Home / Canadahye  / Քվեբեկի նահանգային ընտրությունների հայազգի թեկնածու Սիլվիա Բարոնյանը, ում ցանկությունն է ապահովել ընտանիքների բարեկեցությունը

Քվեբեկի նահանգային ընտրությունների հայազգի թեկնածու Սիլվիա Բարոնյանը, ում ցանկությունն է ապահովել ընտանիքների բարեկեցությունը

 

Բրոսսարդ (Նորանոր) _ Քվեբեկի փոքր քաղաքներից մեկում՝ Բրոսսարդում բնակվող հայազգի Սիլվիա Բարոնյանը միանգամից որոշեց մուտք գործել քաղաքականություն: Ունենալով առաջնորդի հատկանիշներ՝ նախորդ 25 տարիներին տարբեր ոլորտներում կատարած իր աշխատանքներում հաջողությունների էր հասել, լինեն դրանք գործարարության, առևտրի թե մտավոր ունակություններ պահանջող այլ աշխատանքներում: Նա ունի ճարտարապետի, տնտեսագետի որակավորումներ և կրթության ուսուցման մագիստրոսի աստիճան: Թե ինչու հանկարծակի որոշեց մասնակցել Քվեբեկի նահանգային ընտրություններում, մանրամասնել է Noranor.ca-ի հետ զրույցում:

 

Օրեր անց՝ հոկտեմբերի 1-ին կայանալու են Քվեբեկի 42-րդ Նահանգային Խորհրդարանական ընտրությունները, որոնց մասնակցության հայտ են ներկայացրել 5 կուսակցություններ՝ Լիբերալները (PLQ), Coalition Avenir Québec-ը (CAQ), Québec solidaire-ը (QS), Parti Québécois-ն (PQ) եւ Կանաչների կուսակցությունը (PVQ):  Քվեբեկը Կանադայի մեծությամբ երկրորդ նահանգն է, 8 մլն 200 հազար բնակչությամբ:

 

ՀԱՅՐԸ՝ ՀԱՅ, ՄԱՅՐԸ՝ ԻՏԱԼՈՒՀԻ

Սիլվիա Բարոնյանի հայրը հայ է, մայրը՝ իտալուհի, հայերեն քիչ է խոսում, պատճառն այն է, որ շրջանը, որտեղ ապրում է, շատ քիչ թվով հայեր կան: Ասում է. «Ներկայում Բրոսսարում շատ քիչ հայեր են ապրում: Ես դեռ ուզում եմ հասկանալ, թե արդյո՞ք նրանք Բրոսսարի բնակչության մեջ ինչ-որ տոկոս են կազմում»:

 

Անկախ հայերի ներկայացվածությունից՝ Կանադայում ծնված և երկու դուստրերի մայր Սիլվիա Բարոնյանը մտադիր է ապահովել Բրոսսարդի ներկայությունը խորհրդարանում: Սա է պատճառը, որ հայտ ներկայացրեց մասնակցել ընտրություններին: Պատմում է.

 

Ամուսինս կատակով առաջարկեց, թե ինչո՞ւ ես մուտք չեմ գործում քաղաքականություն

 

«Ամեն առավոտ ես կարդում եմ «Մոնրեալ» ամսագիրը: Այս տարեսկզբին, երբ ես այն կարդում էի,  դժգոհեցի ամուսնուս Լիբերալ կուսակցության որոշումների համար, հատկապես կրթության ու առողջապահության հարցերրի շուրջ: Ամուսինս կատակով առաջարկեց, թե ինչո՞ւ ես մուտք չեմ գործում քաղաքականություն: Այդ ժամանակ մեր քաղաքում CAQ-ը չուներ թեկնածու, և ես առավել մանրամասն ծանոթացա կուսակցության ծրագրին ու նպատակներին»::

 

ԲՐՈՍՍԱՐԴԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱԺ-ՈՒՄ

Որքան ավելի շատ է ծանոթանում կուսակցության ծրագրերին ու անելիքներին, այնքան ավելի հոգեհարազատ է դառնում վերջինիս գործությունեությունը, և Սիլվիան որոշում է միանալ կուսակցությանը:

 

Նրան առավել հետաքրքրող ու մտահոգող ոլորտները կրթությունն ու առողջապահությունն են, որոնք, կարծում է, լուրջ բարեփոխումների անհրաժեշտություն ունեն:

 

Ես կսատարեմ կրթության և առողջապահության ոլորտներում բարեփոխումներին: Ընտանիքը մեր կյանքում ամենակարևոր բանն է

 

«Ամենակարևոր բանը, որ ես ուզում եմ կյանքի կոչել ընտրվելու դեպքում, դա Բրոսսարդ քաղաքի և բրոսսարդցիների ներկայությունն է Ազգային ժողովում: Այնուհետ ես կսատարեմ կրթության և առողջապահության ոլորտներում բարեփոխումներին: Ընտանիքը մեր կյանքում ամենակարևոր բանն է: Մենք պետք է խրախուսենք երեխաների կապը դպրոցի հետ՝ նրանց համար ավելի լավ ապագա ապահովելու համար: Մենք պետք է ապահովենք, որ Քվեբեկի քաղաքացիների համար հասանելի լինի բժշկությունը: Մենք ուզում ենք, որ ընտանիքները շատ ավելի գումար վաստակեն»:

 

Ես վայելում եմ ուսումնառության փորձը

 

Ահա այն մոտավոր տեսլականը, որով երիտասարդ գործիչը հայտ է ներկայացրել նահանգային ընտրություններում: Սա նրա առաջին փորձն է, ու ասում է. «Սովորելու շատ բան կա. Ես վայելում եմ ուսումնառության փորձը»:

 

 

ՍԱՏԱՐԵԼՈՒ ԿՈՉԵՐ

Քարոզարշավի ընթացքից գոհ է, սակայն շատ են անելիքները, ասում է.

 

Ես ձգտում եմ անել ամեն ինչ, որպեսզի հաջողության հասնենք՝ վերցնելու ձայների մեծամասնությունը

 

«Թեև քարոզարշավը շատ լավ է ընթանում, սակայն հարցումների արդյունքները Լիբերալների օգտին են: Ես ձգտում եմ անել ամեն ինչ, որպեսզի հաջողության հասնենք՝ վերցնելո ձայների մեծամասնությունը»:

 

Հայազգի թեկնածուին սատարելու մասին է հայտարարել Հայ Դատի հանձնախումբը՝ իր զորակցությունը հայտնելով տիկին Բարոնյանին և կոչ ուղղելով Քվեբեկի հայրենակիցներին՝ իրենց քվեն անվարան նրան տալու ուղերձով: