Home / Armenia  / ՀՀԿ-ն ու ՀՀԿ-ից սերած ՔՊ-ականները. Ընտրությունը մեծ չէ, բայց ազատ է ու թափանցիկ

ՀՀԿ-ն ու ՀՀԿ-ից սերած ՔՊ-ականները. Ընտրությունը մեծ չէ, բայց ազատ է ու թափանցիկ

 

Երևան (Նորանոր) _ Հայաստանի ներքաղաքական կյանքում ամեն ինչ մաքուր էջից սկսելու հնարավորություն է ստեղծվել, ոչ միայն քաղաքական ուժերի, այլև քաղաքացիների համար: Երկիրը գնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, գնում է գրեթե կանխատեսելի ելքով ընտրությունների՝ դժվար է ասել՝ այդքան շահարկվող էյֆորիայի՞, թե՞ արդեն սթափ դատողությունների կամ հեղափոխությամբ իշխանության եկած կառավարության գործողությունների ազդեցության տակ:

 

Այսօր ՀՀԿ-ն արդեն հարմարվել է ընդդիմություն լինելու իր դերակատարման հետ, այն հանրապետականները, որոնք սկզբունքորեն հավատարիմ մնացին իրենց գաղափարներին, չփորձեցին նոր կերպարով հանդես գալով՝ իշխանություն լինելու հյութեղ պտուղներից օգտվելու հնարավորությունը պահպանել:

 

ՀԱՆՈՒՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼՈՒ

Հասարակության հիշողությունն այնքան կարճ չէ, որ մեկ կիսամյակում մոռացության տա Հանրապետականի իշխանության երկու կամ երեք տասնամյակների աղետները՝ արտագաղթի, աղքատության, կոռուպցիայի, ամենաթողության, իրականությունից կտրված լինելու բոլոր հետևանքներով: Ուստի կուսակցության առաջամարտիկները, բայց ոչ Սերժ Սարգսյանը, նոր կերպավորում են ստանում:

 

Մի կրկնեք մեր սխալները, այն թերությունները, որոնց պատճառով ՀՀԿ-ն նաև այսօր հայտնվեց ճգնաժամի մեջ երկրի հետ միասին

 

«Մեր սխալներից մեկը իշխանության տապալման նաև դա էր, որ մենք մեզ կեղծում էինք, ասում էինք բաներ, որոնց հետ հոգու խորքում համաձայն չէինք, սխալ էինք անում, մի կրկնեք մեր սխալները, այն թերությունները, որոնց պատճառով ՀՀԿ-ն նաև այսօր հայտնվեց ճգնաժամի մեջ երկրի հետ միասին»,-ընդդիմության դիրքերից բարեհոգաբար, հորդորում է նոր իշխանությանը «դարձի եկած» քաղաքական ուժի փոխնախագահը՝ Արմեն Աշոտյանը:

 

Ասել է, թե նորովի հանրությանը ներկայանալու, իրական ընդդիմության դիրքերից հանդես գալու հնարավորություններ են փնտրում: ԱԺ-ում ընդդիմադիրի սկզբունքայնությունը պահպանվեց թերևս «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների քվերակության ժամանակ, երբ ՀՀԿ-ն ամեն գնով տապալեց այն առաջին իսկ ընթերցմամբ ընդունելու իշխանության և ցանկացած իշխանության կողքին կանգնող կուսակցությունների փորձերը:

 

Սակայն հավատարիմ մնալով խոստմանը՝ երկու անգամ չընտրեց վարչապետ: Հետևաբար դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

 

ՔՊ-Ն ՀՀԿ ՉԻ՞ ԴԱՌՆԱ

Ընտրությունների ելքը՝ գոնե իշխանության մասով գրեթե կանխատեսելի է, Հանրապետականի միակ հենարանը հիասթափությունն է, որ այսօր ապրում է հանրության մի մասը նոր իշխանության քաղաքականության հետևանքով: Հասարակության շրջանում բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնց պատասխանները Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կամ հենց ինքը՝ Փաշինյանը փորձում են համոզիչ դարձնել: Դրանցից թերևս առաջինն ու հիմնականը մեկն է.

 

«Արդյո՞ք Քաղաքացիական պայմանագիրը չի դառնա ՀՀԿ»:

 

«Բարիկադները քանդելու» ձևակերպման տակ Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամները զանգահարում ու հարցնում են ՀՀԿ-ականների «քաղաքական ողջությունը»

 

Այս հարցն առաջանում է ոչ միայն այն պատճառով, որ «բարիկադները քանդելու» ձևակերպման տակ Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամները զանգահարում ու հարցնում են ՀՀԿ-ականների «քաղաքական ողջությունը», այլև այս գործողությունների արդյունքում մի շարք ռիսկերի անտեսումը Նիկոլ Փաշինյանի կողմից:

 

Հեղափոխությունից հետո իշխանության գալով՝ նոր կառավարությունը սկսեց քանդել անցնող տասնամյակների վտանգավոր կծիկը՝ դրանցում միանգամից ներքաշելով տարբեր հարցեր:

 

ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾ

Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանչվեց պատասխանատվության, մեղադրանք ներկայացվեց Սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ: «Նմանատիպ գործի համար չափազանց թույլ մեղադրանք» ձևակերպեցին իրավաբանները, և այնքան էլ դժվար չեղավ նախկին նախագահի համար սահմանադրական իմունիտետի շնորհիվ ազատություն ստանալ, թեև գործը չփակվեց, իսկ հասարակության շրջանում կան մի շարք հարցեր, որոնցից գլխավորն այն էր, թե ինչո՞ւ առաջին և երրորդ նախագահները չկանչվեցին պատասխանատվության, երկուսն էլ հավասար մեղավորություն ունեն, ինչո՞ւ հիմնավոր մեղադրանք ու կալանավորելու իրական հիմքեր չներկայացվեցին, ինչպե՞ս հնարավոր եղավ նոր իշխանության օրոք նախկին իշխանությանը ծառայած դատական համակարգի կենսունակությունը պահպանել և այլն:

 

Բացահայտումների ամենամեծ գինը եղավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանի զրկվելը

 

Մարտի մեկը բացահայտվելու է մինչև վերջ՝ բարձրաձայնում է Փաշինյանը, իսկ այս բացահայտումների ամենամեծ գինը եղավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանի զրկվելը: Հիշեցնենք, որ նախկին գլխավոր քարտուղար Յուրի խաչատուրովը հետ կանչվեց հենց այս գործում որպես մեղադրյալ ներգրավված լինելու պատճառով:

 

Հենց այս թույլ կետերն են, որոնք ոտքի տակ դնելով՝ նախկին իշխանությունները փորձում են վեր բարձրանալ: Հաջորդը կոռուպցիոն բացահայտումներն են: Այս դեպքում հանրությունը սպասում էր լիարժեք պատասխանատվություն ոչ միայն չարաշահումներ թույլ տված անձանց կողմից գրավի միջոցով խափանման միջոցները փոխելու ուղղությամբ, այլև իրական արդարադատություն:

 

Փաշինյանը լուծումը տեսնում է անցումային արդարադատություն ստեղծելու ճանապարհով

 

Իրական արդարադատության հասնելը դժվար է, եթե համակարգը գործում է նախկին՝ իշխանությունների թելադրանքով աշխատելու սովորություններով: Փաշինյանը լուծումը տեսնում է անցումային արդարադատություն ստեղծելու ճանապարհով, խոստանում իրական փոփոխություններ:

 

Արդյունքը՝ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյան, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան, իսկ ամենաթարմը՝ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյան:

 

Ամենախոցելի կողմերից մեկն էլ նորեկ իշխանության համար կադրային քաղաքականությունն էր: Այս հարցում անփորձ երիտասարդների նշանակումը թերևս երանի տալու առիթ դարձավ, երբ նոր բացահայտումներ անելու մոլուցքով վարչապետը սկսեց բերել ՀՀԿ-ին ծառայած կադրերին: Արդյունքը՝ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյան, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան, իսկ ամենաթարմը՝ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյան:

 

ՀՀԿ-ից սերած գործիչները գերադասելի համարվեցին ՔՊ-ականներից

 

Բանը հասավ այնտեղ, որ ՀՀԿ-ից սերած գործիչները գերադասելի համարվեցին ՔՊ-ականներից, ու քաղաքական ուժը որոշել է նրանցից ոմանց առաջադրել ռեյտինգային ցուցակներով՝ երկրորդ պլան մղելով ժամանակին կոռուպցիայի դեմ պայքարած անձանց: Այս իրավիճակը շատերին այլ մտորումների տեղիք չի տալիս, քան այն, որ երկրում տեղի է ունեցել միայն իշխանափոխություն:

 

Այս ամենից բխող բազմաթիվ հարցեր հանրությանը ծանրութեթև անելու հնարավորություն են տալիս, բայց այս շրջանում դեռևս ժողովուրդը չի ցանկանում նահանջել, այլ դեռ հավատում ու սպասում է, իսկ իրական արդյունքը երկար սպասեցնել չի տա, ընդամենը մեկ ամսից արդեն երկրում նոր իրավիճակ կլինի:

 

Ազատ ընտրություն կատարելու հնարավորություն ունի, բայց ընտրությունը մեծ չէ:

 

Հայաստանցին ձգտում է արդարության, սոցիալական բարեկեցության, հավասարության ու արժանապատիվ կյանքի: Ազատ ընտրություն կատարելու հնարավորություն ունի, բայց ընտրությունը մեծ չէ: