Home / Canadahye  / Կանադահայ Հրայր Աշկարյանը Հայաստանում ներդրման հնարավորություններն է ուսումնասիրում. արձագանքել է կառավարության հրավերին

Կանադահայ Հրայր Աշկարյանը Հայաստանում ներդրման հնարավորություններն է ուսումնասիրում. արձագանքել է կառավարության հրավերին

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Տորոնտոբնակ Հրայր Աշկարյանը 40 տարի առաջ Լիբանանից է գաղթել Կանադա՝ եղբոր մոտ: Երիտասարդ էր, եռանդուն և ինչպես շատ կանադահայեր, կարողացավ օգտվել այն առավելություններից, որ երկիրը տալիս էր նորեկներին: «Կանադան իր ձեռքերը բաց մեզի ընդունեց, մանավանդ հայերին»,-ասում է նա, պատմում է, կարծես այսօվա մասին խոսելիս լինի, երբ դարձյալ Կանադան ձեռքերը բաց ընդունում է սիրիահայերին:

 

Բջջային հեռախոսների սարքավորումների արտադրությամբ զբաղվող GroveWare Technologies կանադական ընկերության հիմնադիրն է Հրայր Աշկարյանը: Հայաստանում է ոչ միայն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում, այլև հայաստանյան բիզնես միջավայրն ուսումնասիրելու նպատակով: Նրա հետ մեր զրույցը տեղի ունեցավ Երևանում:

 

ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱԿԱՆՋՆ ՈՒՆԵՆԱԼ

Պարոն Աշկարյանը չի հերքում, որ Կանադայի կողմից հայերին գրկաբաց ընդունելը գաղութները լքելու պատճառ դառնում են, բայց այս երևույթը միայն այս բացասական կողմերով չի սահմանափակվում, դրական հետևանքները, ըստ նրա, պակաս կարևոր չեն:

 

Կարելի չէ որ հայապահպանությունը թե Հայաստանի մեջ, թե Լիբանանի մեջ հաջողի առանց դուրսի մեր գաղութներու

 

«Շիտակ է, որ լքում են Հայաստանը, լքում են Լիբանանը, լքում են Սիրիան, բայց աշխատանքները, որ այդ գաղութները կկազմակերպեն Օտտավայի մեջ, Մոնրեալի մեջ, Տորոնտոյի մեջ, շատ մեծ է, որովհետև կարելի չէ, որ հայապահպանությունը թե Հայաստանի մեջ, թե Լիբանանի մեջ հաջողի առանց դուրսի մեր գաղութներու. Երբ որ դուն հոն ես, կաշխատիս երկրին և երբ որ դուն՝ իբր կանադացի, կներկայացնես, թե ուրիշ ազգեր կան, որ տարբեր-տարբեր պահանջքներ ունին և պետք է անոնց կամքին կենանք, եթե մենք հոն չըլլանք, Թուրքիան հոն կըլլա, Թուրքիան է, որ իրենց դրամով կրնա  կառավարության հետ խոսակցություններ ունենալ, մենք պստիկ գաղութ ենք հոն և կրնանք պստիկ գաղութ ըլլալով՝ վարչապետին ականջն ունենալ, վարչապետին հետ խոսիլ  և մեր հարցերը ներկայացնել անանկ ձևով թե՛ իբր կանադացի, թե՛ իբր հայ»,-պարզաբանում է կանադահայ գործարարը:

 

Հայ գաղութներն են, որ կրցան գործը առաջ տանիլ, ամեն անգամ ընտրություններուն ներկայացնել մեր պահանջները

 

Կանադան հենց այնպես չի ընդունել Հայոց Ցեղասպանությունը, իզուր չէ, որ կանադացի պատգամավորները՝ անտեսելով Ադրբեջանի կողմից, այսպես կոչված, սև ցուցակում հայտնվելու հավանականությունը, այցելում են Արցախ, Հրայր Աշկարյանն վստահաբար ասում է. «Այդ աշխատանքները միայն տարվեցան հայերու մասնակցությամբ, հայ գաղութներն են, որ կրցան գործը առաջ տանիլ, ամեն անգամ ընտրություններուն ներկայացնել մեր պահանջները, ստիպել, թե մեր աջակցությունը իրենց մեծ պիտի ըլլա, եթե, օրինակ, ճանաչեն Եղեռնը»:

 

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔԸ

Իսկ այսօր արդեն համայնքը կայացած է: Վտանգները չբացառելով՝ կանադահայ գործարարը խոսում է այն կարևոր դերի մասին, որ այսօր էլ կարող է սփյուռքն ունենալ Հայաստանի կյանքում: Իզուր չէ, որ հայրենի իշխանությունները իրենց աջակցությանն են սպասում երկրի տնտեսական կայությունը ապահովելու, ներդրումներ բերելու հարցերում: Նախկին իշխանություններն էլ կոչեր էին անում, բայց Աշկարյանը հավաստիացնում է, տարբերությունը մեծ է:

 

Նոր կառավարություն որ եկավ Տորոնտո, հանդիպեցավ մեզի հետ, ըսավ, որ մենք ձեզի պահանջք ունինք

 

«Մեկուկես ամիս առաջ են հրավիրել, նոր կառավարություն որ եկավ Տորոնտո, հանդիպեցավ մեզի հետ, ըսավ, որ մենք ձեզի պահանջք ունինք, փոխվարչապետի հետ հանդիպում ունեցանք, նմանապես նաև Նյու Յորքի մեջ: Նախկինում նույն բաց ձևով միջոցներ չտվին մեզի, գոնե ինծի չհրավիրեցին, և դժվարություններ կային: Մեր պահանջն է, որ պետք չունինք անձ մը ճանչնալու, գործ ընելու, պետք է գիտնանք օրենքները, որ բաց են, հասկնալ ու իբր ընկերություն՝ առաջ բերել մեր գործերը՝ առանց դժվարությունների»,-ակնկալում է կանադահայ գործարարը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎ ՈՒՐԱԽ

Հայաստանում գտնված մեկ շաբաթվա ընթացքում հասցրել է հանդիպումներ ունենալ,  ուսումնասիրում է մթնոլորտը, հնարավորությունները: Հայաստանում առաջին անգամ լինելով՝ երկու երևույթի վրա է շատ զարմացել, ասում է.

 

Ուրախ կերևին ունեցածով և կսպասին ապագայի, որ հաջողություններով կլրնա ըլլա

 

«Երկու բան՝ երիտասարդություն, չափեն ավելի երիտասարդություն, որ ամեն տեղ կտեսնենք և ուրախ ժողովուրդ, որ առանց սպասելու, որ իրենց դրամական վիճակին լավ ըլլա, ուրախ կերևին ունեցածով և կսպասին ապագայի, որ հաջողություններով կլրնա ըլլա»:

 

Իր հեռանկարները ևս՝ Հայաստանի հետ կապված,ասում է՝ փոխվել են, եթե ամեն ինչ հնարավոր լինի օրենքի շրջանակներում կազմակերպել, Հայաստանում ներդրում կատարելու և գործունեություն ծավալելու հորդորներին, ասում է՝ «դժվար կըլլա ոչ ըսել»: