Home / Canadahye  / Քվեբեկն ու Նյու Բրյունսվիկը Հայաստանում. Ֆրանկոֆոնիան Հայաստան է բերել մեծ թվով կանադացիների՝ ի դեմս նաև վարչապետ Ջասթին Թրյուդոյի

Քվեբեկն ու Նյու Բրյունսվիկը Հայաստանում. Ֆրանկոֆոնիան Հայաստան է բերել մեծ թվով կանադացիների՝ ի դեմս նաև վարչապետ Ջասթին Թրյուդոյի

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն արդեն Հայաստանում է, իսկ կանադական պատվիրակությունը դեռ շաբաթասկզբից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Երևանում է, կանադացիներն ու կանադահայերը շրջել են Հայաստանի մայրաքաղաքում, ծանոթացել մեր երկրին ու ներկայացրել Կանադան:

 

Ծանոթություններով չեն սահմանափակվել հայաստանյան այցելությունները, կանադական ընկերությունների ու բուհերի  հետ ձեռք են բերվել համագործակցության պայմանավորվածությունները, թարմացրել են հուշագրերը, ներդրումների հնարավորություններն ուսումնասիրել:

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆՅՈՒ ԲՐՅՈՒՆՍՎԻԿԻ ՀԵՏ

Կանադայի Նյու Բրյունսվիկ ընկերությունների խորհրդատու Մանուելա Քեմդոմ-Իսսամբին ներկայացնում է, որ երկլեզու Նյու Բրյունսվիկը եկել է Հայաստան՝ կիսվելու իր փորձառությամբ կրթության ոլորտում: Նահանգը համալսարանների ու քոլեջների օրրան է, որտեղ գործում է նաև ֆրանսիական համալսարան, այնպես, ինչպես Հայաստանում:

 

«Մենք ունենք ծրագրեր, և քանի որ Նյու Բրյունսվիկում խոսում են ֆրանսերեն ու անգլերեն, մենք էլ ենք միջոցառումներին մասնակցում: Մենք այստեղ ենք եկել մեր փորձառությունը կիսելու ձեզ հետ, մենք մեր կրթական ծրագրերով ենք հանդես գալիս, երկու լեզվով էլ կրթություն առաջարկում ենք»,-Noranor.ca-ի հետ զրույցում պատմում է կանադացի մասնագետը:

 

Ոչ միայն առաջարկում են, այլև արդեն հուշագիր են ստորագրել հայաստանյան համանուն բուհի հետ: Ֆրանսիական համալսարանի հետ գործընկերային հարաբերություններ են սկսվել: Ասում է.

 

Կարծում եմ՝ այս գագաթնաժողովի արդյունքն էլ մեր համագործակցությունը կլինի

 

«Ես գալիս եմ Հայ-ֆրանսիկան համալսարանից, համաձայնագիր ենք ստորագրել ռեկտորի հետ, ռեկտորը նաև մեր համալսարանում է աշխատում, և կարծում եմ՝ այս գագաթնաժողովի արդյունքն էլ մեր համագործակցությունը կլինի: Ներկայում քննարկում են՝ ինչ ձևաչափով կլինի համագործակցությունը, փոխանակման ծրևագրերից որն ավելի լավ կաշխատի, այդ ուղղութամբ են աշխատում, որից հետո վերջնական համաձայնության կգանք»:

 

ԱԶՆԱՎՈՒՐՆ Է ՍԵՐՈՒՄ

Տիկին Մանուելան Հայաստանը ճանաչում է ոչ միայն Ֆրանկոֆոնիայի միջոցով, Հայաստանը այն երկիրն է, որտեղից Շառլ Ազնավուրն է սերում, ասում է նա, այն երկիրն է, որտեղից բազմաթիվ հայեր Կանադա են գաղթում, իսկ այդ հայերից ոմանք նույնիսկ իրեն են դասավանդել, հարցին, թե մինչ այս լսե՞լ էր Հայաստանի մասին, արձագանքում է.

 

Կանադայում ես ինքս սովորել եմ մի բուհում, որտեղ դասավանդել են հայ դասախոսներ, այդ թվում Միսակ Շուլաքյանը

 

«Օհ, Իհարկե ես լսել եմ Հայաստանի մասին մինչև ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, քանի որ ես ծանոթ եմ աշխարհի տարբեր պետությունների պատմություններին, Հայաստանին ևս, և գիտեմ, որ Հայաստանը յուրահատուկ պատմություն ունի: Կանադայում ես ինքս սովորել եմ մի բուհում, որտեղ դասավանդել են հայ դասախոսներ, այդ թվում Միսակ Շուլաքյանը, ովքեր իրենք գիտելիքներով առանձնանում են, իհարկե գիտեի Հայաստանի մասին, շեշտում է նա:

 

ՔՎԵԲԵԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հայաստանի մասին չեն կարող չիմանալ հայերն, ովքեր Կանադայում են ծնվել, բայց մեծացել հայրենիքի մասին պատմություններով:

 

Վալենտինա Մանուկյանը Մոնրեալից է եկել, Քվեբեկ նահանգի տաղավարի ներկայացուցիչն է Հայաստանում բացված ֆրանկոֆոնիայի ավանում. Այստեղ յուրաքանչյուր այցելու իրեն կարող է զգալ Մոնրեալում, իսկ դա ոչ ոք ավելի լավ չի կարող ներկայացնել, քանի մոնրեալահայը, ով 6-րդ անգամ է այցելում Հայաստան:

 

Կրնաս տեսնիլ Քեպեքը ու երգը լսես, հիմա իրենք Քեպեքի մեջ են

 

«Ասիկա վիդեո է 3G, Քեպեքի մեջ չորս կարևոր ու հետաքրքիր տեղ կա, շատ մեծ կոմպոզիցիա կա և Քեպեքի մասին լավ երգեր, երբ որ հագնիս ակնոցներդ, կրնաս տեսնիլ Քեպեքը ու երգը լսես, հիմա իրենք Քեպեքի մեջ են: Երկրորդ բաժնի մեջ  Քեպեքն է, ուր ձյուն կա, 6 ամիս ձյուն կա, հոս կցուցնենք, թե ինչպես է ձմեռը, իսկ երրորդի մեջ կներկայացվեն պրոեկտներ, որ Հայաստանը կրնա ընել»,-պատմում է Վալենտինան:

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԷՐ ԱՊՐԻ

Եթե ամեն տարի էլ հնարավորություն լինի, նա սիրով կայցելի Հայաստան, որևէ առիթ բաց չի թողել հայրենիք գալու, ինչ-որ բանով օգտակար դառնալու, սակայն Հայաստանում ապրել չէր ցանկանա, ասում է. «Չեմ կարծեր, որ էստեղ ուզեմ ապրել, բայց կուզեմ օգնել, պրոյեկտներ ընել: Ավելի ընտանիքը ձգելն է խնդիրը, ամեն ինչ պետք է փոխվի ընտանիքիդ  հետ, անիկա չեմ կրնար ընել, բայց կրնամ օգնել: Բայց քանի մը անձ գիտեմ, որ եկել են, քանի որ կուզեին փոփոխություն մը, կյանքը քեզի կու տա, բայց ով որ եկել է, շատ ուրախ է, չուզե որ ետ գա»:

 

Ոչինչ նրան չի ստիպում թողնել ցուրտ Քվեբեկն ու ապրել արևոտ Երևանում

 

Նրանց օրինակն իր համար վարակիչ չի եղել, փոխարենը ոգևորված է հայերի վերաբերմունքով: Բայց դա էլ նրան չի ստիպում թողնել ցուրտ Քվեբեկն ու ապրել արևոտ Երևանում: «Մենք սովորել ենք, մեզի համար դյուրին է, ավելի դժվար է մարդկանց համար, որ չեն տեսած, բայց կվարժվիս, եթե օգնության պետք ունենաս, կառավարությունը կօգնե»,-ասում է կանադահայ երիտասարդը: