Home / Canadahye  / 80-ամյա կանադահայ հաշվապահ Հրաչ Թորիկյանը, ով մինչ օրս աշխատում է, զարմանում է, թե «Հայաստան երթամ ի՞նչ ընելու»

80-ամյա կանադահայ հաշվապահ Հրաչ Թորիկյանը, ով մինչ օրս աշխատում է, զարմանում է, թե «Հայաստան երթամ ի՞նչ ընելու»

 

Մոնրեալ (Նորանոր) _ 54 տարի առաջ Եգիպտոսից Կանադա տեղափոխելով՝ Հրաչ Թորիկյանը անմիջապես կարողացավ ընդգրկվել բոլոր աշխատանքներում: Լինելով մասնագիտությամբ հաշվապահ՝ նա միաժամանակ ակտիվ էր և մարզական, և սպորտային, և համայնքային կյանքում:

 

Երկրորդ օրն ինծի կոշիկ-շոր տվին, որպեսզի բասկետբոլի մրցումին մասնակցիմ

 

«Ես հոստեղ եկա, երկրորդ օրն ինծի կոշիկ-շոր տվին, որպեսզի բասկետբոլի մրցումին մասնակցիմ, ադոր մասնակցեցա, արվեստի ալ մասնակցած եմ, ընդհանրապես թե՛ մշակույթ, թե՛ մարզանք իրար հետ չեն քալե, բայց ես երկուքն ալ ըրած եմ, հոստեղ թատրոնով զբաղած եմ, այնպես որ իմ մասնագիտությունս հաշվականություն  է, հիմա իմ նախնական գործին մեջ եմ և հանգիստ եմ»,-պատմում է 80-ամյա Թորիկյանը:

 

Նախևառաջ առավելություններ ես ունեի, որովհետև երկու լեզուներն ալ գիտեի

 

Այն, որ Կանադայում կարողացավ լավ դրսևորել իրեն, ոչ միայն այս երկրի առավելությունն է համարում: Կեսլուրջ-կեսկատակ ասում է. «Նախևառաջ առավելություններ ես ունեի, որովհետև երկու լեզուներն ալ գիտեի՝ ագլերեն, ֆրանսերեն, և դյուրությամբ էլ գործ գտա, ես հաշվական եմ, ես իմ դրամս չեմ շիներ, ուրիշներուն դրամը կհաշվեմ»:

 

ԿԱՆԱԴԱՑԻ ԵՂԱՆՔ

Թորիկյանը նախընտրեց Կանադան, Եգիպտոսը, որը համարում է աշխարհի ամենալավ երկրներից մեկը դժվար ժամանակներ էր ապրում, «Կառավարությունը ոչ քրիստոնյա մահմեդակյաններու և ուրիշնրու կողքին շատ ավելի լավն է, բայց սոցիալիստական ամեն շարժումներու մտան, կրոնական հարցեր ստեղծեցին, հիմա ամեն ինչ լավ է», ներկայացնում է: Այն ժամանակ, լինելով երիտասարդ, հեռանկարն այլ երկրում էր տեսնում, նախընտրեց Կանադան՝ առանց դժգոհելու ցուրտ կլիմայական պայմաններից: Ասում է.

 

Նույնիսկ  հաճելի է ինծի համար ձյունի մեջ քայլել, չմշկել, ամբողջը ըրինք, կանադացի եղանք

 

«Շանսը, որ կրնայի երթալ Եգիպտոսեն, Արգենտինան էր, Ավստրալիան և Կանադան, որոշեցի Կանադա գալ, հակառակ, որ ցուրտ էր, բայց ամեն ինչի կվարժվին մարդիկ, նույնիսկ  հաճելի է ինծի համար ձյունի մեջ քայլել, չմշկել, ամբողջը ըրինք, կանադացի եղանք»:

 

ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԹԱՄ Ի՞ՆՉ ԸՆԵԼՈՒ

Կանադահայ հաշվապահի համար դժվար չէր «ուրիշների փողերը հաշվելը», ասում է՝  «ամենքն ալ պետք ունին հաշվականին, գործերնին լավ ըլլա կամ վատ: Մեր գործն է ըսել, թե քանի պարտական եք կառավարության, քանի կու տաք»:

 

Իր գործի վարպետը դրանով զբաղվում է նաև 80 տարեկանում, ու ոչ միայն. Բոլոր ոլորտներում էլ ակտիվ է, նախաձեռնող, նաև Հայաստանի կյանքով հետաքրքրված, բայց միայն այդքանը, ի տարբերություն այլոց, Թորիկյանը չի ձգտում Հայաստանում ապրել, այն ակտիվ աշխատանքը, որ այդ տարիքում կատարում է Կանադայում, հնարավոր չէ անել աշխատատեղերի խնդիր ունեցող Հայաստանում:

 

Հոստեղ զբաղված եմ, և առանց զբաղմունքի չեմ կրնար կենալ

 

«Գացել եմ, զբոսնել եմ, հավնել եմ, շատ լավ, ամեն ինչ, բայց աս տարիքիս փոխվելու, երթալուի հարց չկա, հոստեղ զբաղված եմ, և առանց զբաղմունքի չեմ կրնար կենալ, այնպես որ Հայաստան երթամ ի՞նչ ընելու»,-հարցնում է անկեղծորեն:

 

ՆԱԵՎ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ

Ու ոչ միայն. Նաև կուսակցության շարքերում է ակտիվ քաղաքացի: ՌԱԿ -ի մոնրեալահայ անդամը ուշի ուշով է հետևւում Հայաստանի իրադարձություններին, նոր կառավարության մասին միայն մեկ ասելիք ունի.

 

«Խուլիգաններուն ձգեցիք 26 տարի, որ ուզածին ընեն, աս մարդուն ժամանակ տվեք, հանգիստ տվեք, թող շեմ մը գտնա»:

 

Հավանաբար մի քանի աթոռ կունենան, ոչ թե խանգարելու, այլ աջակցելու

 

Սահմանափակ չէ ասելիքը կուսակցության մասին, այն պատրաստվում է մասնակցել հայաստանյան ընտրություններին, և Թորիկյանը կարծում է, որ Ազգային ժողովում տեղ կունենա: «Այնպես կերևի,-մենկաբանում է՝ հավելելով,- այս տարի այդ պիտի պատահի, համաձայնությունը գոյացած է ռամկավարներուն և Փաշինյանի միջև, և հավանաբար մի քանի աթոռ կունենան, ոչ թե խանգարելու, այլ աջակցելու»:

 

Աջակցելն իրենց տարիների քաղաքական գիծն է, որին հավատարիմ են մնալու, իսկ ընտրություններին մասնակցելու փորձեր ու քայլերև արվել են նաև նախկինում, խանգարել են նախկին իշխանությունները, այսօր սպասելիքները ավելին են, իսկ իրենք միանշանակ կանգնած են ՀՌԱԿ-ի կողքին, վերահաստատում է կանադահայ ռամկավարը՝ անդրադառնալով ՌԱԿ տարանջատման հարցին:

 

Թող ըսեն՝ ավանդականն իրենք են, պետք չունիմ  ադոր մասին խոսելու, որովհետև ընտրության պիտի երթանք

 

«ՀՌԱԿ-ը Հայաստանի ՌԱԿ-ն է, միացված է, մեկ կենտրոն ունինք, և Ավետիքյանի բաժնած կուսակցության հետ ենք, մյուս կուսակցության դեգերումը առժամյա է, չի կրնա տևել, լուրջ մարդիկ չեն հետևը կեցած, թող ըսեն՝ ավանդականն իրենք են, պետք չունիմ  ադոր մասին խոսելու, որովհետև ընտրության պիտի երթանք, և չեմ ուզեր: Իրենք թող իրենց ճամփան շարունակեն, յոթուկես անձ են, ՀՀ կառավարությունը գիտե՝ որուն հետ պետք է խոսե, ուրիշներու մասին չեմ ուզեր խոսիլ»: