Home / Canadahye  / Երեք լուսանկարի պատմություն կամ Շառլ Ազնավուրը՝ փոքրամարմին հսկան՝ կանադահայ Օննիկ Գավուքյանի նկարներում

Երեք լուսանկարի պատմություն կամ Շառլ Ազնավուրը՝ փոքրամարմին հսկան՝ կանադահայ Օննիկ Գավուքյանի նկարներում

 

Վանկուվեր (Նորանոր) _ Երեկվանից Շառլ Ազնավուրի կերպարը թևավորվել է՝ թույլ չտալով, որ վայրկյան իսկ ժողովուրդը մոռանա կորցրածի մասին՝ միևնույն ժամանակ վերագնահատելով այն հզոր ժառանգությունը, որ թողել է աշխարհահռչակ շանսոնյեն: Երգեր, լուսանկարներ, թևավոր խոսքեր, բառեր ու արտահայտություններ, որոնք բնորոշ էին կամ բնութագրում են մեծ հային: Ամեն մարդ ունի Ազնավուրի կամ նրա երգերի հետ կապված հիշողության մի պատառիկ:

 

Կանադահայ հայտնի լուսանկարիչ Օննիկ Գավուքյանը՝ հայտնի Գավուք լուսանկարչական ընկերության երրորդ սերնդի ներկայացուցիչը, լավ է հիշում 1973 թ-ի նոյեմբերի 23-ը: Կարծես երեկ լիներ, թեև արդեն 45 տարի է անցել, Ազնավուրը հերթական անգամ համերգով մեկնել էր Տորոնտո: Ծանոթ էր Օննիկ Գավուքյանի հոր՝ հայտնի լուսանկարիչ Արթին Գավուքի հետ, ուստի չմերժեց նրանց տանը հյուրընկալելու հրավերը:

 

Լավ հիշում եմ, երբ մեր տուն եկավ, դաշնամուր կար, նստեցավ, երկու երգ նվագեց, Հայաստանը երգեց

 

«Կոնցերտեն վերջը իմ ծնողքիս հետ խնջույքի եկավ: Լավ հիշում եմ, երբ մեր տուն եկավ, դաշնամուր կար, նստեցավ, երկու երգ նվագեց, Հայաստանը երգեց, Ֆրանսիայի նախագահը եկել էր այն ատեն»,-հիշում է պարոն Օննիկը:

 

ԹԱՇԿԻՆԱԿԸ՝ ՄԱՅՐԻԿԻՍ

Բայց մինչ ծնողների տանը հյուրընկալելը Ազնավուրն էր նրանց հրավիրել համերգի, որից հատկապես մի դրվագ է լավագույնս տպավորվել Գավուքյանի հիշողություններում: Պատմում է.

 

Երգի ատենը մոտեցավ և իրեն թաշկինակը մայրիկիս նետեց

 

«Ծնողքս և Ազնավուրը իրար լավ ճանաչում էին, երբ եկավ նվագելու, ծնողքիս հրավիրեց և առաջին կարգը նստեցուց, երգի ատեն մոտեցավ և իր թաշկինակը մայրիկիս նետեց, ես ալ հոն էի»:

 

ՓՈՔՐԱՄԱՐՄԻՆ ՀՍԿԱՆ

Գավուքյանի մայրը ֆրանսերենի ուսուցչուհի էր, հետևաբար Ազնավուրի հետ խոսում էր, բայց իր համար անհասկանալի էր այդ լեզուն, փոխարենը լավ էր տիրապետում լուսանկարչական արվեստին, հետևաբար ինքն ու հայրն էլ որոշեցին հավերժացնել մեծ հային՝ նրան հրավիրելով իրենց արվեստանոց:

 

Համերգային կոստյումով Ազնավուրը շքեղ տեսք ուներ, հիշում է նկարիչը, փոքրամարմին այս մարդու կարճ հասակի մասին առաջին տպավորությունները միանգամից տեղի էին տալիս, երբ արտահայտվում էր:

 

Երբ որ արտահայտվում էր, դառնում էր հսկա, հենց այդ հսկային ենք նկարել մենք

 

«Ես 28 տարեկան էի այն ատեն, ինքը՝ աշխարհահռչակ երգիչ, մարդ, ով այսպես ճանաչված է եղել, այսպես հռչակ է հանած, ինքը փոքր էր, կարճահասակ, հակառակ, որ վառ անձ մըն էր և երբ որ արտահայտվում էր, դառնում էր հսկա, հենց այդ հսկային ենք նկարել մենք, ես ու հայրս իրար հետ էինք աշխատում, երկուքիս ենք արել Ազնավուրի նկարը»,-պատմում է հայտնի նկարիչը:

 

ԴՈՒՔ՝ ԱՌԱՋԻՆԸ

Փոքր մարմնում ապրող հսկային նկարելուց հետո 45 տարի խնամքով պահում-փայփայում էր Գավուքյանը նկարները, դրանք թանկ էին, իսկ թանկ իրերից դժվար է բաժանվելը, բայց իր կամքով 73-ամյա նկարիչն առաջարկում է. «Երեք նկար եմ արել, մեկը ամեն մարդ տեսել է, բայց երկուսը ոչ մեկ չի տեսել, դուք առաջինը կարող եք լինել, եթե տպեք, և դրանից հետո ես ֆեյսբուքում կդնեմ»:

 

Իսկ մեկն ամեն մարդ տեսել է, բայց Ազնավուրին հանձնելու պատիվ անձամբ է ունեցել, հիշում է. «Տարիներ վերջ դարձյալ Կանադա եկավ, հիշում եմ, որ ինձ մոտ եկավ, ծնողքս Հայաստան էին, ինծի ըսավ՝ կրնա՞ս նկարը պորտրետի վրա պատրաստել»: Պատրաստեց, ուղարկեց երգչին, իսկ իրեն մնացին բարի, պարզ ու հզոր հայի կերպարի մասին տպավորությունները:

 

Մենք իրանմե կսպասենք, որ իր միջոցով Հայաստանը ներկայացնենք ավելի լավ, ինչ որ Ազնավուրը անում էր Հայաստանի համար

 

«Երբ մեկը լավ ճանչված է, հայ է, մենք իրանմե կսպասենք, որ իր միջոցով Հայաստանը ներկայացնենք ավելի լավ, ինչ որ Ազնավուրը անում էր Հայաստանի համար, ինքը հոգիով հայ էր, և հակառակ որ ճանչված էր, երբեք չէր հրաժարած իր հայրենիքեն»,-ասում է կանադահայ լուսանկարիչն ու ափսոսանք հայտնում, միևնույն ժամանակ իրեն հարստացած զգում միայն այնքանով, որ մեծ մարդուն անձամբ լուսանկարելու առիթ է ունեցել: