Home / Canadahye  / Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի՝ մաֆիայի հետ կապերի մասին մամուլի տեղեկատվության աղբյուր է ծառայել ընդամենը մեկ լուսանկար, իսկ պատճա՞ռ… Րաֆֆի Քանդյան

Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի՝ մաֆիայի հետ կապերի մասին մամուլի տեղեկատվության աղբյուր է ծառայել ընդամենը մեկ լուսանկար, իսկ պատճա՞ռ… Րաֆֆի Քանդյան

 

Ֆրանկֆուրտ (Նորանոր) _ Գերմանական մամուլում հայկական մաֆիայի շուրջ հրապարակումները վերջին օրերին փոքր-ինչ նահանջեցին շնորհիվ Գերմանիայում Հայաստանի դեսպանատան ու հայկական համայնքի տարած աշխատանքների: Երկու օր առաջ Բեռլինի շրջանային դատարանը դատական արգելք էր սահմանել գերմանական ,,Der Spiegel’’ պարբերականի և Mitteldeutschen Rundfunk (MDR) հեռուստառադիոընկերության նկատմամբ՝ արգելելով տարածել մեղադրական հոդվածներ ու նյութեր Գերմանիայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի մասին:

 

Իրականում ի՞նչ դերակատարում են ունենում այս խմբավորումները Գերմանիայում, ինչո՞վ էր պայմանավորված վերջին շրջանում այս գործողությունները, որքանո՞վ են հավաստի հրապարակումներն ու հակառակ պարագայում ի՞նչ նպատակ են հետապնդում այս լրատվամիջոցները: Հարցերի շուրջ Noranor.ca-ը զրուցել է Գերմանահայկական միության նախագահ Րաֆֆի Քանդյանի հետ:

 

 

ՆՈՐԱՆՈՐ Պարո՛ն Քանդյան, երբվանի՞ց են սկսվել հայտնի լրատվամիջոցների կողմից Գերմանիայում  հայկական մաֆիայի, այսպես ասած, արմատները գտնելու և տարբեր շրջանակների հետ առնչությունները բացահայտելու աշխատանքները: 

 

ՐԱՖՖԻ ՔԱՆԴՅԱՆ Արդեն չորս տարի է, որ Գերմանիո Սաքսոնիա-Անհալթ երկրամասին մեջ գործող Կեդրոնական գերմանական կայանը՝ MDR-ը, կարգ մը հաղորդումներ պատրաստած է, այսպես կոչված, «հայկական մաֆիա»-ի մասին: 2014-ին նկարահանված տեսանյութ մը մեկնակետ հանդիսացած է այդ հաղորդումներուն: Տեսանյութը իբր թե ցույց կուտայ երկու՝ ծագումով հայ քրեական խմբավորումներուն բախումը: MDR-ի այս հաղորդումները լայն հասարակության ուշադրությունը չեն կրցած գրավել, քանի որ ան փոքր կայան մըն է: Կազմակերպված հանցագործություններու մեջ հայկական մաֆիայի ունեցած կշիռին մասին ամենահավաստի տեղեկությունները կան Դաշնային Քրեական Ոստիկանության BKA Օգոստոս 2018-ին՝ 2017-ի տվյալներու հիման վրայ հրապարակած հաշվետվության մեջ: Հայերը «Նախկին Խորհրդային Միության Կազմակերպված հանցագործությունները» ենթաբաժնին մեջ նշված են՝ ռուսերու, գերմանացիներու, լիտվացիներու, վրացիներու, ուկրանիացիներու, ղազախներու և լատվիացիներու կարգին: Ավելցնենք ուշագրավ տեղեկություն մը. «2017 թ.-ին 29 դեպք է հետապնդված (2016: 35) այն խմբերու դեմ, որոնք կարող են նշանակվիլ նախկին Խորհրդային միության երկիրներեն եկածներուն (բոլոր կազմակերպված հանցագործություններու ընթացակարգերու 5.1% -ը):

 

ՆՈՐԱՆՈՐ Ի՞նչն է նպատակը՝ կանխե՞լ նշված շրջանակների զարգացումը, թե՞ պարզապես սեփական վարկանիշը բարձրացնելուն ուղղված պարզագույն  միջոց է:

 

3 Նոյեմբերին Շպիգել-ը իր հերթական համարին մեջ ծավալուն հոդված մը հրապարակեց: Վերնագիրը՝ “Diebe im Gesetz”(0րենքով գող): Խիստ հետաքրքրական է նաև ենթախորագիրը՝ «Իրենց կապերը կհասնին պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհին և կկասկածվի, որ մինչև դիվանագիտական շրջանակներ»: Հոդվածը Շպիգել-ի և MDR-ի աշխատակիցները միասնաբար պատրաստած են: Եւ բնականաբար արձագանգը անհամեմատ ավելի մեծ եղավ՝ երկու հիմնական պատճառով. Նախ Շպիգել-ը ի տարբերություն MDR-ի հանրածանոթ հանդես մըն է: Հետո խոսքը միայն փոքր հայկական մաֆիային մասին չէ, մտցված է նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհը և մանավանդ դիվանագիտական շրջանակները, այսինքն «Sex and Crimes»-ի մեկ տարբերակը:

 

ՆՈՐԱՆՈՐ Խնդրում եմ անդրադարձեք լրատվամիջոցների կողմից ներկայացված փաստերին կամ հանգամանքներին, որոնք առնչվում են դիվանագիտական շրջանակներին, ըստ Ձեզ, ի՞նչն է նման տեղեկատվության հիմք հանդիսանում:

 

ՐԱՖՖԻ ՔԱՆԴՅԱՆ  Շպիգել-ը կգրե հետևյալը. «Կկասկածվի, որ այդ կապերը Գերմանիո մեջ կհասնին մինչև դիվանագիտական շրջանակներ: Կկասկածվեր, որ Հայաստանի ներկա դեսպանը՝ Աշոտ Սմբատյանը արդեն իսկ տասը տարիներ առաջ ներգրավված էր միջազգային մաքսանենգության գործողություններու մեջ:» Խոսքը 2008-ի մասին է: Քիչ հետո կկարդանք, որ պնդումը իբր թե գրված է Դաշնային Լրատվական Գործակալության BND-ի գաղտնի մեկ զեկույցին մեջ: Նույն այդ զեկույցին մեջ Սմբատյանը իբր թե է «օրենքով գող», այսինքն՝ մաֆիոզիկներու կնքահայր կոչված է: Ահավոր ամբաստանություն: Իսկ այսօրվա՝2018-ի տվեալներով, կգրե Շպիգել-ը, Սմբատյանը, ըստ Դաշնային Քրեական Ոստիկանության տվյալներուն այլևս իբրև «օրենքով գող» չէ գրանցված: Իր հասցեին ուղղված ամբաստանություններուն անհիմն ըլլալը փաստելու համար պետք չէր մինչև 2018 սպասել, բան, որը Շպիգել-ը չէ նշած. Աշոտ Սմբատյանը 2015-ին նշանակվեցաւ ՀՀ դեսպան Գերմանիո մեջ: Ըստ ընթացակարգի գերման պետությունը թեկնածուն, ով որ ալ ըլլա ան, իր գործակալություններու միջոցով ստուգումներու կենթարկե և ան դեսպան կնշանակվի միայն այն ատեն, եթե ստուգումները պարզեն անոր անթերի ըլլալը: Ուրիշ կերպ ըսենք. «օրենքով գող» մը անկարելի է որ դեսպան դառնա Գերմանիա: Ըստ երևույթի Աշոտ Սմբատեանի հասցեին ուղղված մեղադրանքներու բուն պատճառը ուրիշ տեղ պետք է փնտրել: Շպիգել-ի գրության վերջին մասին մեջ կան անոր հետքերը: «Հոն (Բունդեսթակի մեջ) կազմվեցավ Սմբանյանի կարևորագույն լոբբիական կազմակերպությունը. Գերմանա-հայկական Ֆորումը:» Եւ կարծես վարկաբեկելու/մրոտելու համար զայն ավելցված է հետևյալը. «Ֆորումի առաջին խմբանկարին մեջ կա հայտնի մարզիկ մը. Կարո Մուրադը իր հավանական կապերով հայկական կլաններուն:» Մի՞թե ոմանք անհանգիստ են Սմբատյանի տարած աշխատանքեն, քանի որ ան հաջողած է Գերմանա-Ադրբեջանական Ֆորումի զուգահեռ՝ կազմել Գերմանա-Հայկական Ֆորումը: