Home / Armenia  / Միջին Արևելքի դատարկվող հայ գաղութն ու դրա դեմ պայքարող լիբանանահայ գործիչների առաջնահերթությունը՝ Հայաստան. Պատգամավոր Հակոբ Բագրատունի

Միջին Արևելքի դատարկվող հայ գաղութն ու դրա դեմ պայքարող լիբանանահայ գործիչների առաջնահերթությունը՝ Հայաստան. Պատգամավոր Հակոբ Բագրատունի

 

ԼԻԲԱՆԱՆ (Նորանոր) _ Կանադա տեղափոխվող հայերի թիվն օրեցօր աճում է, ու ոչ միայն Հայաստանից գաղթածների, այլև սիրիահայերի, ինչու ոչ, նաև Միջին Արևելքի այլ գաղութներից եկածների հաշվին: Իրավիճակը մտահոգող է այնպիսի գաղութի համար, ինչպիսին է Միջին Արևելքի համայնքը՝ իր աշխարհագրական դիրքի ազդեցությամբ, հարյուրամյակի ընթացքում ձևավորված ավանդույթներով ու ստեղծած հարուստ ժառանգությամբ: Այս ամենն այսօր գոյության լուրջ խնդրի առջև է գտնվում:

 

Լիբանանահայ պատգամավոր, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի քաղաքական կյանքում ազդեցիկ դեր ունեցող գործիչ Հակոբ Բագրատունին Noranor.ca-ի հետ զրույցում անդրադարձել է Միջին Արևելքի հայ համայնքի խնդիրներին:

 

ՆՈՐԱՆՈՐ Պարո՛ն Բագրատունի, ի՞նչ մարտահրավերների առջև է գտնվում Միջին Արևելքի հայ գաղութը: Ինչպիսի՞ ռիսկեր եք տեսնում այսօր, երբ Թուրքիան փորձում է թուրքական արհեստական գաղութներ հիմնել տարբեր երկրներում, իսկ Միջին Արևելքը կորցնում է իր հարյուրամյա համայնքը:

 

ՀԱԿՈԲ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ Բնականաբար կարելի չէ ըսել, որ Միջին Արևելքի հայությունը չի ազդվում Միջին Արևելքը տագնապեցնող զանազան խնդիրներից, ավելի վաղ Իրանի դեպքերը, Սիրիայում, Իրաքում կատարված դեպքերը շատ ավելի հին ժամանակներում Եգիպտոսում եղած դեպքերը, հիմա էլ Սիրիայի դեպքերը բնական պատճառներ էին, որոնց հետևանքով արտագաղթեցին այս երկրներից: Դժբախտաբար, անցնող ժամանակներում, երբ տակավին մեր հայրենիքն անկախ չէր, ներգաղթի հսկա հոսքն ուղղված էր դեպի Արևմուտք: Հիմա որ մենք ունինք մեր Հայաստանը, մեր առաջնահերթությունն է, որ եթե ամեն պարագայի հայ մարդը պիտի ձգե իր միջինարևելյան գաղութը, անպայման դեպի Հայաստան, դժբախտաբար դա էլ չիրականացավ: Սիրիահայերի որոշ մասը միայն Հայաստան ուղղվեցին, դժբախտաբար նաև ոմանք Հայաստանից էլ արտագաղթեցին դեպի Արևմուտք՝ օգտվելով հայաստանյան հպատակություն ստացած լինելու ընձեռած կարելիությունից:

 

Ինձ համար Միջին Արևելք մնում է հիմնական տարածաշրջան՝ իբրև Թուրքիայի սահմանամերձ շրջան, և ամեն ջանք պետք է թափել, որ Հայաստանը Թուրքիայի սահամանամերձ շրջաններից չհեռանա, այն, ինչ որ Թուրքիան Օսմանյան կայսրության օրերին և այնուհետև տարբեր բանակցությունների կամ դաշինքների ընթացքում փորձեց հայությունը դուրս բերել իր սահմանամերձ շրջաններից, լինի դա Սիրիայի կամ այլ շրջանի մեջ, այսօր խաղաղ ձևով միջինարևելյան տագնապի ընթացքում իրականանան: Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր շրջանի պատասխանատու՝ ազգային վարչություններ, կուսակցություններ, ինչու չէ, նաև Հայաստանում աշխատանք տանեն, որ այս գաղութները շարունակեն մնալ, վնասազերծել առավելագույն չափով այդ գաղութները՝ օժանդակություն տրամադրելով, հայը այդ շրջանում պահելով:

 

Այս դեպքերը կարող են հանդարտվել, և անպայման հանդարտվելու են, որևէ հայության զանգված մնալու է այս երկրներում, հետևաբար անհրաժեշտ է, որ ճիգ չխնայեն, որպեսզի մնան կազմակերպված, մնան բարօր, որովհետև այդ համայնքների գոյությունը նպաստելու է սփյուռքահայության հզորացման, նպաստի Հայաստանի հայության հզորացման:

 

ՆՈՐԱՆՈՐ  Դա նաև հօգուտ հայկական հարցի, Հայոց Ցեղասպանության ճանաչման և այլ գործընթացների՞ է միջազգային ասպարեզում: Այդ իմաստով ինչպե՞ս եք գնահատում մեր դիրքերը, և դրանց թուլացումը ինչի՞ կհանգեցնի:

 

ՀԱԿՈԲ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ Միջինարևելյան գաղութներն այն գաղութներն են, ուր հայապահպանումը մեծ տոկոս է կազմում, հայապահպանման վերքերը եթե համեմատենք, Միջին Արևելքի գաղութներում հայը հայ մնալու հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան արևմտյան գաղութներում: Ես չեմ խոսում հայերեն լեզվով արտահայտվելու կամ լավ հայոց պատմություն իմանալու մասին, այլ համախումբ հայություն ապրելու, աշխարհագրական տարածքի փոքր լինելը, գաղութային կյանքի աշխույժ լինելը: Սրանք նախադրյալներ են, որոնք օգտակար են հայապահպանման իմաստով, երբ որ հայապահպան այդ գաղութները շարունակում են գոյատևել, սա նշանակում է, որ Հայ Դատի ըմբռնողությունը, Հայաստանի հետ կապվածությունը շատ ավելի զորավոր է մնում, անկախ նրանից, որ արևմտյան գաղութներում ‘ Ամերիկա կամ Կանադա, շարունակվում է ազգային, հասարակական, մշակութային գործունեությունը, բայց միջին հաշվով միջինարևելյան գաղութները սահմանամերձ են Թուրքիային և Հայաստանին մոտ են, այս նախադրյալը շատ անհրաժեշտ է, որ նկատի ունենանք: Երկրորդը’ համախումբ ապրելու իրողությունն է, այսինքն’ երբ խոսում ենք, օրինակ Լիբանանի մասին, որ 10452 քառակուսի կմ է, ուր 120 000 հայություն է ապրում, տարբեր համեմատություններ կան, երբ խոսում ենք ԱՄՆ հսկայական տարածքի մասին, ուր հայության թիվը կարող է 1 կամ 1,5 մլն լինել, սակայն խտության իմաստով այնքան հեռու են միմյանցից, որ հավաքական կյանքը հնարավոր չէ ապրեցնել:

 

Բնական է, որ արևմտյան միջավայրի մեջ  Հայ Դատի դիվանագիտական գործունեությունը առավել տեղ ունի, մեր գործընկերները արևմտյան աշխարհի մեջ շատ ավելի լայն կարելիություններ ունեն, ինչ վերաբերում է Հայ Դատի, Ցեղասպանության միջազգային ճանաչման իմաստով: Միջին Արևելքի երկրներում’ արաբական, իսլամական  աշխարհում, հայութան գոյությունը Հայ Դատի օգտակարության իմաստով տարբեր բնույթ ունի, խիտ շարքերը, կազմակերպված լինելը, մարդուժ ունենալը, հայապահպանման ուժը, հայը հայ պահելու մարդուժը ունենալով, ինչպես նաև անմիջական կերպով Թուրքիային սահմանամերձ լինելը մեկ այլ առավելություն ունի: Այդ մարդկային դրամագլուխներին, առանց որին թեկուզ և հակաքարոզչություն կարողանա անել արևմուտքին, թեկուզ եթե Ցեղասպանության ճանաչման աշխատանքն անենք, առանց Միջին Արևելքի հայ գաղութների, արգասավոր չի լինի: Ես կարծում եմ, որ հսկայական զորավոր լայն շղթայի տարբեր օղակներն ենք Արևմուտքը, Միջին Արևելքը, և դրան ամենամեծ զորավոր ագուցող օղակն էլ Հայաստանն ու Արցախն են:

 

ՆՈՐԱՆՈՐ  Այդ ուղղությամբ ի՞նչ անելիքներ եք տեսնում: Որպես հայ պատգամավոր՝ ունե՞ք կամ տեսնո՞ւմ եք առաջիկա տարիների համար այն ծրագրերը, որոնք կնպաստեն գաղութի ամրապնդման:

 

ՀԱԿՈԲ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ  Անկախ ամենօրյա աշխատանքներից, որ կատարվում է, որը մեզ համար այլևս ամենօրյա կյանք է’ դպրոց, ակումբ, եկեղեցի և այլն, մենք և մեր կուսակցությունն օրինակի համար, երկու տարի արդեն հիմնադրամներ բացած ենք, հայ երիտասարդը երբ հայ աղջկա հետ է ամուսնանում, եկեղեցական պսակի ծախսերը, երեխայի մկրտության ծախսերն ենք վճարում, երբ երրորդ զավակն է ունենում, 2000 դոլար ենք նվիրում, կրթական ֆոնդ հաստատեցինք, որ հայկական վարժարաններից յուրաքանչյուր շրջանավարտ, որ Լիբանանում համալսարան է գնում, իրեն կրթական գումար ենք հատկացնում, առավել այն, ինչ որ կատարում ենք ընկերային իմաստով, գիտեք, Լիբանանում պետական միջոցները այնքան լայն չեն, և մենք պարտավորված ենք զգում ընկերային ծառայություն կատարել, հիվանդանոցային ծախսերին մասնակցենք, տան վարձերը վճարենք, անապահով ընտանիքներին օգտակար լինենք, որպեսզի հայը մնա Լիբանանում, բայց այն պարագայում, երբ հայը որոշում է գաղթել, մեզ համար կարմիր գիծ է, որ նա ներգաղթի Հայաստան:

 

ՆՈՐԱՆՈՐ  Ի՞նչպիսի հեռանկար եք տեսնում՝ եղածը պահպանելու ջանքեր, թե՞ զարգացման ծրագրեր:

 

ՀԱԿՈԲ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ Բնական է, որ գործն  սկսվում է եղածը պահելով, և եղածի վրա ավելացնելով: Ինչքան կարող ենք, նոր ներդրումներ հատկացնենք: Նյութական իմաստով հավելյալ ներդրումներ հատկացնենք: Լիբանանում համայնքը պետականորեն ճանաչված համայնք է, Լիբանանի քաղաքական վիճակն այնպիսին է, Սահմանադրույունն այնպիսին է, որ համայնքային իրավունքներ գոյություն ունեն, լինի պետության առաջին կարգի պաշտոնյաների մոտ, լինի բանակի մեջ, լինի դիվանագիտական մարմինների մեջ, լինի կառավարության կազմի, խորհրդարանի մեջ: Լիբանանում ՀՅԴ-ն, անկախ գաղութ լինելուց, նաև քաղաքական ներկայություն է: Շատ կարևոր է թե՛ Միջին Արևելքի համար, թե՛ նաև Հայաստանի և Արցախի  համար: