Home / Armenia  / 24 տարի անց վերադարձ ծննդավայր. Հասմիկ Գորգինյանը 6 ամիս է՝ ապրում է Հայաստանում, աշխատում Ազգային ժողովում

24 տարի անց վերադարձ ծննդավայր. Հասմիկ Գորգինյանը 6 ամիս է՝ ապրում է Հայաստանում, աշխատում Ազգային ժողովում

 

Երևան (Նորանոր) _ ԱԺ-ի Ելք խմբակցության ընդունարանում Հասմիկն այցելուներին ողջունում է պարզ, հասկանալի հայերենով, զրուցում ու պատմում այնպես, կարծես ապրել ու մեծացել է Հայաստանում, այնինչ ընդամենը 6 ամիս առաջ է նա Լեհաստանից տեղափոխվել Հայաստան:

 

Մեկ տարեկանում ծնողների հետ Լեհաստան տեղափոխված Հասմիկ Գորգինյանը տարիներ անց Հայաստան է վերադարձել ապրելու առանց ծնողների:

 

Մինչ այդ ամեն տարի այցելում էր, ժամանակ անցկացնում հայրենիքում, շփվում հասակակիցների ու հարազատների հետ և հեռանում զգացողությամբ, կարծես ինչ-որ հոգեհարազատ բան է թողել Հայաստանում: Այսօր նա աշխատում է Հայաստանում՝ իշխանության եկած նոր քաղաքական ուժի կողքին:

 

ՀԱՅ ՄՆԱԼՈՒՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱՐ

1994թթ-ին են  նրա ծնողները տեղափոխվել Լեհաստան, թե ինչն էր պատճառը,  Հասմիկ Գորգինյանի համար, ով այն ժամանակ ընդամենը 1-2 տարեկան էր, մինչ օրս էլ լիովին պարզ չէ: Ծնողների պատմելով՝ նախ ժամանակավոր, այնուհետ հիմնական են հաստատվել:  Գործարար միջավայրում հաջողությունների են հասել, համայնքային կյանքում՝ ակտիվ եղել:  Արտագաղթած ընտանիքի համար հայ մնալուն այլընտրանք չկար, Հասմիկը դա ենթագիտակցորեն էր ընկալում, չէր խանգարում նույնիսկ հայկական դպրոց չհաճախելը:

 

Կար մի ժամանակաշրջան, որ որոշեցի մի կողմ դնել լեհերեն գրքերը, բացի մասնագիտականից, ու կարդալ հայերեն գեղարվեստական գրքեր

 

«Ես սիրում եմ կարդալ գրքեր, ու կար մի ժամանակաշրջան, որ որոշեցի մի կողմ դնել լեհերեն գրքերը, բացի մասնագիտականից, ու կարդալ հայերեն գեղարվեստական գրքեր, ու դրանց արդյունքն էր, որ բառապաշարս հարստացավ, կարողացա ազատ հաղորդակցվել»,-պատմում է Հասմիկը Noranor.ca-ին:

 

Դա Հայաստանը ներկայացնելու մի ձև էր, դա մեզ չէր տարանջատում, և նույնիսկ իմ դիպլոմային թեզերը երկու անգամ հայկական թեմաների  եմ նվիրել

 

Ոչ միայն կարդալ, այլև խոսել, պատմել ու հպարտանալ, գիտակցել, որ անկախ գտնվելու վայրից, ազգային ինքնությունը պահպանելն է ճիշտ, հատկապես որ. «Դա մեզ չէր տարանջատում օպտարազգի երեխաներից,-ասում է երիտասարդ քաղաքագետը՝ հավելելով,- լեհերից ոչ մի բանով հետ չէի մնում, իմ լեհ դասախոսները դա շատ էին գնահատում: Այսինքն՝ այստեղ խնդիրն այն չէր, որ մտածում էի, որ ավելի լավն եմ, քան նրանք, այլ ուղղակի շփվելով նրանց հետ՝ ես միշտ պատմում էի իմ երկրի մասին, իսկ դա նրանց համար ողջունելի էր, խնդրում էին, որ ինչ-որ հայերեն բառ ասեմ, գրեմ հայերեն, ավանդույթների մասին պատմեմ, այսինքն՝ դա Հայաստանը ներկայացնելու մի ձև էր, դա մեզ չէր տարանջատում, և նույնիսկ իմ դիպլոմային թեզերը երկու անգամ հայկական թեմաների  եմ նվիրել»:

 

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Հասմիկը Լեհաստանում ստացել է քաղաքագետի, ապա նաև միջազգային հարաբերությունների մասնագետի ու սոցիոլոգի մասնագիտություններ, վերադառնալով Հայաստան՝ նա ցանկություն ուներ մասնագիտությամբ աշխատել, դիմել էր աշխատանքի հարցով: Երկար ջանքերից հետո այսօր նրան  հնարավորություն է տրվել կայանալու իր ոլորտում:

 

Պատահական ընդգրկվել եմ թիմ, հնարավորություն է ընձեռնվել ավելի առաջ գնալու, կուսակցության անդամ չեմ դեռևս

 

«Պատահական է այդ ամենը եղել, պատահական ընդգրկվել եմ թիմ, հնարավորություն է ընձեռնվել ավելի առաջ գնալու, կուսակցության անդամ չեմ դեռևս, դրա համար հնարավորություն է տրվել ներկայանալու, ես էլ օգտվել եմ այդ հնարավորությունից: Ուզում էի իմ մասնագիտությաբ աշխատանք գտնել, հեշտ չէ, սպասել եմ մի քանի ամիս, ու ստացվեց, երևի ամենամեծ գրավականն այն էր, որ հեղափոխությունից հետո էի վերադարձել, ուզում էի ընդգրկվել թիմ, ու ընդառաջեցին»,-նշում է «Ելք» խմբակցության աշխատակիցը:

 

Նա Հայաստան է եկել մայիսի 14-ին, սակայն, ասում է, ոգևորությամբ հետևել է հեղափոխությանը, ուրախացել հաղթանակով, իսկ Հայաստանում ապրելու գաղափարը ծնվել էր դեռ երկու տարի առաջ, վերջին զարգացումներից հետո այն ամրապնդվեց: Պատմում է.

 

Երբ որ գալիս էի Հայաստան արձակուրդներին, միշտ ճանապարհներ էի փնտրում, որ մի քիչ երկար մնայի

 

«Մինչ այդ չկար համարձակություն, երևի մի քիչ էլ տարիքի հետ էր կապված, հեղափոխությունից հետո որոշեցի վերադառնալ: Երբ որ գալիս էի Հայաստան արձակուրդներին, միշտ ճանապարհներ էի փնտրում, որ մի քիչ երկար մնայի, երբ աշխատում ու սովորում էի, հնարավոր չէր, ավարտեցի, շանսերս մեցացած երկար մնալու համար»:

 

ԾՆՈՂՆԵՐՍ ՉԸՆԴԴԻՄԱՑԱՆ

Մեկ ամիս անց նրան Հայաստանում միացան ծնողները, սակայն նրանք չէին եկել Հայաստանում ապրելու մտադրությամբ, իսկ մտքին, որ Հասմիկն այստեղ կհաստատվի, թերահավատորեն էին վերաբերում, հետևաբար.

 

Ծնողներս չընդդիմացան, քանի որ չէին հավատում, չէին սպասում, որ ես դա կանեմ

 

«Ծնողներս չընդդիմացան, քանի որ չէին հավատում, չէին սպասում, որ ես դա կանեմ, ուղղակի երբ եկա Հայաստան, գիտեին, որ ես ինձ այստեղ լավ եմ զգում: Ոչ թե այնտեղ վատ եմ զգում, երջանիկ չեմ, այլ այստեղ լավ եմ զգում: Սա իմ կյանքում ինչ-որ նոր բան է, որովհետև Եւրոպայում ապրել եմ երկար տարիներ, ունեմ ընկերներ: Տարօրինակ է հնչում, բայց այստեղ կյանքը լրիվ այլ է, հարազատները, ընկերությունը, դրսևորումները տարբեր են, այնտեղ մարդիկ սառն են, այստեղ ավելի ջերմ հարաբերություններ ունեն»:

 

Հասմիկը համաձայն է, որ Հայաստանում դժվարություններ կան, բայց չի կասկածում, որ կամքի, համբերատարության շնորհիվ դրանք հաղթահարելի են, ինչպես ինքը հավատաց, սպասեց ու կարողացավ գտնել իր նպատակին հասնելու ճանապարհը: Սակայն այլ է տրամադրությունը, երբ ծնողների վերադարձի հարց է առաջանում, իր համար սա թերևս լավագույն լուծումը կլիներ, սակայն գործարար մարդկանց համար դա շատ ավելի դժվար կլիներ, ասում է.

 

Այդ որոշումը դեռ չկա

 

«Եթե ծնողներս կորոշեն վերադառնալ, ամենաուրախը ես կլինեմ, քանի որ իմ կողքին կլինեն, բայց դա նրանց որոշելիքն է: Եթե իրենք որոշեն, որ այստեղ կարող են ինչ-որ բան փորձել, թող անեն, սակայն այդ որոշումը դեռ չկա»:

 

Իր դեպքում որոշումը հստակ է. Իր աշխատանքը պատկերացնում է այնտեղ, որտեղ է՝ ավելին անելու հեռանկարով:

 

Մենք այսօր սկսել ենք փոխել Հայաստանը

 

«Դա կարող է լինել ամենափոքր բանից մինչև ամենամեծ բաները, դա կարող է լինել խոսքի կուլտուրայից մինչև քաղաքական հարցեր, մենք, չփոխելով փոքր բաները, չենք կարող հասնել հաջողության, մեծ խնդիրներին չենք կարող լուծում տալ: Մենք այսօր սկսել ենք փոխել Հայաստանը, և կարծում եմ, որ այդ ճանապարհը տանում է դեպի հաջողության»,-վստահեցնում է, համեմատականներ անցկացնում, որ Հայաստանն էլ ունի իր մի շարք առավելությունները, նշում է. «Ես համեմատականներ տանում եմ քաղաքական գործիչների և հասարակության կապը, այստեղ մարդիկ ավելի հեշտ են բարձրաձայնում իրենց խնդիրները, օրինակ Լեհաստանում այդպես չէ: Որպեսզի բարձրացնես մի խնդիր, պետք է տարիներով սպասես»: