Home / Armenia  / Երևանը՝ տուն ազգային փոքրամասնությունների համար, որ կիսում են հայերի ճակատագիրը

Երևանը՝ տուն ազգային փոքրամասնությունների համար, որ կիսում են հայերի ճակատագիրը

 

Երևան (Նորանոր) _ Երևանը տուն է ոչ միայն հայերի համար, այլև այն բոլոր ազգերի, ովքեր, չլինելով հայ, Հայաստանն իրենց հայրենիքն է համարում: Ոչ միայն այլ երկրներն են դառնում ապաստարան հայերի համար, այլև Երևանն ընդունում ու արտոնություններ, ինքնահաստատման հնարավորություններ է տալիս ազգային փոքրամասնություններին:

 

Ռուսներ, ասորիներ, հույներ, ուկարինացիներ և այլ ազգությունների ներկայացուցիչները նույնքան հոգատար ու սիրառատ են Հայաստանի մայրաքաղաքի հանդեպ, որքան հայերը:

 

ՀԱՐԱԶԱՏ ՏԱՐԱԾՔ

«200 տարի ասորիները ապրում են Հայաստանում՝ Երևանում, հետևաբար սա մեր հարազատ տարածքն է, երկիրն է, մեր մայրաքաղաքն է, ինձ թվում է՝ Երևանը մեզ ընկալում է որպես հարազատ, ինչպես մենք ենք իրեն ընկալում»,-կարծում է ասորական համայնքի ղեկավար Իրինա Գասպարյանը:

 

Երկխոսության պետք է գնանք ընտանիքի անդամների հետ, մենք էլ Երևանի դեպքում նման կերպ ենք վարվում

 

Իր տունը, որտեղ ապաստանել է պետականություն չունեցող այս ազգը, ասորին ընդունում է իր բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ, բնական է համարում դժվարությունները, մեծ ընտանիքում դրանք հարթելը դյուրին: «Ցանկացած ընտանիքում կան ուրախություններ ու դժգոհություններ, երկխոսության պետք է գնանք ընտանիքի անդամների հետ, մենք էլ Երևանի դեպքում նման կերպ ենք վարվում»,-ասում է ասորական համայնքի ղեկավարը:

 

Հայաստանն իրենց տալիս է լայն հնարավորություններ: Օրինակ, 2006թ-ին երկիրը, ստորագրելով ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանման միջազգային կոնվենցիան, 5 ազգությունների հետ նաև ասորիներին հնարավորություն տվեց պահպանել լեզուն, մշակույթը, ինքնությունը…

 

Վտանգները, որոնք տեսնում է ասորական համայնքի ղեկավարը Հայաստանում, պայմանավորված չեն միայն Երևանով, դրանք ընդհանուր են  բոլոր երկրներում ապրող այլազգիների համար, թեև վստահ է, իրենց դեպքում առանձնանում է, քանի որ ասորիները պետականություն չունեն: Առանձնացնում է՝ ասելով.

 

Խնդիրներ ունենք պահպանման, մեր ազգային մշակույթը, քաղաքական հարցերը միջազգային մակարդակով, ներքին մակարդակով բարձրաձայնելու

 

«Իհարկե մերն արվելի բարդ է, որպես քաղաքացի՝ խնդիրներ ունենք պահպանման, մեր ազգային մշակույթը, քաղաքական հարցերը միջազգային մակարդակով, ներքին մակարդակով բարձրաձայնելու, պահպանելու»:

 

Անկախ խնդիրներից՝ իրենց ապաստանած տարածքին լավագույնն է մաղթւմ՝ վստահ լինելով, որ դրանով պայմանավորված է նաև իրենց բարեկեցությունը: Ասում է. «Երևանին մաղթում եմ, որ բարգավաճի, սիրունանա, հարստանա»:

 

 

ՀԻՆԳ ՔՈՒՅՐԵՐԻՑ ԵՐԿՈՒՍԸ

Թերևս քչերը գիտեն, որ հայտնի քանոնահարուհի, քանոնի հայկական դպրոցի հիմնադիր Անժելա Աթաբեկյանի տատիկը հույն է եղել, այսօր նաև իր փեսան է հույն, թոռնիկները: Ժամանակին իր նախաձեռնությամբ հիմնվեց «Հինգ քույրերի անսամբլը», որը հայ-հունական մշակույթի յուրահատուկ խառնուրդ էր ներկայացնում՝ ցույց տալով բազմազգ մշակույթի կարևորությունը, դառնալով ազգերի համերաշխության հարթակ:

 

Ի տարբերություն նախորդ դարի 70-ականների, այսօր Հայաստանում 5 քույրերից միայն երկուսն են մնացել: Ժողովրդական արտիստուհի Անժելա Աթաբեկյանը Noranor.ca-ի հետ զրույցում պատմում է այն մասին, որ հույներից շատերը լքել են Հայաստանը:

 

Այն տարիներին, որ շատ նեղ էր Հայաստանում ապրելը, քույրերս էլ տարածվեցին

 

«5 քույրերի անսամբլը փոխվել է Խարիտոնի, ինչո՞ւ հունական, որովհետև տատիկը հույն է: Վերադառնում են շատերը Հունաստան, այն տարիներին, որ շատ նեղ էր Հայաստանում ապրելը, քույրերս էլ տարածվեցին, մեկը՝ Գերմանիա, մյուսը՝ Հունաստան, 5 քույրերից մնացինք երկուսը, մեր երեխաներով թոռներով ենք շարունակում, դժվար, ծանր տարիներ են ապրում»,-պատմում է տիկին Աթաբեկյանը:

 

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՅՐԵՆԻՔ

Հույն Խարիտոն տատիկի թոռնուհին հայ ազգի անունից է խոսում, երբ հարց ենք տալիս հույն համայնքի ձուլման վտանգների մասին, իրավիճակն էլ իրականուըմ վտանգ չի համարում, հարցնում է.

 

Վտանգ է, դա՞, թե ինչ է, չգիտեմ

 

«Վտանգ է, դա՞, թե ինչ է, չգիտեմ: Նրանք ամեն դեպքում չեն կորցնում ինքնությունը, ինչքան էլ ձուլվեն, ունեն իրենց յուրահատուկ  բնավորությունը, կենցաղային ապրելակերպը:  Էլի ինչ-որ բան պահպանվում է, ազգային ինքնությունը պահպանվում է»,-վստահ է ժողովրդական արտիստուհին:

 

Հայերը շատ լավ են ընդունել բոլոր ազգերին, կողք կողքի համերաշխությամբ մասնակցում են միջոցառումներին

 

Իսկ Երևանը այստեղ մնացած հույների համար երկրորդ հայրենիք է, համոզված է նա: Ասում է. «Մենք մեր կենցաղով, պատմական անցյալով նման ենք հույներին, մենք ճակատագրով նման ենք հույներին, լավ են մերվել, կարելի է նաև ներկայացնել, որ հայերը շատ լավ են ընդունել բոլոր ազգերին, կողք կողքի համերաշխությամբ մասնակցում են միջոցառումներին, իսկ հույները Հայաստանում լավ հնարավորություններ ունեն և լեզուն, և մշակույթը պահպանել ավանդույթները»: