Home / Armenia  / ՀՅԴ-ն՝ ընդդիմություն, ԱԺ-ում չհայտնվելու դեպքում՝ ավելի սուր ընդդիմություն. Արմենուհի Կյուրեղյանը՝ իշխանության սխալների մասին

ՀՅԴ-ն՝ ընդդիմություն, ԱԺ-ում չհայտնվելու դեպքում՝ ավելի սուր ընդդիմություն. Արմենուհի Կյուրեղյանը՝ իշխանության սխալների մասին

 

Երևան(Նորանոր) _ ՀՅԴ-ն հայտարարել է, որ ստեղծված նոր պայմաններում հանդես է գալիս որպես ընդդիմություն, մինչ այդ նոր կառավարության հետ համաձայնության եկած քաղաքական ուժի անհամաձայնությունները սկսվեցին այն բանից հետո, երբ վարչապետը հայտարարեց դեկտեմբերին անհապաղ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին:

 

Կուսակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Noranor.ca-ի հետ զրույցում պարզաբանում է ինչպես իրենց դիրքորոշման փոփոխության պատճառները, այնպես էլ քննադատում կադրային քաղաքականությունը, որի հարցն ավելի է սրվել նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո:

 

Ինչ-որ բան հուշում է, որ դեկտեմբերին այդ հապշտապ ընտրություններն ինչ-որ ներքին, ինչ-որ անհայտ, ինչ-որ գաղտնի քայլեր են ենթադրելու

 

«Այսօր մենք տեսնում ենք լուրջ մտահոգություններ, որովհետև ինչ-որ բան հուշում է, որ դեկտեմբերին այդ հապշտապ ընտրություններն ինչ-որ ներքին, ինչ-որ անհայտ, ինչ-որ գաղտնի քայլեր են ենթադրելու, դա մտահոգություն է, որ ունենք, ոչ մի հիմնավոր պատճառ չի բերվել կառավարության կողմից, թե ինչու դեկտեմբներին»,-առաջին խնդիրն է ներկայացնում Կյուրեղյանը:

 

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, ՈՉ ՀՈՒՇԱԳԻՐ

Սակայն մինչ այդ մտահոգությունը, շեշտում է, կային այլ հակասություններ: Համաձայնությունը նոր իշխանության հետ եղավ վարչապետի առաջարկի հիման վրա, համաձայնությունը, ընդգծում է, այլ ոչ թե հուշագիրը, քանի որ որպես այդպիսին հուշագիր չի եղել:

 

Մեր հուշագիրը, որը կնքվել է կառավարության հետ, եղել է կառավարության այն ծրագիրը, որն ԱԺ-ում հաստատվել է

 

«Ըստ էության դա եղել է համաձայնության կառավարություն, որևէ ստորագրություն, որևէ հուշագիր չենք կնքել, մեր հուշագիրը, որը կնքվել է կառավարության հետ, եղել է կառավարության այն ծրագիրը, որն ԱԺ-ում հաստատվել է, իսկ այդ ծրագրում ամրագրվել են այն քայլերը, որոնք պետք է իրականացվեին մինչև ԱԺ ընտրությունները»,-նշում է պատգամավորը:

 

Սուպերվարչապետական որոշ մեխանիզմներից ազատում… Ոչ մի քայլ չի կատարվել

 

Նրա համոզմամբ, կառավարությունը չի իրականացրել ծրագրերից ոչ մեկը մինչև ԱԺ ընտրությունները, հարց է առաջ քաշում. «Նայե՛ք ծրագիրը՝ ո՞ր քայլերն են այսօրվա դրությամբ իրականացել, արտահերթ ընտրություններից առաջ քայլեր էին նախատեսել՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններ, այլ օրենքների փոփոխություններ, ոստիկանությունը բերել նախարարության կարգավիճակի, որպեսզի հաշվետու դառնա ոչ թե վարչապետին, այլ խորհրդարանին, սուպերվարչապետական որոշ մեխանիզմներից ազատում… Ոչ մի քայլ չի կատարվել, պարզապես ծրագիրը հաստատելուց հետո ուղղակի հայտարարում է՝ ես ցանկանում եմ դեկտեմբերին, բնական էր, որ այդ դեպքում մենք չէինք կարող մաս կազմել այդ կառավարությանը»:

 

Դաշնակցությունն էլ այն կուսակցությունը չէ, որ որևէ մեկը մտածի, թե կգա, կթելադրի և այդպես էլ կգնա

 

Ասում է՝ ստավեց այնպես, որ պայմանավորվածությունից հետո իշխանությունը ստացավ իր ուզածը, Դաշնակցությունը՝ ոչ, հետևաբար չէին կարող միասին շարունակել ճանապարհը: Ասում է. «Ի՞նչ իմաստ ունի համագործակցությունը շարունակել: Դաշնակցությունն էլ այն կուսակցությունը չէ, որ որևէ մեկը մտածի, թե կգա, կթելադրի և այդպես էլ կգնա, եթե այդպես են մտածում, խորապես սխալվում են»:

 

ՄԵԿԸ ՉԷ ԹԵԼԱԴՐՈՂԸ

Փաշինյանի իշխանության միֆերից մեկն անսխալական լինելու հաոզմունքն է, Դաշնակացական պատգամավորը ամեն օր  արձանագրում, բայց հանրությունն էլ հակառակն է ապացուցում: Այս բանի հաստատումն էր նաև Կապանի ընտրությունը:

 

Հանրությունը ինքն է որոշելու, այո՛, Կապանում այդպես որոշեցին, և ես ողջունում եմ, ոչ թե նրա համար, որ ՔՊ թեկնածուն չի անցել, այլ որ իրենք իրենց թեկնածուն  են ընտրել

 

«Դա ամրագրում է այն բանի, որ որևէ ուժ չի կարող ենթադրել և ենթադրությունը դարձնել 100 տոկոսանոց իրողություն, որ մեկն է թելադրողը: Հանրությունը ինքն է որոշելու, այո՛, Կապանում այդպես որոշեցին, և ես ողջունում եմ, ոչ թե նրա համար, որ ՔՊ թեկնածուն չի անցել, այլ որ իրենք իրենց թեկնածուն  են ընտրել, դա պետք է նաև ազդակ լինի իշխող կուսակցությանը, որ չփորձեն խոսել թելադրողի և միանշանակ ճշմարտություն ասողի տեսանկյունից, իրենք իրենց ամեն ասածը ներկայացնում են իբրև միարժեքորեն ճշմարիտ իրողություն»,-վստահ է ՀՅԴ ներկայացուցիչը:

 

Արդյո՞ք այս կադրերն ու ծրագիրը, որով եկավ իշխանության, համադրելի են, արդյո՞ք այս թիմն ի վիճակ է իրագործել այդ ծրագիրը

 

Ոչ թե Հանրապետական կուսակցության նախկին պաշտոնյաներին, այլ ընդհանրապես կադրային քաղաքականությունըը, ըստ Կյուրեղյանի, միշտ է եղել իրենց քննադատության թիրախում: «Արդյո՞ք այս կադրերն ու ծրագիրը, որով եկավ իշխանության, համադրելի են, արդյո՞ք այս թիմն ի վիճակ է իրագործել այդ ծրագիրը: Ինչ վերաբերում է Հունան Պողոսյանին ու մի քանի այլ կադրերի պաշտոն տալուն, հանրությունը պետք է գնահատի, թե ինչ էին ասում, ինչ էին անում ու ինչքանով են համարժեք»,-կարծում է ԱԺ պատգամավորը:

 

Եթե ունենանք այնպիսի ԱԺ, որ ամեն ինչ կտանի այն ճանապարհով, որ մեր մտահոգությունները կփարատվեն, փառք աստծո, եթե չի տանի, ու մենք չենք անցնի, մենք կդառնանք ավելի սուր ընդդիմություն

 

Իսկ որ այդ նույն իշխանության հետ քայլում էր նաև Դաշնակցությունը, Կյուրեղյանը չի հերքում, բայց և ասում. «Մենք ոչ իշխանություն ենք եղել, ոչ գերակշիռ մաս ենք եղել, մենք մեր ներկայացուցիչներն ունեցել ենք, մենք համաձայնուևթյունը տվել ենք ծրագրի շուրջ, որը չի իրագործվել, իսկ թե ինչ վարկանիշ ունենք, ինչ ներկլայացվածություն կունենանք, կարևորը դա չէ, կարևորն այն է, որ ԱԺ-ն գործի ի շահ պետության: Եթե ունենանք այնպիսի ԱԺ, որ ամեն ինչ կտանի այն ճանապարհով, որ մեր մտահոգությունները կփարատվեն, փառք աստծո, եթե չի տանի, ու մենք չենք անցնի, մենք կդառնանք ավելի սուր ընդդիմություն, որովհետև մեր խնդիրը երկրի պետականության ամրապնդումն ու տնտեսության զարգացումն է»: