Home / Armenia  / Հայաստանի և Կանադայի վարչապետների ելույթների շեշտադրումներն ու Կանադայի ներկայությունը Հայաստանում

Հայաստանի և Կանադայի վարչապետների ելույթների շեշտադրումներն ու Կանադայի ներկայությունը Հայաստանում

 

Երևան (Նորանոր) _ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքսեղմումը երկարատև էր, ջերմ: Աշխարհի մեծությամբ երկրորդ երկրի ղեկավարը, ով Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին է մասնակցում Երևանում, ասում է՝ լավ հիշողություններ ունի Հայաստանից, ուր եղել է 1988 թ-ին՝ հոր հետ:

 

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԳՏՈՂ

88-ից հետո Հայաստանում շատ իրադարձություններ են տեղի ունեցել, որոնցից վերջինը եղավ իշխանափոխությունը, և հենց Նիկոլ Փաշինյանին վիճակվեց ընդունել աշխարհի 84 երկրներից ժամանած պատվիրակություններին: Հայաստանն այսօր աշխարհում ընկալվում է ժողովրդավարության ձգտող երկիր, անկախ երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներից ու հակասական ճամբարների ձևավորումից:

 

Այս նոր Հայաստանը, որն առաջնորդվում է «Թավշյա հեղափոխության» գաղափարներով, այս քաղաքացիական և ժողովրդավարական շարժմամբ

 

«Իրական, ամուր ինքնություն, ստեղծարար էներգիա, դինամիկություն ունեցող Հայաստան, որն ապրել է 1915 թվականի Ցեղասպանության ողբերգությունը և այսօր առաջ է շարժվում՝ վստահ լինելով իր ապագայի համար։ Այս նոր Հայաստանը, որն առաջնորդվում է «Թավշյա հեղափոխության» գաղափարներով, այս քաղաքացիական և ժողովրդավարական շարժմամբ, որը առաջ է տարվել հայ երիտասարդների և կանանց կողմից, որոնց հաջողվել է ողջ բնակչության հետ կիսել իրենց միասին ապրելու կամքը ազատ, արդար և համերաշխ հասարակության մեջ»,- Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացմանը երկրի մասին խոսելիս շեշտեց  Հայաստանի վարչապետը:

90, ԹԵ 9 ՄԻԼԻՈՆ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ելույթն այլ շեշտադրումներից էր բաղկացած, անկախ նրանից, որ Հայաստանը փոքր երկիր է, այն համարվում է մի կազմակերպության անդամ, որը կրում է համամարդկային արժեքներ:

 

Մենք պետք է նախ համախմբվենք ոչ միայն մեր ճառերի շուրջ, այլ նաեւ այն ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել:

 

«Ձեր երկիրը՝ ունենա 90 միլիոն, թե 9 միլիոն բնակչություն, դուք մեր կազմակերպության լիիրավ անդամ եք: Այս արժեքները, իհարկե, կազմում են մեր հպարտությունը եւ միեւնույն ժամանակ մեզ պետք է ներչշնչեն մեր տեսլականներում, թե ինչպես ենք կառուցում կյանքը մեր սեփական երկրներում: Մենք պետք է նախ համախմբվենք ոչ միայն մեր ճառերի շուրջ, այլ նաեւ այն ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել: Շատ քաղաքացիներ իրենց մոռացված են զգում գլոբալիզացայի խոստումներից: Շատ կան բնիկ ժողովուրդներ, որոնք նույնպես իրենց զգում են մոռացված ժամանակակից աշխարհի խոստումներից: Ոչ մի երկիր չի կարող գրանցել հաջողություններ՝ առանց բոլորի մասնակցության՝ անկախ նրանց կրոնական եւ ազգային պատկանելություններից»,-շեշտեց Ջասթին Թրյուդոն:

 

Միասին մենք կարողացել ենք ստեղծել մի տիրույթ, որտեղ առաջնորդվում են միմյանց հանդեպ հարգանքով

 

Իսկ որպես մեծանուն հայ՝ նա հիշատակել է Շառլ Ազնավուրի անունը՝ ասելով. «Ինչպես իմ գործընկերները, ես չեմ կարող չարտահայտել խորը ափսոսանք՝ մեծ մարդու՝ Շառլ Ազնավուրի համար, ում ես անչափ սիրում էի: Բոլորս՝ ամբողջ ֆրանկոֆոն աշխարհը համախմբվեց՝ հարգանքի տուրք մատուցելու նրան: Շառլ Ազնավուրը մանրամասն զգում էր մեր լեզվի բոլոր նրբերանգները եւ մեր մշակույթների բոլոր նրբությունները: Ես տեսնում եմ, որ նույն ոգին առկա է այստեղ եւս: Սա բնավ չի նշանակում, որ մենք համաձայն ենք ամեն ինչի շուրջ: Սակայն միասին մենք կարողացել ենք ստեղծել մի տիրույթ, որտեղ առաջնորդվում են միմյանց հանդեպ հարգանքով, մի տիրույթ, որտեղ մեր պետությունները կարող են զարգանալ, լսել իրար, եւ այս ամենը ֆրանսերենով:

 

Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի առիթով Երևանում են գտնվում Կանադայի մեծ թվով պատվիրակություններ: Նրանց թվում են նաև Կանադայի ժառանգության, պետական լեզուների ու ֆրանկոֆոնիայի նախարար Մելանյա Ջոլին, նրան ուղեկցող կառավարության անդամներ, այդ թվում՝ մոնրեալահայեր, պատգամավորներ, լրագրողներ, ինչպես նաև մեծ թվով կանադահայեր, ովքեր Հայաստանում են ոչ միայն կանադական մշակույթը ներկայացնելու, այլև հայրենիքի հետ մի փոքր ևս շփվելու: