆԱՄՅԱՆ Վարչապետը հայտարարեց, որ մոտակա ժամանակահատվածում խորհրդարանական ընտրություններ կանցկացնի: Իհարկե, դա կարող է տեղի ունենալ միայն գործող խորհրդարանի մեծամասնության աջակցության շնորհիվ: Բայց հաշվի առնելով Երևանի ընտրությունների արդյունքները՝ կարծում եմ՝ ներկա ԱԺ պատգամավորների 20 տոկոսից ոչ ավելին կարող է վերընտրվել: Այլ կերպ ասած, քվեարկելով լուծարման համար՝ նրանք քաղաքական ինքնասպանության կգնան: Անհասկանալի է, թե ինչն է նրանց մղելու նման քայլի՝ հաշվի առնելով, որ հայ քաղաքական գործիչները ճապոնական սամուրայների կյանքի օրենքներին դեռ չեն հետևում: Այլընտրանքը նրանում է, որ փորձեն անցկացնել ևս մեկ կիսամյակ և հուսալ, որ իրավիճակը կրկին կփոխվի: Այնուամենայնիվ, կառավարությունը ստիպված կլինի խորհրդարանի լուծարման համար ճնշում գործադրել, ինչը կարող է հանգեցնել նաև բացասական հետևանքների: Իհարկե, ներկա խորհրդարանը չի արտացոլում հասարակության տրամադրությունները: Բայց համաշխարհային պրակտիկայում դա բավական տարածված երևույթ է: Օրինակ այսօր ԱՄՆ կոնգրեսը ևս առանձնապես չի արտացոլում ամերիկացիների տրամադրությունները, բայց դա չի նշանակում ժամետից շուտ ընտրությունների անցկացում: Հայաստանում 1990-95թթ-ին Գերագույն խորհուրդն էր հանդես գալիս, որի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը միանշանակ չէր ընդունվում մեծամասնության կողմից, չնայած նրա ավելի քան համոզիչ հաղթանակին 1991թ-ին: Եւ ի դեպ, Հայաստանի ժողովրդավարության անկումը՝ ընդդիմադիր ուժերի արգելք, նրա առաջնորդների ձերբակալություն, առաջին լուրջ ընտրակեղծիքներ, տեղի են ունեցել 1994-95 թթ-ին և նպատակ ունեին խորհրդարանում ապահովել մեծամասնություն:

 

ՆՈՐԱՆՈՐ Եւ ինչպիսի՞ իրավիճակ եք սպասում արդեն այդ ընտրություններում:

 

ԷՄԻԼ ՍԱՆԱՄՅԱՆ Եթե ընտրությունները տեղի ունենան մոտ ժամանակում և նույն պայմաններում, ինչ Երևանի ընտրությունները, ապա Փաշինյանի թիմը միանշանակ կհավաքի ձայների 80 տոկոսը և խորհրդարանում կստանա 105 մանդատից առնվազն 90: Բացառված չէ, որ նրանք կարող են նաև 100 տոկոսանոց հաղթանակ տանել, եթե օրինակ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հրաժարվեն մասնակցել ընտրություններին: