Home / Armenia  / Իրանահայ Պատրիսիա Կարսյանը, ով 18 տարի առաջ է եկել Հայաստան ու ամուսնացել, պատմում է Իրանի հայ համայնքի ավանդույթների ու համայնքից վտարվող աղջիկների մասին

Իրանահայ Պատրիսիա Կարսյանը, ով 18 տարի առաջ է եկել Հայաստան ու ամուսնացել, պատմում է Իրանի հայ համայնքի ավանդույթների ու համայնքից վտարվող աղջիկների մասին

 

Երևան (Նորանոր) _ Պատրիսիան Իրանից 18 տարի առաջ Հայաստան եկավ՝ ուսումը շարունակելու նպատակով, եկավ, որ հայրենիքում ճարտարապետի կրթությունը համալրեր, այնուհետ մեկներ Անգլիա, որտեղ հորաքույրերն էին բնակվում:

 

Շատ եմ հիասթափվել, բայց երևի իմ հայրիկի դաստիարակությունն է եղել, որ դիմացել եմ

 

Պատրիսիան հիացած չէր այն վերաբերմունքով, որին որպես իրանահայ՝ արժանանում էր Հայաստանում, «Շատ եմ հիասթափվել, բայց երևի իմ հայրիկի դաստիարակությունն է եղել, որ դիմացել եմ»,-ասում է նա, այդ դաստիարակությունն էր ու նաև Հայաստանում ապագա ամուսնու հետ ծանոթանալու հանգամանքը, որ նրան կապեցին Հայաստանին:

 

Երբ ես եկա, ինքն էլ տեղափոխվեց Հայաստան, միշտ իր երազանքն է եղել

 

«Իմ պապայիս երազանքն էր, որ գայի Հայաստան, նա դեմ էր, որ գնայի Անգլիա, հիմա ինքն ամեն ինչ թողել է այնտեղ ու այստեղ է մնացել: Երբ ես եկա, ինքն էլ տեղափոխվեց Հայաստան, միշտ իր երազանքն է եղել, սովետի ժամանակ էր դիմել մի քանի անգամ, բայց չէր կարողացել գալ»,-պատմում է Պատրիսիա Կարսյանը:

 

ՀԵՇՏ ՈՒ ԴԺՎԱՐ

Ի տարբերություն մյուս հայրենակիցների, ամուսնու ընտանիքի վերաբերմունքը բոլորովին այլ էր, «շատ կիրթ, տարբեր էր, և նպաստեց, որ մնամ Հայաստան»,-ասում է կինը, ում մտքով երբևէ չէր անցել, որ կամուսնանա ու կապրի Հայաստանում:

 

Երբ ես եկա, ինքն էլ տեղափոխվեց Հայաստան, միշտ իր երազանքն է եղել

 

«Գիտե՞ք, հեշտ է, երբ շրջապատդ բոլորը հայ են, ու ապահով է, չես մտածում՝ երեխան դուրս եկավ, ինչ է լինելու, վստահություն կա մարդկանց մեջ, որ ուրիշ երկրներում չկա: Դժվարությունը այն է, որ շուկան փոքր է, մրցակցությունը շատ է, մարդիկ շատ հարուստ չեն, այդ բարդությունները կան»,-պատմում է «Իմիջմեն»  ստուդիայի ճարտարապետը:

 

18 ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այն իր ամուսնու հիմնած ընկերությունն է, որտեղ միասին են աշխատում, դժգոհ չէ, ճարտարապետ-դիզայներ ամուսիններով հաջողությունների են հասել, թեև Պատրիսին դրանք իրեն քիչ է վերագրում՝ ասելով.

 

Երկար պատմություն ունենալու ու իր տաղանդի շնորհիվ մեր ստուդիան բավականին հայտնի էր

 

«Ամուսնուս շնորհիվ, երկար պատմություն ունենալու ու իր տաղանդի շնորհիվ մեր ստուդիան բավականին հայտնի էր, ինչի շնորհիվ այդպես կարողանում ենք զարգացնել»:

 

Արդեն 18 տարի՝ 2000 թ-ից նա ապրում է հայրենիքում ու Հայաստանն է իր տունը համարում, իր երեխաների տունը, որոնց ապագան միայն այստեղ է պատկերացնում, որքան էլ դժվարություններով լի, բայց նաև ապահով ու հանգիստ:

 

ՎՏԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԻՑ

Փոքր դժվարությունները հիմա արդեն չեն վախեցնում, գոհ է, ամուսնանալ օտարազգի քաղաքացու հետ երբեք չէր փորձի, իսկ Իրանում, հայտնի է, թե որքան խիստ է վերաբերմունքը ոչ քրիստոնյայի հետ ամուսնանալու փաստին:

 

Եթե ամուսնանում ես այլազգի մարդու հետ, քեզ վտարում են համայնքից

 

«Մեր ընտանիքում այնպես էր դրվածքը, որ չեմ մտածել այլազգիի հետ ամուսնանալու մասին, Իրանում առտավել ևս, որը միակ համայնքն է աշխարհում, որ տանը ամեն տեղ հայերեն են խոսում, ու եթե ամուսնանում ես այլազգի մարդու հետ, քեզ վտարում են համայնքից: Շատ խիստ է դրված խնդիրը, որ հայերն իրար հետ ամուսնանան, չձուլվեն, որ հայ մնան, դրա շնորհիվ է, որ այքան ժամանակ մնացել են»,-հպարտությամբ է ասում նախկին իրանահայը:

 

Ոչ միայն ամուսնության հարցում այդ խստապահանջությունը, այլև ավանդույթներն՝ ըստ օրացույցի պահպանելը ազգային արժանապատվության հարցեր էին, դրանք նա իր հետ բերեց Հայաստան, շաղկապեց, համեմատեց ու հասկացավ, որ հայկական եկեղեցական ու ընտանեկան ավանդույթներն ավելի շատ պահպանված են Իրանում, քան Հայաստանում: Ասում է.

 

Այստեղ իմ ամեն ինչը խախտվել է, իսկ այնտեղ որ օրացույցը տպվում է, ամեն օր նշվում է, թե ինչ օր է

 

«Այստեղ իմ ամեն ինչը խախտվել է, իսկ այնտեղ որ օրացույցը տպվում է, ամեն օր նշվում է, թե ինչ օր է»: Հիշում է մի քանի տոներ ու համեմատում՝ նշելով. «Նոր տարվա գիշերն այնտեղ էական չէ, որ տանն անցկացնես, կարևորը, որ շատ ուրախ անցկացնես, դրսում են նշում, միություններում մեծ տոներ են անում, իսկ Սուրբ ծնունդը պարտադիր տանը պետք է անցկացնես, դա միակ  տարբերությունն է: Հիմա այստեղ էլ են շատացել, Տյառնընդառաջը մեծ շուքով նշում են, խարույկ են անում, բայց որ նոր էի եկել, այդպես չէր: Քիչ-քիչ վերադառնում են»,-հույս է հայտնում երիտասարդ կինը:

 

ԱՆՑՅԱԼՈՒՄ՝ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՊԱԳԱՅՈՒՄ՝ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

Ավելի մեծ սպասումներ ունի երկրի տնտեսական զարգացման հեռանկարներից, կարծում է, որ երկիրը կբարելավվի, եթե տնտեսական հնարավորությունները մեծանան, խթանվեն ներդրումներն ու ժողովրդի կենսամակարդակը բարելավվի, իսկ այդ ամենը հնարավոր է ինչպես զբոսաշրջության, այնպես էլ հայրենադարձության ճանապարհով, հետևաբար կարծում է.

 

Ավելի մեծ հարգանքի արժանանան այստեղի  ապրողների կողմից, շատ մարդիկ եկան, գնացին

 

«Հույսով եմ, որ սփյուռքի հայերն ավելի շատ գան ու այստեղ մնան, ավելի մեծ հարգանքի արժանանան այստեղի  ապրողների կողմից, շատ մարդիկ եկան, գնացին: Ուղղակի ափսոսում եմ, որ սիրիահայերը չկարողացան մնալ, պետությունը չօգնեց, որ գան այստեղ դրսևորեն իրենց, երբ ունևորը գալիս է ու տաքսիի վարորդ է աշխատում կամ արժանի վերաբերմունք չի ստանում, շատ դժվար է»:

 

Վերաբերմունքը հատկապես շեշտում է այդ ճանապարհն անցած հայրենադարձը, ում համար դժվարին շրջանը անցյալում է, իսկ ապագայում միայն Հայաստանում է տեսնում իր երեք զավակների ապագան: