Home / Canadahye  / Հայաստանում Կանադայի դեսպանատան հիմնում, Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչում, ներդրումների աճ. Ի՞նչ սպասել վարչապետ Թրյուդոյի՝ Հայաստան այցից

Հայաստանում Կանադայի դեսպանատան հիմնում, Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչում, ներդրումների աճ. Ի՞նչ սպասել վարչապետ Թրյուդոյի՝ Հայաստան այցից

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Օտտավա (Նորանոր) _ Ինչպես արդեն հայտնի է, Հայաստանում առաջիկա շաբաթվա ընթացքում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային գիտաժողովը, որին բազմաթիվ երկրների ղեկավարների ու բարձրաստիճան պաշտոնյաների թվում իր մասնակցությունն է բերելու նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Այս այցելութեան նախաշեմին Կանադայի Հայ Դատի հանձնախումբը նոր նախապատրաստական ընդգրկուն աշխատանքներ է իրականացնում:

 

Կանադա-Հայաստան փոխհարաբերությունների առողջ զարգացումն ունենալով գործունեության հիմքում՝ այն իր դերն ունեցավ վարչապետ Թրյուդոյի՝ Հայաստան կատարելիք այցի որոշման կայացման գործում, վստահեցնում է Հայ Դատի հանձնախմբի Օտտավայի գրասենյակի ղեկավար Սևակ Բելյանը Noranor.ca-ի հետ զրույցում:

 

Ուրախ ենք, որ այս իմաստով, կանադական իշխանությունները ընդառաջեցին մեր համայնքի պահանջքին և այսօր այդ պատմական որոշումը արդեն դարձած է իրողություն

 

«2017-ի սկիզբեն ի վեր Հայ Դատի յանձնախումբը ունեցած է և կշարունակե ունենալ հերթական բարձրաստիճան հանդիպումներ վարչապետի գրասենյակին, Արտաքին գործոց նախարարության, Կանադա-Հայաստան խորհրդարանական խմբակցության և այլ նախարարների ու պետական պաշտոնյաների հետ քաջալերելու համար վարչապետ Թրյուդոյի մասնակցությունը սույն վեհաժողովին և նամանավանդ ապահովելու վարչապետի այցելությունը Հայաստան՝ մասնակցելու համար պետական պաշտոնական այցի: Հանձնախումբը  բազմիցս շեշտած էր երկկողմանի այցի անհրաժեշտությունն ու անոր ունենալիք դրական հետևանքները: Ուրախ ենք, որ այս իմաստով, կանադական իշխանությունները ընդառաջեցին մեր համայնքի պահանջքին և այսօր այդ պատմական որոշումը արդեն դարձած է իրողություն»,-ասում է Սևակ Բելյանը:

 

ԿԱՆԱԴԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հայաստան այցելությունը, ըստ քաղաքական ուժի պատասխանատուի, չպետք է սահմանափակվի զուտ, այսպես կոչված, «լոզունգային հայտարարություններով», այլ ակնկալում են գործնական քայլեր Կանադայի իշխանություններից: Իսկ ի՞նչ ասել է գործնական քայլ: Բելյանը մանրամասնում է.

 

Բացարձակ անհրաժեշտություն է և չկա ավելի լավ այլընտրանք, քան դեսպանատան մը հաստատումը

 

«Հանձնախումբը կշարունակե իր ներկայացուցչական աշխատանքը՝ ճնշում բանեցնելով կառավարության վրա, որ հարգե իր ընտրական խոստումն ու Երևանի մեջ հաստատե կանադական դեսպանատուն մը: Այս իմաստով, մենք իրենց հետ կշարունակենք քննարկել տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական և այլ նկատառումներու մանրամասնությունները, և այս բոլորի վերաբերեալ մեր ներկայացրած համոզմունքները հիմք ունենալով՝ կշեշտենք, որ սույն հարաբերությունները էապես զարգացնելու և զայն ավելի բարձր մակարդակներ փոխադրելու համար բացարձակ անհրաժեշտություն է և չկա ավելի լավ այլընտրանք, քան դեսպանատան մը հաստատումը»:

 

Բելյանը ակնկալում է, որ Թրյուդոյի այցելությունը Հայաստան նոր թափ կհաղորդի այս բանակցություններին և Հայաստանում Կանադայի դեսպանատուն հիմնելու գաղափարն իրական հիմքերի վրա դնելու հնարավորություն կտա, թեև առողջ քննարկումներ հարցի շուրջ, վստահեցնում է, որ շժարունակվում են:

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ

Դիվանագիտական հարաբերություններին նոր որակ հաղորդելու ծրագրերից զատ, աշխատանք է  տարվում բարեփոխումներ իրականացնել տնտեսական ոլորտում: Հայաստանի և Կանադայի միջև արդեն իսկ կան հաստատված համաձայնագրեր, ինչպես օրինակ առևտրի պահպանման և խթանման, կրկնակի հարկի չեղարկման, GSP ռեժիմի վերաբերյալ, օրինակներ է բերում Օտտավայի գրասենյակի տնօրենը՝ հավելելով.

 

Հայաստանի և Կանադայի միջև ստորագրվի ազատ առևտուրի համաձայնագիր

 

«Մենք նաև կաշխատինք, որ Հայաստանի և Կանադայի միջև ստորագրվի ազատ առևտուրի համաձայնագիր, որը մեծապես պիտի նպաստե երկու երկիրներու տնտեսական հարաբերությանց: Մենք թե՛ բանավոր, թե՛ գրավոր ուսումնասիրություններ ներկայացուցած ենք պատկան մարմիններուն՝ Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշներուն վերաբերյալ, ինչպես նաև օրենսդրական այն դրություններուն մասին, որոնք ավելի դյուրին կդարձնեն օտարերկրյա ներդրումներ կատարել Հայաստանի մեջ»:

 

Հաջորդ ամենակարևոր հարցերը Հայոց Ցեղասպանության հիշատակման ու Արցախյան հիմնահարցի վերաբերյալ սկզբունքների հաստատումն է Կանադայի իշխանությունների կողմից: Ինչպես հայտնի է, Կանադան այն երկիրն է, որն կառավարության բոլոր մակարդակներով ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, իսկ Արցախյան հարցի վերաբերյալ Հայ Դատի հանձնախումբն ու այս երկրում հայաստանյան մյուս կազմակերպությունները դեռևս անելիքներ ունեն:

 

«Մենք ընդգծած ենք վարչապետ Թրյուդոյի Ծիծեռնակաբերդ այցելելու անհրաժեշտությունը, ինչպես նաև իրենց իրազեկած ենք Արցախյան հիմնահարցի վերաբերող մեր անշեղ սկզբունքներուն և անոնց նկատմամբ մեր պատկերացումներուն՝ կոչ ուղղելով կառավարության, որ ճանչնա Արցախի ինքնորոշման իրավունքը»,-ասում է ՀՅԴ Կանադայի ներկայացուցիչը: