Home / Canadahye  / Նոր պայմաններ ու լավ վերաբերմունք, որոնց արժանացել է «Ատգեն Արմենյան» հիմնադրամի տնօրեն, կանադահայ Վան Արմենյանը Հայաստանում

Նոր պայմաններ ու լավ վերաբերմունք, որոնց արժանացել է «Ատգեն Արմենյան» հիմնադրամի տնօրեն, կանադահայ Վան Արմենյանը Հայաստանում

 

Մոնրեալ (Նորանոր) _ Անցնող ամռանը հերթական առաքելությամբ Հայաստանում էր «Ատգեն Արմենյան» հիմնադրամի տնօրեն, կանադահայ երաժիշտ Վան Արմենյանը, նպատակը՝ բացահայտել ու աջակցել Հայաստանի հեռավոր շրջանների տաղանդավոր երեխաներին շարունակել իրենց կրթությունը երաժշտական նախընտրած ճյուղում: Ավելի քան 10 տարի գործող հիմնադրամին  հաջողվել է բազմաթիվ շնորհալի պատանիների համար ուղի հարթել:

 

ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Էջմիածին, Գյումրի, Ջավախք, Ակունք… աշխարհագրությունը տարբեր է, հնարավորություններն ու պայմանները՝ ևս: Այս տարի հաջողվել է ոչ միայն նոր պատանիներ ներգրավել, այլև սաների համար նոր՝ ավելի լավ պայմաններ ապահովել: Noranor.ca-ի հետ զրույցում Վան Արմենյանը պատմել է, թե ինչպես է փոխվել համայնքներում վերաբերմունքն իրենց գործունեության նկատմամբ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո:

 

Էջմիածինն ու Ակունքն են այն հիմնական վայրերը, որտեղ այսօր արդեն երեխաները շատ ավելի լավ պայմաններում են պարապում, քան նախկինում:

 

Նախկինում հնարավոր չէր, փորձած էինք, և նախկին քաղաքապետը հասանելի չէր

 

«Էջմիածին քաղաքում վոկալի դասարան ունենք, որը հիմա տեղափոխեցինք երաժշտական դպրոց: Նոր քաղաքապետին հանդիպեցանք և շատ ուրախությամբ ընդունեց մեր ծրագիրը և կարգադրեց, որ շատ ավելի լավ պայմանների մեջ ընդունինք երեխաները և շարունակենք մեր գործունեությունը: Նախկինում հնարավոր չէր, փորձած էինք, և նախկին քաղաքապետը հասանելի չէր»,-պատմում է Վան Արմենյանը:

 

13-14 աշակերտ ունենք, որոնց թվում մեծ տաղանդներ ունենք, արդյունքներ ենք սպասում

 

Վերաբերմունքը, որին արժանացել է, ոգևորել է մշակութային գործչին, ասում է «Մոտեցանք, և քաղաքապետը շատ ջերմ ընդունեց մեզի և կարգադրեց, որ երաժշտական դպրոցում սրահ ունենանք, 13-14 աշակերտ ունենք, որոնց թվում մեծ տաղանդներ ունենք, արդյունքներ ենք սպասում, Կոտայք ալ ծրագիր ունենք, 12 աշակերտ, հոն ալ Ակունք գյուղը տեղափոխվեց, շատ ավելի լավ պայմաններ կան նաև հոն, Եղեգնաձոր ծրագիրը շարունակվում է, այս տարի էլի երկու աշակերտ ընդունվեց Ռոմանոս Մելիքյան, անվճար»,-ներկայացնում ու պատմում է այնպես, ինչպես հարազատ զավակների մասին կխոսեր:

 

ԱՐԱԳ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ

Հպարտություն է յուրաքանչյուր տաղանդավոր երեխայի համար ճանապարհ հարթելը,  իսկ դա իրենց հաջողվել է, հավատացնում է: Երեխաները լավագույնս են իրենց դրսևորում արդեն նաև բուհերում սովորելիս:  Իսկ իրենք նորերին են ընդունում:

 

Ամիսը մեկ գոնե նոր երեխաներ կհետաքրքրվին, կու գան, լսումներ կընեն դասատուները

 

 

«Չէ որ երեխաները գալիս են, շատ արագ մեծանում են:  Ամիսը մեկ գոնե նոր երեխաներ կհետաքրքրվին, կու գան, լսումներ կընեն դասատուները: Լսել էի, որ շատ լավ քանոն նվագող երեխա կա Դիլիջանում, մեր երաժշտական գործիքի բանկից մեկ քանոն վերցուցինք և Տավուշի մարզ գնացինք։ Լսեցինք երեխային, որ իսկապես շատ տաղանդավոր է, քանոնը տրամադրեցինք այնքան ժամանակով, ինչքան որ պետք կունենա: Երեխան շատ աշխատասեր է, և կազամակերպեցինք, որպեսզի Երևան ուսանի՝ Հայաստանի քանոնի լավագույն դասարանի մեջ»,-ներկայացնում է հիմնադրամի տնօրենը:

 

Գյումրիում, Ջավախքում ևս տաղանդավոր երեխաներ կային, յուրաքանչյուրի մասին պատմում է առանձին ոգևորությամբ, նրանց հաջողություններով հպարտանում և առավել կարևորում այն վերաբերմունքը, որ ցուցաբերել են Մշակույթի նախարարությունում: Վստահ է, որ այն իր պտուղները տալու է:

 

Այս կառավարությունը, նոր մտածելակերպը շատ մեծ աղզդեցություն պիտի ունենա ամեն ինչի վրա

 

«Մշակույթի նախարարությունում էլ պատրաստ են աշխատել մեզ հետ, օրինակ, երբ որ դրամահավաքի համերգ կազմակերպենք Կանադայում, մշակույթի նախարարությունը պատրաստ է իր կրցած չափով օգնել: Այս կառավարությունը իր նոր մտածելակերպով շատ մեծ ազդեցություն պիտի ունենա ամեն ինչի վրա, նաև մշակույթի վրա, զգում ենք, որ իսկապես ուզում են լավ գործ անել, ժամանակը դեռ կանուխ է, բայց շատ հույս ունենք»,-նշում է կանադահայ երաժիշտը:

 

ՍՐՏԱՑԱՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

Վստահ է, որ միայն դրանք միայն բարի ցանկություններ չեն, արդեն իսկ սեփական օրինակով համոզվել են, երբ վերաբերմունքի կտրուկ փոփոխություններ են նկատել, ինչի արդյունքն էլ այն լավ պայմաններն են, որոնք տրամադրվել են երկու համայնքներում: Ասում է.

 

Երբ որ առաջ գյուղապետի մը կմոտենայինք, չէր հասկանում՝ ինչի համար պետք է երեխա մը երգե

 

«Ես տեսնում եմ փոփոխությունները, ուղղակի տեսանք Էջմիածին ու Ակունք, շատ ավելի լավ պայմաններ մեզ տրվեցին, որ մեր դասերը շարունակվին: Երբ որ առաջ գյուղապետի մը կմոտենայինք, չէին հասկանում՝ ինչի համար պետք է երեխա մը երգե, կամ երաժշտության դասեր առնե: Փաստորեն իր գյուղի երեխաներով հետաքրքրված չէին։ Հիմա այդպիսի երևույթների չենք հանդիպեր: Ժողովուրդը արթնացել է, և անշուշտ քաղաքական գործիչները գիտեն, որ պետք է աշխատեն ի օգուտ ժողովրդի, ամեն ասպարեզների մեջ»:

 

Իսկ արդյո՞ք շատերի մատնանշած փորձառության պակասը չի կարող ազդել հետագա աշխատանքների վրա, «Ատգեն Արմենյանի» հիմնադիրը վստահ է, որ դա շուտ հաղթահարելի խնդիր է:

 

Մենք հին փորձառություններու պետք չունինք, որ գիտեին՝ ոնց կողոպտեն ժողովուրդը

 

«Մեկը փորձառություն չի ունենա, մինչև որ չսկսի, և մենք այն հին փորձառություններու պետքը չունինք, որ գիտեին՝ ինչպես կողոպտել ժողովուրդին: Ուրախ եմ, որ ժողովուրդը արթնացել է և չի թողնում, որ որևէ մեկն իր վրա ճնշի, վախի մեջ չի ապրում։ Մեծ սպասումներ ունի կառավարությունեն ժողովուրդը, բայց պետք է արթուն մնա,-նշում է նա և հավելում,-Փորձառության պակասը չի մտահոգե, երբ որ մեկը տաղանդավոր է ու բարի նպատակներ ունի, կկարողանա ինքզինքը շրջապատել ճիշտ մարդկանցով։ Աշխատակազմը երբ որ լավ լինի, վստահ եմ, որ արդյունքն էլ լավ կլինի»: