Home / Canadahye  / Հայաստանում Կանադայի դեսպանատունը անհրաժեշտ է, բայց ոչ ներդրումների համար. Կանադահայ գործարարները՝ Ջասթին Թրյուդոյի այցի և դեսպանատուն բացելու հեռանկարների մասին

Հայաստանում Կանադայի դեսպանատունը անհրաժեշտ է, բայց ոչ ներդրումների համար. Կանադահայ գործարարները՝ Ջասթին Թրյուդոյի այցի և դեսպանատուն բացելու հեռանկարների մասին

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Մոնրեալ, Տորոնտո (Նորանոր) _ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայաստան կատարած այցի ավարտին՝ ամփոփիչ ասուլիսի ընթացքում, ի պատասխան Հայաստանում կանադական դեսպանատուն բացելու հարցին, հայտարարեց, թե «Ներդրումների, ժողովուրդների միջև հարաբերությունների հզորացման դեպքում ավելի ակտուալ կդառնա դեսպանատան հարցը»:

 

Ի՞նչ ուղղակի կապ գոյություն կարող է ունենալ դեսպանատան բացման ու ներդրումների ակտիվացման միջև, արդյո՞ք դեսպանատան բացակայությունը խոչընդոտում է ներդրումներին. Կանադահայ հայտնի գործարարները կարծում են, որ տվյալ ոլորտին չի առնչվում, սակայն բազմաթիվ այլ հարցեր կարող է լուծել դիվանագիտական կառույցի ներկայությունը Հայաստանում:

 

ՇԱՀԵԿԱՆ ԿԱՆԱԴԱՅԻ ՀԱՄԱՐ

Կանադահայ գործարար, Seatply ընկերության հիմնադիր Լևոն Աֆեյանը վստահ չէ, որ այն անմիջական առնչություն ունի ներդրումների ոլորտի հետ, քաղաքական առումով արդյունավետ կարող է լինել, սակայն «բիզնես-ներդրումների համար որքանով լավ կլինի, չեմ գիտեր»,-ասում է նա:

 

Անկախ նրանից, թե որ ոլորտներում բարելավում կլինի, դեսպանատան բացումը անհրաժեշտություն է, կարծում է նա, իսկ թե այն որ դեպքում իրականություն կդառնա, նշում է.

 

Հայերն իրեն պիտի համոզեն, որ ավելի լավ կլինի Կանադայի համար, եթե Հայաստանում դեսպանատուն լինի

 

«Ինչ որ ես լսեցի, վարչապետը ըսավ, հայերն իրեն պիտի համոզեն, որ ավելի լավ կլինի Կանադայի համար, եթե Հայաստանում դեսպանատուն լինի, ոչ թե Մոսկվայից ինչ-որ մի անձ տարին 4 անգամ Հայաստան գա: Մեզի համար ի՞նչն է կարևորը, մենք պետք է իրեն համոզենք՝ ինչի համար իրեն լավ է»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԵԼԻՔԸ

Նա վստահեցնում է, որ իրենք տարիներ շարունակ հենց այդ գործով են զբաղվել՝ համոզել կանադական իշխանություններին, թե ինչ շահ կարող են ունենալ Հայաստանում դիվանագիտական կառույցի հիմնմամբ, այս գործընթացն, ըստ Աֆեյանի, պետք է շարունակություն ունենա, Հայաստանի իշխանություններն էլ պետք է այդ ուղղությամբ աշխատեն:

 

«Խոսացել ենք նախորդ վարչապետի հետ և ինքն ալ ասել է, որ շատ երկրներ կան աշխարհի մեջ, որ ուզում են, որ կանադական դեսպանություններ բացվեն: Եւ Կանադան պետք է որոշի, թե որն է իր համար ամենեն լավը, եթե կրնա հայ գաղութն իրեն որոշում տալ՝ ինչպես լավ կլինի Կանադայի համար Հայաստանում դեսպանատուն բացելու, անշուշտ, Կանադան դեսպանատուն կբացե իրեն համար, ոչ հայերուն համար, իր շահուն համար: Հայ համայնքն արել է, տարիներով աշխատել ենք վարչապետների հետ, բայց նույն բանն են ասել: Հայաստանը մեծ անելիքներ ունի»,-ասում է գործարարը:

 

Կանադահայ հայտնի գործարար Վան Լապոյանը նույն համոզմունքին է. Ներդրումները այս ոլորտին չառնչվող հարց են, բայց մյուս կողմից, դեսպանատան բացումը կարող է Հայաստանում բիզնես հիմնող կանադացի ընկերություններին աջակցել այլ՝ հարակից հարցերում, ինչպիսիք են, օրինակ, դաշտի ուսումնասիրությունը, հարկային արտոնությունները և այլն:

 

ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ ՉԻ ՕԳՆԻ

«Կանադայում մոտ 70-80 հզր հայ կա, անիկա է, որ կարևոր է, իրենք պիտի կանադացի հայերուն սերվիսներ ունենան, դյուրություններ տան վիզայի, ամուսնական, հարկերու»,-նշում է Լապոյանը:

 

Եթե գործարարը Հայաստանում ցանկանում է բիզնես հիմնել, դեպսնատունը կարո՞ղ է որևէ կերպ օգտակար դառնալ, օրինակ՝ միջնորդություններ ներկայացնել, գործարարը արձագանքում է. «Ո՛չ, որովհետև Հայաստանի կառավարությունը ներկայիս շատ դյուրություններ է տալիս, բացի մեկ պարագային. եթե կանադացի մը Հայաստանի մեջ որևէ խնդիր մը ունենա, կանադական կառավարությունը կարողանա իր քաղաքացիներուն այդ խնդիրներու լուծման դյուրություններ տրամադրել, կրնա ուսումնասիրություններ ընել, թե այս գետնի վրա կրնաք ընել, բայց ընդհանրապես դեսպանատան գործը չէ անիկա»,-համոզված է գործարարը:

 

Նա ևս կարծում է, որ դեսպանատան բացում այնուամենայնիվ, անհրաժեշտ է, կանադացիների իրավունքները Հայաստանում պաշտպանելու համար: Իսկ վարչապետի խոսքերից Լապոյանը նման եզրակացության է հանգել:

 

Հավանական է, որ այս ճամփորդությունեն վերջ ավելի կանուխ կբերե իր օրակարգի մեջ

 

«Վարչապետը շեշտեց, որ դեսպանատուն բանալը Երևանի մեջ կարևոր բան է ճամփորդություններու համար, բայց ոչ անպայման ներդրումի համար: Ըսավ, որ ներկայիս օրակարգի մեջ չէ, բայց ապագային պետք է մտածել հարցերու մեջ ներառելու մասին, հավանական է, որ այս ճամփորդությունեն վերջ ավելի կանուխ կբերե իր օրակարգի մեջ: Առիթ մը ստեղծեց այս ճամփորդությունը, որ ավելի մոտեն հետևի»,-կարծում է Լապոյանը, ով Հայաստանում մեծ ներդրումներ է պատրաստվում իրականացնել:

 

Եթե ասոնք իրականանան, այն ատեն է, որ դեսպանատան բացումն ավելի արդյունավետ կըլլա

 

Անդրադառնալով վարչապետի այցին՝ վստահ է, որ այն ևս մեկ կարևոր խթան է հայ-կանադական հարաբերությունների զարգացման, մանավանդ, որ ՀՀ վարչապետն, ըստ նրա, կարողացավ համագործակցության ճիշտ մեկնարկ տալ: «Պարոն Փաշինյանը կրցավ լավ ձևով օգտագործել և համագործակցիլ, որը կարծեմ շատ արդյունավետ պիտի ըլլա, կրնա ստեղծել բիզնեսի մթնոլորտ, որ կրնա կանադական ընկերություններ կամաց-կամաց ներդրում անելու կարելիություններ ունենան, և մանավանդ կառավարության կողմե ներկայացված ընկերություններ: Եթե ասոնք իրականանան, այն ատեն է, որ դեսպանատան բացումն ավելի արդյունավետ կըլլա»,-շեշտում է նա: