Home / Canadahye  / Սատարել իշխանությա՞նը, թե՞ ընդդիմանալ. ՍԴՀԿ-ն հաստատակամ է, Դաշնակցությունը փոխել է կարծիքը

Սատարել իշխանությա՞նը, թե՞ ընդդիմանալ. ՍԴՀԿ-ն հաստատակամ է, Դաշնակցությունը փոխել է կարծիքը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ, Տորոնտո (Նորանոր) _ Հայաստանում նոր իրավիճակ ստեղծվեց, որում իր դերակատարումն ունի նաև ՀՅԴ կուսակցությունը: Քաղաքական այս ուժը, որ Թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանության կողքին էր կանգնել, Երևանի ավագանու ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ նախաձեռնեց մի փաստաթուղթ, որի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունները հետաձգելն էր:

 

Մյուս ավանդական քաղաքական կուսակցությունները թերևս միայն կողքից են հետևում զարգացումներին, թեև որոշում ունեն մասնակցել արտահերթ ընտրություններին: Նոր քաղաքական պայմանների մասին իրենց գնահատականները Noranor.ca-ի հետ զրույցում տվել են ՀՅԴ և ՍԴՀԿ կուսակցությունների պատասխանատուները:

 

 

ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԷ

Դաշնակցության Կենտոնական կոմիտեի ներկայացուցիչ կանադահայ Րաֆֆի Տոնապետյանը հակիրճ անդրադարձավ նոր իրավիճակում իրենց հայաստանյան կուսակիցների գործելակերպին և կուսակցության դիրքորոշման փոփոխությունն էլ պայմանավորեց հետևյալ իրավիճակով:

 

Մենք սիրո և համերաշխության հեղափոխութեան կողքին եղանք, սակայն «սև ու սպիտակի» հատվածային բաժանումներ ստեղծելու փորձը մեզի համար ըմբռնելի ու ընդունելի չէ

 

«Հայաստանի մեջ ապրիլեն ի վեր տեղի ունեցող քաղաքական զարգացումներուն կհետևի ՀՅԴ Կանադայի կառույցը։ Մեր հայրենիքին մեջ արմատական բարեփոխումներ իրագործելու առաքելության ջատագովներեն ենք, հատկապես ինչ կվերաբերի փտածության դեմ պայքարին։ Ինչպես բոլոր արևմտյան կիսագունդի երկիրներուն և հասարակություններուն պարագային, փտածության դեմ պայքարը Հայաստանի մեջ պետք է հստակ գործընթացով առաջ երթա։ Մենք սիրո և համերաշխության հեղափոխութեան կողքին եղանք, սակայն «սև ու սպիտակի» հատվածային բաժանումներ ստեղծելու փորձը մեզի համար ըմբռնելի ու ընդունելի չէ։ Կանադայի մեր կառույցը հաստատորեն կարձագանքե ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի Հոկտեմբեր 3-ի հայտարարությանը, որպեսզի հստակ Ճանապարհային քարտեզով արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգը ճշտվի»,-ասաց Տոնապետյանը:

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԽԱՆԴԱՎԱՌ

ՍԴՀԿ կուսակցությունը, ի տարբերություն Դաշնակցության, ի սկզբանե եղել է թավշյա հեղափոխության կողքին: Կուսակցության Տորոնտոյի մասնաճյուղի ատենապետ Համո Թաթուլյանն ասում է. «Վարիչ մարմինը այստեղ ալ ելավ, Փաշինյանի հետ քալեցավ, անոր համար կհավատայինք, որ պետք է հաջողեր այս ամենը, կուսակցության թերթերը միշտ քննադատող եղած էին նախորդող կառավարությանը, և այս շարժումը որ եղավ, ամեն կողմեն դուրսեն ալ, ներսեն ալ համոզված էին,որ պետք է հաջողի»:

 

Ավելին, կուսակցության սփյուռքի կառույցներն ավելի են ամրապնդվել ու ոգևորվել Հայաստանի զարգացումներից, վստահեցնում է Թաթուլյանը, դրանով պայմանավորված՝ նաև իրենց ծրագրերն են ավելացել ու հստակեցվել:

 

Այս կառավարության եթե կռնակ չկենանք, սխալ կընենք

 

«Շրջանը բավական ուժ ստացած է, Հայաստանի եղածը կխանդավառե իրենց, շատ ավելի համախոհ աշխատանք կա, ընդհանուր պատկերը դեպի առաջ երթալ է, մանավանդ հիմա ես կկարծեմ, որ այս կառավարության եթե կռկա չկենանք, սխալ կընենք»:

 

Իսկ սատարել ասելով նկատի ունեն ոչ միայն հեռակա աջակցությունը, այլև հստակ գործողություններ: Թաթուլյանը, ով անձամբ է որոշել օրինակ դառնալ այլոց համար, սեփական բիզնեսն է փորձում հիմնել Հայաստանում, որպեսզի օրինակ ունենա մյուսներին ցույց տալու, ոչ թե խոսքերով համոզելու: Ասում է.

 

Կրնամ երթամ-ըսեմ, որ ես ըրի, որովհետև շատ դյուրին է, դուն ինչի չես ըներ, եկուր քեզի ալ ըսեմ, դուն ալ ընես

 

«Ամենուն չես կրնար ըսել՝ դու գնա այստեղ, իսկ մենք աս կընենք: Եթե որ իմ ներդրումս Հայաստանի մեջ հաջողի, կրնամ երթամ-ըսեմ, որ ես ըրի, որովհետև շատ դյուրին է, դուն ինչի չես ըներ, եկուր քեզի ալ ըսեմ, դուն ալ ընես: Աս է մեր նպատակը, հոն մենք մեծցանք, զորացանք: Հայապահպանությունը միայն շենք ու եկեղեցի շինելով չէ, տարբեր բաներով է, այս տարին ալ անցնենք, հաջորդ տարիներուն շատ ավելի տարբեր ծրագիրներ ունինք, ոչ անոնք, որ երեք կուսակցություններ միասին կընենք»:

 

ՉԵՆ ՍԽԱԼՎՈՒՄ

Տարբեր ծրագրեր իրականացնելու համար ունեն կամք, ֆինանսական միջոցներն էլ խնդիր չեն, խնդիր է միայն երիատասրդների համախմբումը, իսկ ընդհանուր առմամբ իրենց անդամների թվի աճին նպաստել է սիրիահայերի հոսքը Կանադա:

 

«Կարևորը երիտասարդությունը համոզել, և ինքը ալ համոզվի, երբ որ իրենք գաղափարներով գան, այն ատեն ֆինանսական հարցով շատերը կան, որ կօգնեն»,-ասում է Տորոնտոյի մասնաճյուղի  ատենապետը:

 

Ճակատագրական տարի է մեզ համար այս տարին ալ, և չի կրնա ըլլա, որ սխալ կողմնում ըլլանք այս հեղափոխության

 

Իսկ որ նոր իշխանություններին սատարելու հարցում չեն սխալվում, վստահ է, մտավախություններ չունի, թե կարող է սխալ ուղղությամբ է գնում Հայաստանը, իրենք էլ հետևում են: Պատմությունից է օրինակ բերում ու իրենց երկարամյա փորձը մատնանշում՝ ասելով. «Պատմության մեջ երբ որ ճակատագրական դեպքեր եղած են, ՍԴՀԿ-ն միշտ շիտակ ըրած է, որովհետև ժողովրդի շահեն ելած է: Ճակատագրական տարի է մեզ համար այս տարին ալ, և չի կրնա ըլլա, որ սխալ կողմնում ըլլանք այս հեղափոխության»: