Home / Armenia  / Բնակարանի հարցի լուծումը՝ հայրենադարձության խթան. Սփյուռքահայ գործարարները ներդրումներ անում են հենց այս ոլորտում

Բնակարանի հարցի լուծումը՝ հայրենադարձության խթան. Սփյուռքահայ գործարարները ներդրումներ անում են հենց այս ոլորտում

 

 

Երևան (Նորանոր) _ Սիրիահայերի հայրենադարձությունից հետո առաջին հարցը, որը հետաքրքրում էր շատերին, այն էր, թե ինչպես է լուծվելու նրանց բնակարանային հարցը: Հայրենադարձներից քչերն էին, որ տեղական շուկայում կարողացան բնակարաններ ձեռք բերել, իսկ մեծ մասամբ ապրում են վարձակալությամբ: Մատչելի պայմաններով բնակարաններ ձեռք բերելը  անհրաժեշտություն ու պահանջ էր:

 

Սիրիահայ  Հրայր Ակիլյանը, ով 2012թ-ին է հայրենադարձվել, Հայաստանում նման նախաձեռնությամբ հանդես եկավ. Դավիթաշեն թաղամասում սկսեց սիրիահայերի համար շենքերի կառուցապատումը: «Եռանավ» հայրենադարձության ու շինարարական ընկերությունը, գնահատելով պահանջարկը, որոշեց ստանձնել աշխատանքները, ինչի արդյունքում Երևանի տարբեր վարչական շրջաններում շենքեր կառուցվեցին սիրիահայերի համար:

 

ՊԱՀԱՆՋՔԸ ԲԱՐՁՐ Է

«Երբ որ Սիրիո այս հարցը եղավ, և սիրիահայերը սկսան հայրենադարձ ըլլալ, հասկցանք, որ պահանջքը շատ բարձր է, և քաջալերելով հայրենադարձությունը՝ մենք սկսանք տարբերակ մը որդեգրել, դյուրին պայմաններով, առանց տոկոսի բնակարաններ սարքել և վաճառել սփյուռքահայերին: Այդ ծրագիրեներն մեկն էլ «Նուռ»-ն է, որ կներառե հինգ շենք, խանութներ, հասարակական տարածք և այլն»,-ներկայացնում է ընկերության վաճառքի մենեջեր Ջինա Փոլադյանը:

 

Մինչ օրս մեկ շենք է հանձնվել շահագործման, մյուսների շինարարությունը շարունակվում է:  Իսկ ծրագիրը  ենթադրում է ոչ միայն բիզնես, այլև աջակցություն հայրենադարձությանը: Այս նպատակով է, որ իրականացնում են նաև հայրենաճանաչության աշխատանքներ:

 

Ասիկա նոր երկիր է, նոր շրջապատ է, և դուն, որ մեջդ այդ մի բանը ունիս ու համոզված ես, որ սփյուռքը մնայուն չէ, հայրենիքն է մնայուն, այս համոզումներով սկսանք հաճախորդին շատ բաներ բացատրիլ

 

«Հայրենադարձությունը կքաջալերե՝ սփյուռքահայերին ներկայացնելով դպրոցների, դասարանների մասին ինֆորմացիա, ապահովագրության, աշխատանքի, կարգ մը այլ բաներու մասին ձրիաբար ծառայություններ կմատուցե: Հաճախորդը, որ բնակարան պիտի վերցնե, հազար ու մի հարցումներ ունի Հայաստանի մասին, կյանքի, դպրոցների, գործի մասին, շատ բաներ պիտի հասկանա, չէ՞ որ պիտի ձգե իր ծննդավայրը և պիտի հաստատվի հայրենիք: Ասիկա նոր երկիր է, նոր շրջապատ է, և դուն, որ մեջդ այդ մի բանը ունիս ու համոզված ես, որ սփյուռքը մնայուն չէ, հայրենիքն է մնայուն, այս համոզումներով սկսանք հաճախորդին շատ բաներ բացատրիլ»,-պատմում է մենեջերը:

 

ՍԵՓԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ

Բնակարան ձեռք բերելու հնարավորությունը կարող է կապող օղակ հանդիսանալ շատերի համար, որպեսզի հաստատապես որոշեն մնալ հայրենիքում: Օրինակ՝ Ջինա Փոլադյանը աշխատանքի բերումով էր տեղափոխվել Հայաստան, սակայն փոխվեցին ծրագրերը: Պատմում է.

 

Ես անցյալ ամառ եկած էի աշխատանքով, արդեն որոշեցի հոս հաստատվիլ և Լիբանան չվերադառնալ այլևս

 

«Օրինակ այդ անձերը, որ արդեն բնակարան վերցրին, անոնց համար Միջին Արևելքի ընդհանուր քաղաքական, տնտեսական վիճակը պատճառ դարձավ, որ գոնե երեխա և մայր հոս հաստատվին, բայց հայրը մնա, աշխատի, մինչև որ այստեղ գործ մը ապահովե: Ադոր նման շատ ընտանիքներ ունինք՝ ես ալ մեկը ըլլալով: Ես անցյալ ամառ եկած էի աշխատանքով, արդեն որոշեցի հոս հաստատվիլ և Լիբանան չվերադառնալ այլևս, երեխեքս հոս դպրոց կհաճախեն,  ես հոս կաշխատիմ, ամուսինս դուրսն է, թեև ծրագիրներ կան հայրենադարձության, որ գա և հոս աշխատի, բայց մի քիչ անորոշ է այդ կետը»:

 

Ըլլա տեղացի երիտասարդը կամ հայրենադարձը տուն վերցնելու, երկու դեպքում էլ մատչելի է

 

Դեռ հստակ չէ որոշումը, բայց վստահ է, որ Հայաստանն այլևս կարևոր տեղ է զբաղեցնելու իրենց կյանքում: «Անցյալ ծրագրերին հաճախորդը մեզի կվճարեր առանց տոկոսի, սակայն «Նուռ» ծրագիրը վարկային պիտի ըլլա՝ հիփոթեքով, եկամտահարկով պիտի ունենա, ըլլա տեղացի երիտասարդը կամ հայրենադարձը տուն վերցնելու, երկու դեպքում էլ մատչելի է»,-վստահեցնում է ընկերության ներկայացուցիչը:

 

Նմանատիպ ծրագրերը ոչ միայն սիրիահայերի, այլև ընդհանրապես սփյուռքահայերի համար վերջին շրջանում մեծ թափ են առել. տարբեր երկրներից, այդ թվում Կանադայից կան գործարարներ, ովքեր հենց այս ոլորտում են փորձում կատարել իրենց ներդրումը: