Home / Canadahye  / Ինչպես Ազնավուրին Մոնրեալում Հայաստանի պատվո քաղաքացի կոչում շնորհեցին և ինչից է, որ նրա «խոսքը երգեն առատ կու գար». Կանադահայ երաժիշտների հուշերն ու ափսոսանքը

Ինչպես Ազնավուրին Մոնրեալում Հայաստանի պատվո քաղաքացի կոչում շնորհեցին և ինչից է, որ նրա «խոսքը երգեն առատ կու գար». Կանադահայ երաժիշտների հուշերն ու ափսոսանքը

 

94 տարեկան հասակում կյանքից հեռացավ ֆրանսիական շանսոնյե, աշխարհահռչակ երգիչ, հայ ժողովրդի դեսպան Շառլ Ազնավուրը: Երգչի մահվան լուրը ամբողջ աշխարհում տարածվեց վայրկյանների ընթացքում՝ նույն զգացողությունն արթնացնելով բոլորի սրտերում:

 

Շառլ Ազնավուրը աշխարհի բոլոր երկրներում է հանդես եկել համերգներով: Իր երկարամյա ստեղծագործական կյանքի ընթացքում բազմիցս է այցելել Կանադա, որտեղ ապրող ոչ միայն հայերը, այլև օտարազգիները, ինչպես ամենուր, այստեղ էլ ցնծությամբ են ընդունել, վկայում են Կանադայի մեր հայրենակիցները:

 

Noranor.ca-ի հետ զրույցների ընթացքում կանադահայ երաժիշտ-կոմպոզիտորները վերապրել են Ազնավուրի հետ կապված հիշողությունները, վերագնահատել նրա հարուստ ժառանգությունը, ափսոսանք հայտնել ու հուզվել: Ներկայացնում ենք նրանց արձագանքները:

 

ՆՈՒՐՀԱՆ ԱՐՄԱՆԿանադահայ կոմպոզիտոր, Սինֆոնիա Տորոնտո նվագախմբի հիմնադիր-ղեկավար

 

Հոյակապ լեգենդ էր, ամենալավ երգիչներից, թե իբր երգիչ, թե իբր դերասան, կատարյալ արվեստագետ էր ամեն ճյուղի մեջ: Նրա մասնակցությամբ ֆիլմը կա՝ «Կրակե՛ք դաշնակահարի վրա», շատ հաջող դերասան է, ադոր մեջ քանի մը մեդալ շահեցավ:

 

Կարող էր ինքն իր զգացումները փոխանցել ժողովուրդին, ամենահաջող ձևով բացատրել ժողովուրդին զգացումները, երգած ատեն դերասանություն ալ կըներ բեմին վրա, որովհետև կզգար ադիկա, էլեկտրական էր իր կարողությունը, ուր որ գացած էր: Անշուշտ օպերային երգիչ չէր, բայց երբ որ Պավարոտտիի և Դոմինգոյի հետ երգեց, չորս տենոր եղան, երբ իր կարգը կու գար, կարծեմ 75 տարեկան էր, այնպես միկրոֆոնը կգործածեր, որ կրցավ Դոմինգոյի մոտ իր ձայնով հաջող ձևով երգել:

 

Իմացածիս պես շատ սիրված էր հոս, և միշտ բոլոր տոմսակները վաճառված էին համերգներեն շաբաթներ առաջ, միշտ մեծ սրահներու մեջ երգած է հոս, ոչ մենակ կանադահայեր, հոս շատ ֆրանկոֆոն ալ կա, որ ֆրանսերեն կխոսին, մանավանդ Քվեբեկի մեջ, կանադացիներն ալ կերթային կոնցերտներուն:

 

ՊԵՏՐՈՍ ՇՈՒԺՈՒՆՅԱՆԿանադահայ կոմպոզիտոր, Կանադայի կոմպոզիտորների միության անդամ

 

Այսօր առավոտյան լուրը ստացանք իր վախճանի, ինձ համար Ազնավուրը հայի իսկական կերպարն էր, որն արտացոլում էր պատկանելիության մեծ զգացում, որ փոխանցվել էր մեր նախկիների միջոցով, ապրելով օտար երկրում՝ իր պատկանելիությունը թե՛ ֆրանսիացի, թե՛ հայ ժողովրդին մնաց անբաժան: Լինելով լավ հայ, քրիստոնյա, ամենամեծ լուման ներդրեց հայրենիքին, առանց վարանելու երկու կամ երեք վայրկյան, երբ որ կարիք կար, և իբրև գյումեցի, ինձ համար զգացական էր իր բերած ներդրումը հայրենիքին երկրաշարժի ժամանակ:

 

Իսկ որպես երաժիշտ ներդրումը ֆրանսիական շանսոնյեի մեջ մեծ է, նրա մասին շատ պետք է խոսեն, երգերի տեսակավորման մեծ որակավորում, երաժտական մտքի հրաշք պատկերներ, և որպես երգիչ՝ բեմի վրա մեծ մարդ, քչերն են իր պես կարողանում հանդիասատեսը բռնել համերգի առաջին վայրկյանից մինչև վերջ:

 

Ես իրեն երկու անգամ Մոնրեալում եմ լսել, և հազարավոր ժողովուրդը ասեղ գցեիր, ձայնը կլսեիր, այդպես քար լռությամբ լսում էր:

 

1985թ-ին, երբ Մոնրեալում եղեռնի 80-ամյակն էինք նշում, համերգի հայտագրի պատրաստման պատասխանատուն էի, իրեն հրավիրել էին, բեմի ետևում մի քանի խոսք ենք փոխանակել, իր շնորհակալությունն էր հայտնել՝ իմանալով, որ բեմի ետևում կա պրոֆեսիոնալ աշխատանք: Սա, անշուշտ, մեծ գնահատական էր: Իսկ մեկ հանդիպում էլ ունեցա 1995թ-ին, երբ իրեն Հայաստանի պատվո քաղաքացի շնորհեցին, Մոնրեալում էր դա, անձնագիր հանձնեցին: Շատ հետաքրքիր հանդիպում էր, դա տեղի ունեցավ Մոնրեալի պետական թանգարանից մեկում, ներկաները պատիվ ունեցան միջոցառումը վայելել:

 

ԱՐԱՔՍԻ ԱԼԹՈՒՆՅԱՆԿանադահայ երաժիշտ, դաշնակահարուհի

 

Կներեք, կհուզվիմ, (Որոշ դադարից հետո, հուզված, դժվարությամբ է զսպում արցունքները), մեծ կորուստ էր, ես երաժիշտ եմ, ինծի համար Շառլ Ազնավուրը երգիչեն ավելի էր: Ինքը ըսել է՝ «Ինծի համար խոսքը երգեն առատ կու գա», ավելի կխոսեր երգերու միջոցով, ամեն երգը մեր սրտին կգտնինք, որովհետև մարդկային փորձառությունն կտանե, երիտասարդ ատենն այդքան չենք գնահատե: Երգիչե մը ավելի բանաստեղծ մըն է, որուն բանաստեղծությունները երկար ժամանակ իրենց արժեքը կպահեն, մարդկային փորձառությունը այն ձևով կներկայացնե, մենք բոլորս ինքզինքս կգտնեինք իր երգերու մեջ, երանի իր նմանները շատ ըլլային մեր ազգին մեջ:

 

Մանկությունես ի վեր Ազնավուրը կյանքիս մաս կազմած էր, հայու մը համար 94 տարեկանը երիատասարդ է, մենք վարժված ենք այդ տարիքի անձանց առույգ տեսնել, ինքն ալ առույգ երիտասարդ, կյանքի համար լավ ախորժակ ուներ:

 

Մեր երախտագիտությունը կհայտնենք, մեծ արվեստագետ մըն էր, կյանքի փիլիսոփա մըն էր…