Home / Armenia  / Թավշյա հեղափոխությանը մասնակցած իտալացի ուսանողուհին, ով երազել է Հայաստանի լավ ապագայի մասին. Տերեսա Դի Մաուրո

Թավշյա հեղափոխությանը մասնակցած իտալացի ուսանողուհին, ով երազել է Հայաստանի լավ ապագայի մասին. Տերեսա Դի Մաուրո

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ «Երբ դուք նայեք աշխարհի քարտեզին, դժվար թե նկատեք Հայաստանը, այն այնքան փոքր է, որ կարծես թաքնված լինի, … բայց եթե ուշադիր լինեք, կտեսնեք  Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի ու Վրաստանի միջև հարմար տեղավորված այս երկիրը». Սա իտալական պարբերականում տեղ գտած մի հոդված է Հայաստանի մասին՝ Հայաստանում ընդամենը 5 ամիս ուսանող իտալուհի Տերեսա Դի Մաուրոյի ներկայացմամբ: Նա Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի է:

 

Տերեսան ինքն էլ Հայաստանի մասին չէր լսել մինչ այն պահը, երբ տեղեկացավ ուսումնական Erasmus-ի ծրագրի մասին, որը հնարավորություն էր տալիս ուսանել Հայաստանում: Զուտ հետաքրքիրասիրություն մի երկրի հանդեպ, որն, ըստ նրա նախնական պատկերացումների, ոչնչով աչքի չի ընկնում, սակայն այդ տպավորությունները կարճատև էին:

 

Միակ հիասթափությունը այս երկրից կլինի այն, երբ որ ես ստիպված լինեմ լքել այն

 

Noranor.ca-ի հետ զրույցում իտալացի ուսանողուհին պատմում է մեր երկրի մասին, այնպես, որ ինքդ էլ սկսում ես զննել շուրջդ: Անծանոթ Հայաստանը նրա համար կարճ ժամանակում դարձել է մի վայր, որտեղից հեռանալը մեծ հիասթափություն կարող է լինել իր համար, խոստովանում է աղջիկը: «Ես կցանկանայի ավելի երկար մնալ Հայաստանում, և միակ հիասթափությունը այս երկրից կլինի այն, երբ որ ես ստիպված լինեմ լքել այն»,-ասում է նա:

 

Տերեսան Բոլոնիայի համալսարանի  «Զարգացման եւ միջազգային համագործակցության» բաժնի բակալավրիատի վերջին կուրսում է ուսանում: Նրա հետաքրքրությունների շրջանակը մարդու իրավունքների եւ զարգացման հարցերն են, երազանքը, որ ուներ մինչ ԵՊՀ դիմելը, Amnesty International-ում աշխատելն էր: Իսկ ինչպե՞ս եղավ, որ Հայաստանը եկավ փոխարինելու նրա նվիրական երազանքին:

 

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆԸ

16 տարեկան էր, երկու ամսով՝ ուսանողական փոխանակման ծրագրով գտնվում էր Ավստրալիայում, այս ընթացքում էր, որ հասկացավ, որ պատրաստ է գնալ և ապրել ամենուր: Իսկ երբ լսեց ծրագրի մասին, անմիջապես որոշեց դիմել, թեև դեռ ոչինչ չգիտեր Հայաստանի մասին: Խոստովանում է.

 

Մինչ այդ պահը Հայաստանը երբեք չէր եղել մեր զրույցի առարկան, այնպես որ ես մտածեցի, որ դա ինչ-որ նշան է, որ ես գամ Հայաստան

 

«Երբ ես հետևեցի Հայաստանին ընտրությունների ընթացքում, սկսեցի ինքս ինձ հարցնել, «Բայց ես իսկապես գիտե՞մ, թե որտեղ է Հայաստանը, և ընդհանրապես այս երկրի մասին ինչ-որ բան գիտե՞մ»: Երբ հասկացա, որ պատասխանը բացասական է, սկսեցի կարդալ. Կովկասյան այս փոքրիկ երկրի հսկայական պատմությունն ինձ հիացմունք էր պատճառում: Հետո մի հետաքրքիր պատահականություն տեղի ունեցավ. Ես զանգահարեցի մայրիկիս` ասելու, որ ուզում եմ գնալ Հայաստան, միևնույն ժամանակ նա ինձ կանչեց «Մայրիկ» գրքի շնորհանդեսին, որտեղ նա նաև Հայաստանին վերաբերող շատ բաներ հայտնաբերեց, որով  հիացած էր: Մինչ այդ պահը Հայաստանը երբեք չէր եղել մեր զրույցի առարկան, այնպես որ ես մտածեցի, որ դա ինչ-որ նշան է, որ ես գամ Հայաստան»:

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻՑԻԼԻԱՆ

Լեռնոտ, պատմամշակութային հարուստ ժառանգությամբ, հյուրընկալ ու ջերմ բնակիչներով. Հատկանիշներ, որոնք անմիջապետ երիտասարդ իտալուհուն հիշեցրել են Սիցիլիան՝ մի երկիր, որտեղ իր հայրն է ծնվել:

 

Ամբողջ ընտանիքը հավաքված սեղանի շուրջ՝ մեզ հարցեր էին տալիս և կոնյակ հյուրասիրում

 

«Դա իրականում զարմանալի էր, քանի որ ես երբեք չէի մտածել այդքան շատ նմանություններ գտնելու մասին: Ընտանիքը, կրոնը ընդունելու և զգալու մարդկանց մոտեցումը, զարմանալի հյուրընկալությունը: Մի անգամ ընկերոջս հետ ճամփորդում էի Օհանավանքի և Սաղմոսավանքյան կիրճում, և մեր շրջագայության վերջում բնակիչներից մեկը մեզ հրավիրեց իր տուն: Նա այնքան էր ուրախացել, մեզ ծանոթացրեց նաև իր ընտանիքին: Մենք ապշած էինք, թե ինչպես 5 րոպեի ընթացքում ընթրիքը պատրաստ էր, դա այնքան հիանալի էր, երբ նաև ամբողջ ընտանիքը հավաքված սեղանի շուրջ՝ մեզ հարցեր էին տալիս և կոնյակ հյուրասիրում»,-հիացմունքն է փոխանցում աղջիկը:

 

ԵՐԱԶԵԼ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Նման դրվագները քիչ չեն, իսկ Հայաստան գալը համընկել էր հեղափոխության հետ, որին մասնակից է դարձել ու իրեն զգացել հանուն լավ ապագայի պայքարող հայ:

 

«Ես ականատես եղա, թե ինչպես խաղաղ ցուցարարները օրեցօր սկսեցին հավատալ շարժմանը, այնքան, որ առաջին օրվա 5ooo- ից նրանց թիվը հասավ 140 000-ի: Զարմանալի էր: Ամեն օր ես 9.00-ին գնում էի փողոցներ, որպեսզի հետևեմ միջոցառմանը: Ես սկսեցի նրանց հետ միասին երազել Հայաստանի լավագույն ապագայի մասին»,-պատմում է իտալուհի ուսանողուհին:

 

 

Կա մի  նախադասություն, որը շատ եմ սիրում. «Բարև ախպեր ջան, ո՞նց ես, լա՞վ ես»

 

Կարճ ժամանակում նա որոշ չափով նաև հայերեն է սովորել, բայց ոգևորությամբ է կրկնում ամենատպավորիչ արտահայտությունը, որը շոյում է նրա լսողությունը, ասում է. «Կա մի  նախադասություն, որը շատ եմ սիրում. «Բարև ախպեր ջան, ո՞նց ես, լա՞վ ես»: Ես հիշում եմ այն, քանի որ շատ եմ սիրում, թե ինչպես է  հնչում, և հատկապես սիրում եմ տեսնել, թե ինչպես են երկու «ախպերներ» ջերմ խոսում իրար հետ»:

 

Հայաստանում նրա երազանքներն էլ փոխվել են: «Սկսելով գրել իտալական թերթի համար և ԵՊՀ-ում ուսանելով «մարդու իրավունքների լրագրության» դասընթաց՝ ես սկսեցի մտածել իմ մասին՝ որպես լրագրող, փաստորեն հայտնաբերելով, որ ինձ դուր է գալիս այդ գաղափարն ու մասնագիտությունը»,-ասում է իտալական պարբերականներում Հայաստանը ներկայացնող իտալուհին: