Home / Armenia  / Ցմահ դատապարտյալ Զաքար Զոհրաբյանը, երևակայությամբ հյուսված քրեական գործն ու երևակայության ծնունդ «Տիեզերք»-ը

Ցմահ դատապարտյալ Զաքար Զոհրաբյանը, երևակայությամբ հյուսված քրեական գործն ու երևակայության ծնունդ «Տիեզերք»-ը

 

Երևան (Նորանոր) _ Զաքար Զոհրաբյանը թերևս ամենաշատը կցանկանար, որ իր օրերում չլիներ 2009թ-ի դեկտեմբերի 11-ը. Ոչ միայն այն պատճառով, որ այն անդառնալիորեն փոխեց իր կյանքը՝ դառնալով այն ջրբաժանը, որը այլ ընթացք տվեց իր երազանքներին, այլև կտրեց մեկ այլ երիտասարդի՝ զինակից ընկերոջ կյանքի թելը:

 

Այստեղ ամեն բան ինձ այդ դեպքն է հիշեցնում՝ սկսած ճաղերից, սկսած պատերից

 

«Այստեղ ամեն բան ինձ այդ դեպքն է հիշեցնում՝ սկսած ճաղերից, սկսած պատերից, ինչքան էլ նստենք, ամեն վայրկյան ենք հիշելու, չենք կարող մոռանալ, հաճախ ասում են՝ մի մեղադրեք ձեզ, չէ՛, դա այդպես չէ, բան ենք արել, որն անդառնալի է, հետ բերել չի լինի»,-Noranor.ca-ի հետ զրույցում զղջումն է արտահայտում Զաքար Զոհրաբյանը:

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԻԱՅՆԱԿ

Միայնակ չէր Զաքարը զորամասում տեղի ունեցած վեճի ժամանակ, սակայն միայնակ արդեն 9 տարի կրում է պատասխանատվությունը զինծառայողի մահվան հարցում, բոլոր մեղադրանքներն ուղղվեցին նրան, չհերքեց իր մասնակցությունը, բայց նաև դատավարության ընթացքում չտեսավ իրական արդարադատություն:

 

Որևէ կերպ չի լինի մեղքը քավել, բայց դա չի նշանակում, որ պետք է օրենքներն անտեսեն ու վրեժ լուծեն մարդկանցից

 

«Որևէ կերպ չի լինի մեղքը քավել, բայց դա չի նշանակում, որ պետք է օրենքներն անտեսեն ու վրեժ լուծեն մարդկանցից, հատկապես այն մարդկանցից, ովքեր հասկանում են սխալն ու փորձում են այդ ամենը հնարավորինս շուտ ուղղել»,-ասում է դատապարտյալը:

ՏԻԵԶԵՐՔԸ՝ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՀԱՆԳՐՎԱՆԸ

Ցմահ դատապարտյալ. Զաքար Զոհրաբյանի դատավճիռն էր: Կյանքը, թեև այլ ընթացքով, բայց շարունակվեց մեկ այլ միջավայրում, որտեղից մարդկային աշխարհը կարող էր թվալ գոյություն մեկ այլ մոլորակում: Ուստի Զաքարը ստեղծեց իր մոլորակը, միջավայր, որի հանդեպ հետաքրքրությունը ծնվել էր դեռ մանկուց. Այնտեղ երկնային մարմիններն են՝ իրենց ընթացքը երբեք չդադարեցնող, գոյը պահպանող: Դա տիեզերքն է, որտեղ հասնում ու միախառնվում են բոլորի երազանքները, որոնք զերծ են կապանքներից:

 

«Տիեզերքը ինձ միշտ էլ ձգել է, դեռ մանկուց, երբ ասուպներն ընկնում էին, ինձ շատ հետաքրքիր էր, իսկ հասուն տարիքում ավելի լուրջ կերպով մոտեցա այդ ամենին, հետաքրքրությունը կրկնապատկվեց, ավելի մոտեցա, ուղղակի հեքիաթային աշխարհ է, որտեղ կարելի է անընդհատ ստեղծագործել»,-ասում է տիեզերական պատկերներ կերտող բանտարկյալը:

 

Մանրաթելերից հյուսված նրա կտավները հենց այդ տիեզերական պատկերների վերարտադրությունն են, որոնք, ի տարբերություն իրեն, շատ ավելի ազատ են  և դարձել են յուրահատուկ միջոց իր մտքերը հասարակությանը հասցնելու համար: Վերջերս տեղի է ունեցել նրա ստեղծագործությունների ցուցահանդեսը: Պատմում է.

 

Այստեղ շատ բաների հետ ենք ասոցացնում, օրինակ կարող է ազատության հետ ասոցացվի, գեղեցիկի հետ, որ չենք կարողանում տեսնել

 

«Երբ որ մարդը ապրում է սահմանափակ կյանքով, նրա մոտ ընկալումներն ավելի են խորանում, շատ հարցերի, ինչպես օրինակ իմ դեպքում՝ տիեզերքին, տալիս են ավելի խորը նշանակություն, չեմ բացառում, որ կան շատերը, որոնք ավելի խորն են ընկալում, բայց այստեղ շատ բաների հետ ենք ասոցացնում, օրինակ կարող է ազատության հետ ասոցացվի, գեղեցիկի հետ, որ չենք կարողանում տեսնել»: Այս ընկալումները գուցե ծնվել են անազատության մեջ գտնվելու պատճառով, իր հետաքրքրությունն էլ խորացել է:

 

ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ՀՅՈՒՍՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Ինչպես ստեղծագործողի երևակայության մեջ են հաճախ պատկերներ ծնվում, նման մի պատմություն էլ հյուսվել է իր գործի շուրջ, կարծում է երիտասարդ դատապատյալը՝ նշելով. «Իմ դեպքը ավելի շատ երևակայության մեջ են զգացել, քան ուղղակի առնչվել են փաստերի հետ»:

 

Գործը լիարժեքորեն չի քննվել կամ ընթացել է մի ուղղությամբ՝ իրեն դատապարտելու, ինչն էլ, ըստ նրա,  իրական փաստերը ետին պլան է մղել:

 

Այդ ամենը, որ փաստացի կարող էր բնութագրել երևույթը, իրենք դրանք մի կողմ են թողել, ինչ-որ մարդկանցից ցուցմունքներ են կորզել իմ դեմ

 

«Մեղադրանքներ կային իմ նկատմամբ, ասում են՝ Զաքարն սենց բան է արել, բայց մեղադրանքները այնպիսին են, որ ուղղակի կարող էին անալիզներ անել ու հասկանալ՝ այդ բանը կատարվե՞լ է, թե՞ չի կատարվել, եթե կատարվել է, ո՞վ է կատարել, բայց այդ ամենը, որ փաստացի կարող էր բնութագրել երևույթը, իրենք դրանք մի կողմ են թողել, ինչ-որ մարդկանցից ցուցմունքներ են կորզել իմ դեմ»,-ասում է ազատությունից ցմահ զրկված քաղաքացին:

 

Տուժողի պահանջը ճիշտ է, մեղավորը պետք է պատժվի, բայց պատժվի օրենքին համապատասխան

 

Նա ընդունում ու հասկանում է նաև տուժող կողմի պահանջները՝ ասելով. «Տուժողի պահանջը ճիշտ է, մեղավորը պետք է պատժվի, բայց պատժվի օրենքին համապատասխան, և նույն տուժողը շատ ավելի զգացմունքային է, նրան շատ ավելի քիչ բան կարելի է ասել, խաբել ու նրա զգացմունքների վրա հիմնվել, այդ մտավախությունը կա, որ զգացմունքայնությունը թուլացնում է իրեն, ամեն սուտ կարող է ասեն, ու ընդունի»:

 

Այսօր, երբ Հայաստանում շրջանառվում է համաներում կիրառելու մասին տեղեկությունը, բոլոր դատապարտյալների սրտերում հույսի մի կայծ է արթնանում. գուցե իր վրա էլ տարածվի, ապա հնչում է հաջորդ տեղեկությունը. Համաներումը չի վերաբերում ծանր հանցագործություններին: Ցմահ դատապարտյալները դեմ են այս մոտեցմանը. Կան դեպքեր, երբ անհրաժեշտ է գոնե վերանայել:

 

Կարդացողն այնքան է հուզվում, որ մոռանում է, որ աշխարհում կա իրավաբանություն

 

«Համաներումը կարող էր տարածվել, գոնե խմբավորեին ցմահներին, որոշ խմբերի վրա չանդրադառնար, բայց տեղի չունեցավ, մենք շատ մեծ հույս ունեինք, որ 21 տարին լրացածների վրա գոնե կտարածվեր, կամ մեկ հոգու սպանության համար դատապարտվածների վրա: Սպանությունը ցմահի հետ կապ չունի, ուղղակի այնքան են ճոխացրել, այնքան են գեղարվեստորեն ներկայացրել, որ կարդացողն այնքան է հուզվում, որ մոռանում է, որ աշխարհում կա իրավաբանություն»,-կարծում է դատապարտյալ-ուսանողը, ով սովորում է «Ուրարտու» համալսարանի հոգեբանության ֆակուլտետում:

 

Վերջերս Հայաստանում աննախադեպ դեպք տեղի ունեցավ, ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեսյանը դատարանի վճռով արդարացվեց ու ազատ արձակվեց: Ընթացքի մեջ են նմանատիպ այլ գործեր ևս: Արդարադատության նախարարը խոստացել է հետևողական լինել: