Home / Armenia  / Օծանելիքի արտադրությամբ զբաղվող ավտովերանորոգողը. Սիրիայից Հայաստան գալով՝ Սարգիս Ղոլըղսայանը ստիպված է եղել իր պատվաբեր արհեստը փոխարինել մեկ այլ գործով

Օծանելիքի արտադրությամբ զբաղվող ավտովերանորոգողը. Սիրիայից Հայաստան գալով՝ Սարգիս Ղոլըղսայանը ստիպված է եղել իր պատվաբեր արհեստը փոխարինել մեկ այլ գործով

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Սարգիս Ղոլըղսայանը, ի տարբերություն բազմաթիվ սիրիահայերի, դեռ 2003թ-ից էր այցելում Հայաստան. Պատճառը միայն այն չէր, որ իր կինը հայաստանցի էր՝ Էջմիածին քաղաքից, այլ նաև պահանջը, որ զգում էր հայրենիքում ապրելու, հավաստիացնում է նա, ուստի պատահական չէ, որ հաճախ ամուսինները զավակներին թողնում էին Հայաստանում, իրենք մեկնում Հալեպ աշխատելու:

 

Չէի ուզում, որ երեխաներս Սիրիա մեծնային

 

«Փոքրիկներս հոստեղ ծնան, մեծցան, ես ու կինս Հալեպ էինք ապրում, մնում էին երեխեքը զոքանչիս մոտ, մենք գնում-աշխատում էինք, չէի ուզում, որ երեխաներս Սիրիա մեծնային»,-պատմում է Սարգիսը:

 

2011թ-ին էլ, երբ եկել էին հերթական Ամանորը նշելու, պատերազմական իրավիճակի պատճառով այլևս չկարողացան վերադառնալ: Ափսոսում է, բայց ոչ Հալեպ վերադառնալու հնարավորությունից զրկվելու, այլ այնտեղի աշխատանքը թողնելու համար:

 

ԱՎՏՈՎԵՐԱՆՈՐՈԳՈՂԻՑ ՕԾԱՆԵԼԻՔ ԱՐՏԱԴՐՈՂ

Սարգիս Ղոլըղսայանը Հալեպում եղել է ավտովերանագորող, մի արհեստ, որի մասին այսօր հպարտությամբ ու կարոտով է խոսում, Հայաստանում զբաղվում է օծանելիքի արտադրությամբ ու վաճառքով. Այս մի աշխատանքն արդեն հալեպահայ պատվախնդիր քաղաքացուն հպարտանալու առիթ չի տալիս, մի գործ է, որն անում է ապրուստը հոգալու համար: Ասում է.

 

Քանի Հայաստանի մեջ եմ, մեկս մյուսիս չի ճանաչում, օտար ենք, գործ եմ դրել, աշխատում եմ

 

«Եթե ես Սիրիայում մնայի, մինչև մահանալս պիտի տոկարիստ մնայի անունիս համար, բայց քանի Հայաստանի մեջ եմ, մեկս մյուսիս չի ճանաչում, օտար ենք, գործ եմ դրել, աշխատում եմ,-ասում է և այն դիտարկմանը, թե ինչպիսի՜ հպարտությամբ է խոսում արհեստի մասին, արձագանքում է,-արդեն հայտնի էի,  տոկարիստից ելնեմ օծանելիք վաճառե՞մ, սիրուն չի, կամ մատուցող աշխատիս, ադոր համար այստեղ՝ Հայաստանում մի կերպ աշխատում եմ»:

 

Իսկ իր հիմնական արհեստն, ասում է,  արդեն մտել է ոսկորների մեջ, այնպես չէ, որ սիրելի գործը չէր կարող շարունակել, պարզապես Հայաստանում նույն եկամուտը չէր ստանում, ուստի պետք էր ավելի շահավետ գործ գտնել. Ծախսերն այստեղ ավելին են, Էջմիածնում բնակարանը՝ վարձով:

 

Ո՛Չ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ի տարբերություն շատերի Ղոլըղսայանները հաստատվել են ոչ թե Երևանում, այլ Էջմիածնում. «Զոքանչիս տան մոտ ենք ապրում, որ տիրություն անի աղջկան, հետո տունի վարձքը, ապրուստը էժան է, Երևանը շատ աղմկոտ է, Էջմիածին խաղաղ է»,-տարբերություններն է թվարկում:

 

Փորձել է նույն արհեստով զբաղվել նաև Հայաստանում, բայց ասում է՝ աշխատավարձը ցածր էր, աշխատանքային գործիքներ էլ չուներ իր սեփական սրահը բացելու համար, օծանելիքի գործն ավելի դյուրին էր, նախընտրեց դա յուրացնել, երկար ժամանակ չպահանջվեց Սիրիա մեկնելու ու մի քանի ժամում օծանելիքի պատրաստման գաղտնիքները յուրացնելու համար:

 

«Մի քանի ժամ տևեց, իմացա՝ ինչ ես անում, խառնում, ամեն գրամի մեջ ամեն բան դնեմ ու վերջ: Կուզե՞ս՝ քեզ էլ սորվցնեմ, բայց այդ մի գաղտնիքը, որ խառնում եմ, չեմ կարա ասեմ»,-անկեղծորեն խոսում է սիրիահայ գործարարը, ով այսօր արդեն ոչ թե Սիրիայից, այլ Թուրքիայից է ներմուծում օծանելիքի հումքը, թեև դարձյալ նույն անձն է վաճառողը. Պարզաբանում է՝ պատերազմի պատճառով վերջինս էլ Սիրիայի գործը փակել և Թուրքիա է տեղափոխվել:

 

Աշխատանքից դժգոհ չէ, իրացում կա, նույնիսկ Երևանից է պահանջարկը մեծ, միայն թե այս գործում իր ապագան չի պատկերացնում, ասում է. «Հլը որ նորմալ բան մը չկա, յոլա ենք գնում»:

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԵԼԻՔԸ

Ընտանիքի խնդիրն այսօր բնակարանն է, Սարգիսը ակնկալում է, որ գոնե հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքները մատչելի լինեն, որպեսզի կարողանան բնակարան ձեռք բերել, հոգսերը թեթևացնել, նշում է. «Մի քիչ գոնե հեշտացնեն, բանկից չենք ուզե, որ մեզի տուն տան նվեր, գոնե հեշտացնեն, վարձ տալու տեղը բանկին վճարենք, մենք աշխատող մարդ ենք, աշխատենք կտանք»:

 

Այս հարցի լուծումից հետո կկարողանա ապագա զինվոր որդիների ապագայի հարցերով զբաղվել: Իսկ նրանք մեծանալու ու ծառայելու են հայրենիքին, վստահ է սիրիահայը: Ասում է.

 

Բոլորս ունենք քաղաքացիություն, երեխաներիս ինձանից առաջ եմ գրանցել

 

«Անշուշտ որ երեխաներս Հայաստանում ծառայեն, բոլորս ունենք քաղաքացիություն, երեխաներիս ինձանից առաջ եմ գրանցել, տիկինս ուզում է գնա, ես չեմ ուզում,-ասում է ու հարցին, թե ինչն է նման նվիրվածության պատճառը, պարզաբանում,-Հայրենիքի սերը, ես դաշնակցական եմ մեծացել, դրա համար հայրենիքը սիրում եմ, կուսակցական չեմ, բայց կուսակցական գաղափարով մեծացել եմ, ես իմ մեջս դաշնակցական եմ»: