Home / Canadahye  / Էրզրումի քաղցր հալվան ու էլ ավելի քաղցր հումորը. Դրվագներ Հայոց Ցեղասպանությունը վերապրած Սիրվարդ Քյուրդյանի կյանքից, ով օրեր առաջ Կանադայում կնքեց իր մահկանացուն

Էրզրումի քաղցր հալվան ու էլ ավելի քաղցր հումորը. Դրվագներ Հայոց Ցեղասպանությունը վերապրած Սիրվարդ Քյուրդյանի կյանքից, ով օրեր առաջ Կանադայում կնքեց իր մահկանացուն

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր) _ Օրեր առաջ՝ հոկտեմբերի 27-ին, իր մահկանացուն է կնքել Հայոց Ցեղասպանությունը վերապրած Կանադայում հաստատված ևս մեկ հայ՝ 106-ամյա Սիրվարդ Քյուրդյանը:

 

Կարին քաղաքում ծնված Սիրվարդ Քիրիշճյան-Քյուրդյանը ընտանիքի 6 զավակներից կրտսերն էր, դեռ երեք տարեկան չկար, երբ Կարինի հայերն աքսորվեցին, Noranor.ca-ին պատմում է կանադահայ հայտնի դաշնակահարուհի Արաքսի Ալթունյանը, Սիրվարդ Քյուրդյանի թոռնուհին:

 

Աքսորից 6 ամիս անց հասնում են Մոսուլ, բազմանդամ ընտանիքից ողջ էին մնացել միայն մայրը՝ Եպրաքսե Քիրիշճյանը, մեծ քույրն ու հորեղբոր կինը: Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտից հետո Քիրիշճյանները տեղափոխվում են Հալեպ՝ ակնկալիքով, որ այնտեղ կարող են հարազատ գտնել, սակայն ապարդյուն:

 

«ԼԱՎ Է ՍՈՎԱԾ, ՔԱՆ ԿԱԹՈԼԻԿ»

«Փոքրիկ Սիրվարդը սովեն փրկելու համար կորոշուի զինք որբանոց ղրկել, ու այդ պարտականությունը կհանձնվի մեծ քրոջ՝ ձևացնելով որ երկու քույրերը առանց ծնողքի են մնացեր»,-պատմում է տիկին Սիրվարդի թոռնուհին:

 

Հոգետուն անունը կրող որբանոցում Սիրվարդը երկար չի մնում, աչքերը բորոտելու պատճառով նա վերադառնում է տուն, այնտեղից էլ մեկ այլ՝ կաթոլիկ եկեղեցու պատկանող որբանոց, սակայն այստեղից էլ որոշ ժամանակ անց դուրս է գալիս: Հետաքրքիր է, որ նրա մայրը նախընտրում է զավակին կիսաքաղց մեծացնել, քան թե թույլ տալ, որ նա կաթոլիկ դառնա: Արաքսի Ալթունյանը պարզաբանում է՝ ինչու.

 

Մեծ մորս մայրը ընդվզած է եղեր Էրզրումի կաթողիկե հայերուն դեմ, որովհետև երբ որ թուրքերը կու գան հայերը նեղացնելու, անոնք կըսեն՝ մենք հայ չենք, մենք հոռոմ ենք

 

«Մեծ մորս մայրը ընդվզած է եղեր Էրզրումի կաթողիկե հայերուն դեմ, որովհետև երբ որ թուրքերը կու գան հայերը նեղացնելու, անոնք կըսեն՝ մենք հայ չենք, մենք հոռոմ ենք, բայց անոնք, որ հայ առաքելական եկեղեցվո կապված են, ավելի տանջված են թուրքերու ձեռքով: Թուրքերն ալ կպատասխանեն, որ նույն ազգն եք, ձիուն կառքը վրայեն անցեր է, երկուքի բաժներ է: Երբ որ մեծ մայրս աղջկան կտեսնե որբանոց գտնված ժամանակ, աղջիկը կըսե. «Աչքդ լույս, մայրի՛կ, կաթոլիկ եղա»:  Երբ  մայրը տուն կերթա, մեծ աղջկան՝ Արաքսիին կըսե. «Գիտե՞ս, տուն պիտի բերենք, ինչպես մենք, ինքն ալ անանկ, եթե մենք սովեն պիտի մեռնենք, ինքն ալ կմեռնե»:

 

ՎԱՐՈՒԺԱՆԻ «ԿԱՐՄԻՐ ՀՈՂԻ» ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Վերադառնալով Սիրվարդը  էրզրումցի հայերի նորակազմ միության շնորհիվ Կիլիկյան վարժարանում ուսանելու հնարավորություն է ստանում, կարճ ժաանակ անց գրավում է դպրոցի ղեկավարության ուշադրությունը: Տիկին Սիրվարդի թոռնուհին հիշում է.

 

Առաջին տողը կըսեինք որևէ բանաստեղծության, ինքը կշարունակեր, այլևս ձայն չէր մնացած, բայց շրթունքները կշարժեր, և գիտեինք, թե ինչ կըսեր

 

«Մեծ մայրս շատ լավ արտասանող եղած էր, փոքր տարիքեն լավ բանաստեղծություններ կսորվեր ու կարտասաներ մինչև իր վերջին օրերը, երկու շաբաթ առաջ քովն էինք, առաջին տողը կըսեինք որևէ բանաստեղծության, ինքը կշարունակեր, այլևս ձայն չէր մնացած, բայց շրթունքները կշարժեր, և գիտեինք, թե ինչ կըսեր: Փոքր տարիքին այնպիսի մեծ հուզմունքով Դանիել Վարուժանի «Կարմիր հողը» արտասանել է դպրոցին մեջ, որ դպրոցի հոգաբարձուներեն Միսաք Ազիրյան հետաքրքրվեր է իրմով: Երբ կիմանա, թե որբ աղջիկ մըն է, հանձն կառնէ անոր թոշակը վճարել մինչև միջնակարգ վարժարան ավարտելը»:

 

Սիրվարդի ողջ մնացած միակ քույրը ևս վաղաժամ մահանում է, ինքը, որ վերապրող մոր միակ զավակն էր, շուտով 15 տարեկանում ամուսնանում է հայրենակից Խաչիկ Քյուրդյանի հետ, ով ևս կիսում էր նույն ճակատագիրը:

 

Խաչիկ կերազեր Հայաստան ներգաղթել և աշխատիլ հողագործության մարզին մեջ, սակայն նյութական և քաղաքական արգելքներու պատճառով երիտասարդ զույգը կհաստատվի Հալեպ

 

«Կորսնցուցած ըլլալով իր ամբողջ ընտանիքը, հասակ առած էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության որբանոցներուն մեջ: Խաչիկ կերազեր Հայաստան ներգաղթել և աշխատիլ հողագործության մարզին մեջ, սակայն նյութական և քաղաքական արգելքներու պատճառով երիտասարդ զույգը կհաստատվի Հալեպ և կունենա չորս զավակ»,-պատմում է Ցեղասպանությունը վերապրածի աղջիկ զավակներից մեկի դուստրը:

 

1960-ականներին Քյուրդյանները փոխադրվում են Լիբանան, տիկին Սիրվարդը 1974-ին կորցնում է ամուսնուն: 31 տարի էլ Լիբանանում ապրելուց հետո՝ 1991-ին նա  իր ընտանիքի հետ փոխադրվում է Տորոնտո:

 

ԷՐԶՐՈՒՄԻ ՔԱՂՑՐ ՀԱԼՎԱՆ ՈՒ ՔԱՂՑՐ ՀՈՒՄՈՐՆԵՐԸ

Դեռ մի քանի տարի առաջ տիկին Սիրվարդը, որ հայտնի էր իր ասեղնագործ ինքնատիպ աշխատանքներով, շարունակում էր գործել, արարել ու բոլորին բաժին հանել իր գործերը  «Նույնքան և ավելի սիրով, քան ընտանիքի անդամներին, ան crochet-ով պատրաստեց բազմաթիվ խորանի եւ սկիհի ծածկոցներ, որոնք նվիրվեցան Տորոնտոյի, Հայաստանի և Արցախի շուրջ քսան եկեղեցիներու»,-պատմում է կանադահայ դաշնակահարուհին՝ հավելելով.

 

«Հալեպի մեջ, անշուտ, շատ դժվար օրեր անցուցած են, մեծ հայրս, որ վարորդ էր, Սիրիո անապատները կերթար, շաբաթներով կհեռանար տունեն, մեծ մայրս էլ իր ասեղնագործով իր ամուսնին եկամուտի վրա քիչ մը հավելյալ կըներ, որովհետև 4 զավակ պիտի մեծցներ, շարունակեց այդ ձեռային աշխատանքը, Տորոնտո գալեն ետք ավելի հանգիստ կյանք ուներ»:

 

Սակայն չի կարող վստահեցնել, որ դրանք միայն Էրզրումի հետքն էին կրում, քանի որ Սիրվարդը հազիվ երեք տարեկան էր, երբ գաղթեցին, հիշողություններ չեն պահպանվել նաև 6-ամսյա տարագրությունից, սակայն բախտավոր էր, որ իր մայրը վերապրել էր, իսկ ամենաքաղցրն, ինչ պահպանվել էր Էրզրումից, այնտեղի հալվան էր, որ սովորել էր մորից և շատ ավելի քաղցր հումորը:

 

Արաքսի Ալթունյանն այս մասին չի կարող չհիշել, քանի որ իր հիշողություններում մնալու է այն կինը, ով չէր սիրում տարաբախտ հայի դառը հիշողություններ պատմել, ընդհակառակը, հումորն անբաժան էր նրա խոսքից: Ասում է.

 

«Էրզրումցիները կատակասեր են, բամբարակ են» կըսեր

 

«Կատակ-պատմություններ կհիշեր, օրինակ, հայ տիկին մը որ հանրային բաղնիք գացեր էր լողնալու, իրեն լուր կու գա, որ ամուսինը դուրսը սառեր-տկարացեր էր: Մեծ մայրս խնդալով կպատմեր ադ: Այս տեսակ կեսկատակ-կեսիրական պատմություններ ուներ, ու մեզի կսիրեր պատմել: «Էրզրումցիները կատակասեր են, բամբարակ են» կըսեր, և ես երբ որ սկսեցի իր հուշերը ձայնագրել, հազիվ դուռը բացի, ներս մտա, ըսավ՝ գիտես «էրզրումցիները բամբարակ կըլլան», ըսի՝ մեծ մամա՛, սպասե, կոշիկներս հանեմ, այնքան անհամբեր էր, ու փոխանակ տխպուր բաներու վրա կենտրոնանալու, ուրախը կպատմեր, ուներ նաև մի քանի կատակ-երգեր Էրզրումեն, որ կերգեր:

 

Դրանք թոռները ձայնագրել են, ֆիլմի տեսքով հավաքել ու բաժանել ընտանիքի անդամներին, տվել նաև Զորյան ինստիտուտին՝ որպես ևս մեկ հավաստիք այն տարագրության, որն աշխարհի տարբեր ափերում է նետել հայերին:

 

Սիրվարդ Քյուրդյանը Կանադայում ապրող Հայոց Ցեղասպանությունը վերապրած վերջին հայը չէր: Այսօր Կանադայում նման ևս մեկ հայ է ապրում՝ 104-ամյա Էոժենի Գոգորյանը: