Home / Canadahye  / Ջասթին Թրյուդոյի հայաստանյան այցը՝ հետաքրքիր, բարեկամական, բովանդակային. իսկ դեսպանատուն բացելու նախապայմանը ներդրումների հզորացումն է

Ջասթին Թրյուդոյի հայաստանյան այցը՝ հետաքրքիր, բարեկամական, բովանդակային. իսկ դեսպանատուն բացելու նախապայմանը ներդրումների հզորացումն է

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի այցը Հայաստան ավարտվեց մամուլի ասուլիսով: Հայաստանում գտնված 2-3 օրերի ընթացքում Թրյուդոյի օրակարգը հագեցած էր, ի տարբերություն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած այլ երկրների ղեկավարների, Կանադայի վարչապետը նաև պաշտոնական այցով էր Հայաստանում:

 

Մինչ ասուլիսի ընթացքում վարչապետի խոսքի կարևոր շեշտադրումներին անդրադառնալը ներկայացնենք նրա հայաստանյան այցի հետաքրքիր դրվագները:

 

  • Թրյուդոն Հայաստան ժամանեց հոկտեմբերի 10-ին, հոկտեմբերի 11-ի առավոտյան նա ժամանեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային համալիր, մասնակցեց Ֆրանկոֆոնիայի գիտաժողովի բացման արարողոթյանը, հանդես եկավ ելույթով՝ ասելով «ՁԵՐ ԵՐԿԻՐՆ ՈՒՆԵՆԱ 99 ՄԼՆ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ, ԹԵ 9 ՄԼՆ, ՈՒՔ ԼԻԻՐԱՎ ԱՆԴԱՄ ԵՔ ԱՅԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ»:
  • Նույն օրը Ջասթին Թրյուդոն ՀՀ վարչապետին պատմել էր, որ ինքը 80-ականներին իր հոր և եղբոր հետ է այցելել Հայաստան և ատ հաճելի հիշողություններ ունի:
  • Այնուհետև ի պատիվ Թրյուդոյի՝ մատուցվեց պաշտոնական ընթրիք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից. «ՍԱ ԲՆԱՎ ԷԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԸՆԹՐԻՔԻ ՆՄԱՆ ՉԷ, ԿԱՐԾԵՍ ԲԱՐԵԿԱՄՆԵՐՈՎ ՆՍՏԱԾ ԼԻՆԵՆՔ, և ԱՅԴՊԵՍ ԷԼ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ»,-ասել էր Կանադայի վարչապետը:
  • Ընթրիքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Թրյուդոյին  մատուցել էր յուրահատուկ նվեր՝ ասելով. «ՀԱՅՏՆԻ ԵՄ ԻՄ ՍԵԼՖԻՆԵՐՈՎ, ԻՍԿ ՊԱՐՈՆ ԹՐՅՈՒԴՈՆ՝ ԻՐ ԳՈՒԼՊԱՆԵՐՈՎ»,-հետևաբար նրան նվիրել էր խորհրդանշական եռագույն գուլպաներ:
  • Ջասթին Թրյուդոն հանդիպել էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
  • Իսկ հոկտեմբերի 13-ի  առավոտյան՝ մինչ ասուլիսը Կանադայի վարչաետն այցելեց Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելով Եղեռնի զոհերի հիշատակին: Նա հետևյալ գրառումը կատարեց պատվավոր հյուրերի հուշամատյանում. «ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻՆ ԵՎ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԵՐԴՎՈՒՄ ԵՆՔ՝ ՉԹՈՂՆԵԼ, ՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎԻ»:

 

ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵ՛Ք

Այցին արդեն հաջորդեց վարչապետի ասուլիսը, հանդիպում, որի ընթացքում անդրադարձ եղավ հայ-կանադական հարաբերությունների բոլոր ասպեկտներին՝ տնտեսականից մինչև դիվանագիտական ու քաղաքական հարցեր: Թրյուդոն իր խոսքում նախ շեշտեց.

 

Մենք շարունակելու ենք ջատագովել միջազգային մակարդակով ճանաչումը՝ հասկանալով, որ առաջին քայլն է դեպի խաղաղության ստեղծումը

 

«Այստեղ՝ Երևանում, հնարավորություն ունեցա այցելելու Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, շատ զգացմունքային փորձառություն էր, աշխարհը պետք է պահպանի իր ուղղությունը, մենք պետք է ասենք՝ այլևս երբեք,-նշեց ու ի պատասխան կանադացի լրագրողի հարցի՝ հավելեց,- Կանադան վաղուց է է ընդունել Հայոց ցեղասպանոսւթյունը, վաղուց է ընդգծում կարևորությունը ոչ միայն ողբերգությունները ճանաչելու , այլև երաշխավորելու, որ հետայսու այն չի կրկնելու, Կանադան կարևոր դեր է խաղում, մանավանդ վերջերս կոնկրետ քայլեր է անում նվազեցնելու հնարավորինս քաղաքացիների վրա նման ոճիրների ազդեվությունը: Մենք շարունակելու ենք ջատագովել միջազգային մակարդակով ճանաչումը՝ հասկանալով, որ առաջին քայլն է դեպի խաղաղության ստեղծումը»:

 

Հաջորդ հարցը Ղարաբաղյան հիմնախնդիրն է, որի առնչությամբ թերևս Կանադայի մոտեցումը փոքր-ինչ այլ է, այս դեպքում հստակ շեշտադրումներ ու հասցեատերեր չկան, այլ կա միայն ցանկություն՝ պահպանելու խաղաղությունը, ուստի Թրյուդոն հույս է՝ հայտնում.

 

Հույս ունենք, որ այն խաղաղ հանգուցալուծվի բոլոր կողմերի համար

 

«Հույս ունենք, որ այն խաղաղ հանգուցալուծվի բոլոր կողմերի համար։ Կոչ ենք անում շարունակել միջազգային գործընթացը, ինչպիսին է Մինսկի խմբի գործընթացը՝ լուծելու խնդիրը ի շահ տարածաշրջանի ժողովուրդների»:

 

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՍԱՐ Է ՀԶՈՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Արտաքին քաղաքական ուղղությունները կարևոր են, սակայն հայ-կանադական հարաբերություններից ակնկալիքները շատ ավելին են, կոնկրետ՝ վերաբերող տնտեսական զարգացումներին, ներդրուների ակնկալիքներին, իսկ ներդրւմների երաշխիքը երկրում կայունությունն է, ժողովրդավարությունը, կոռուպցիայի բացառումը և այլն: Հարցերը զուգորդվում են, բայց դա Թրյուդոյին չի խանգարում գնահատել սպասելիքները ու ներկայացնել քայլերը:

 

Մենք զրույցներ ունեցանք հայ-կանադական հարաբերությունների մասին, ներշնչող էր դա, Նիկոլը ընդգծեց այն, որ քաղաքացիներին պետք է վստահություն հաղորդել

 

«ՀՀ և Կանադայի միջև հարաբերությունները շատ ավելի խորը արմատներ ունեն, քան երկու առաջնորդների միջև հարաբերությունները: Նա հասկանում էր, որ ժողովրդի վստահությունը շահելը պետական հաստատությունների հանդեպ կենտրոնական առանցք է հանդիսանում տնտեսություն կառուցելու, և հետայսու աշխատելու ենք զարկ տալ այս ուղղությունը, մենք զրույցներ ունեցանք հայ-կանադական հարաբերությունների մասին, ներշնչող էր դա, Նիկոլը ընդգծեց այն, որ քաղաքացիներին պետք է վստահություն հաղորդել»,-ասաց վարչապետը:

 

Ինչ վերաբերում է կոնկրետ ծրագրերին, շեշտեց, որ զարկ են տալու ջրային ռեսուրսների, կոշտ թափոնների ու կեղտաջրերի  կառավարման ուղղությամբ համագործակցությանը:

ՆԱԽ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՀԵՏՈ՝ ՇԵՆՔԸ

Իսկ ներդրումները կլինեն, դրանք հնարավոր չէ բացառել, երբ կա կանադահայ հզոր՝ 60 հազարանոց համայնք, կան նաև տնտեսական համագործակցության հեռանկարներ, որոնցից կախված էլ կարող է զարգանալ դեսպանատուն հիմնելու գաղափարը:

 

Ներդրումների, ժողովուրդների միջև հարաբերությունների հզորացման դեպքում ավելի ակտուալ կդառնա դեսպանատան հարցը

 

«Մենք հասկանում ենք, որ նշանակալի մարտահրավեր կլինի հաղթահարելու: Ինչքան ավելի ժողովուրդների կոնտակտները, ներդրումները ծավալվեն, այնքան ավելի հնարավոր կդառնա դեսպանատուն բացելը, մենք այցի սկզբում քննարկեցինք ներդրումների հնարավորությունները, Հայաստանում մեծ պոտենցիալ կա ներդրումների, որոնք հատկանշական են կանադական ընկերությունների համար, իսկ ներդրումների, ժողովուրդների միջև հարաբերությունների հզորացման դեպքում ավելի ակտուալ կդառնա դեսպանատան հարցը»,-վստահություն հայտնեց նա:

 

Իսկ գործնական քննարկումներից մեկն էլ վերաբերել է երկրների միջև ճամփորդությունների խնդիրների վերացմանը կամ դյուրացմանը, 21 ժամանոց հայ-կանադական օդային ճանապարհի դժվարությունները մեղմելուն ուղղված քննարկումները շարունակություն կունենան:

ՄԱՐԻԽՈՒԱՆԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԳՈՐԾԱԿԻՑԸ

Կանադացի լրագրողի հետաքրքրում էր նաև մարիխուանայի օրինականացման հարցը, նա Թրյուդոյին հարցրեց, թե որ տարիքն է սահմանվել օրինական և ինչու: Կանադայի վարչապետը ասաց.

 

Մենք վստահ ենք, որ 18-19 տարիքային շեմ սահմանելը ճիշտ փոխզիջումային լուծում է

 

«Ինչո՞ւ ենք որոշել օրինականացնել, որովհետև ներկայիս մոտեցումը չի աշխատում, Կանադայի դեռահասները 29 երկրների մեջ աշխարհի ամենամեծ գործակիցն ունեն, կարող ենք ավելի դժվարացնել երիտասարդներին օգտվելը՝ վերացնելով այն գերշահույթը, որ քրեական կազմակերպսւթյուններն են իրացումից ստանում, մենք առաջ կընթանանք պատասխանատու ձևով՝ ելնելով լավագույն փորձից ու ապացուցական բազայից, ինչու է սահմանվել սպառման տարիքը 18-19 տարեկանից. որ պատշաճ վերացվի սև շուկան: Մեր նպատակն է վերացնել քրեական ձեռնարկատիրությունը օրինականացմամբ, մենք վստահ ենք, որ 18-19 տարիքային շեմ սահմանելը ճիշտ փոխզիջումային լուծում է, բայց մենք շարունակելու ենք նահանգների հետ քննարկել մոտեցումները, որ մեր ընտանիքները պատշաճ կերպով պաշտպանենք»:

 

Թրյուդոն և Հայաստանի վարչապետը շեշտեցին, որ այս ընթացքում ջերմ ընկերական ու բարեկամական հարաբերություններ են ձևավորվել իրենց միջև, հետևաբար Փաշինյանը նրան «Դուք»-ի հետ դիմեց նաև «Դու»-ով՝ գործածելով սիրելի Ջասթին արտահայտությունը:

 

Իսկ Ջասթին Թրյուդոն իր գոհունակությունը հայտնեց՝ խոսելով հայերին սիրով ընդունելու իրենց պատրաստակամությունը, իսկ այդ սերը հենց այնպես չի ձևավովել, հայկական համայնքը վաստակել է այն, ուստի Կանադան նույնքան սիրով հյուրընկալեց սիրիահայերին: