Home / Armenia  / Ընտրություններից առաջ տասնյակ նոր կուսակցություններ ստեղծելու հին հայկական ավանդույթն ու նոր դեմքերով հին գործիչները

Ընտրություններից առաջ տասնյակ նոր կուսակցություններ ստեղծելու հին հայկական ավանդույթն ու նոր դեմքերով հին գործիչները

 

Երևան (Նորանոր) _ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և երկու դաշինք: Կուսակցություններից 4-ը ձևավորվել է ընտրություններից ընդամենը օրեր առաջ:

 

Թեկնածուների թիվը հավասարվում է ընտրողների թվին

 

Ընդհանրապես Հայաստանում ցանկացած ընտրություն նոր կուսակցություն հիմնելու առիթ է դառնում շատերի համար, անգամ զավեշտի հասնող իրավիճակ է ստեղծվում, ու սրամիտ քաղաքացիները սկսում են կատակել, թե թեկնածուների թիվը հավասարվում է ընտրողների թվին: Հայաստանում կուսակցությունների թիվը ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալներով՝  հասնում է 85-ի:

 

Առաջիկա ընտրությունները ևս բացառություն չեն, այս անգամ նոր հավակնություններով հանդես գալու ճանապարհներ շատերն են փորձում գտնել, մի մասը՝ սեփական կուսակցություն հիմնելով, առավել հավակնոտները՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մաս կազմելով, այնպես, ինչպես անում էին ՀՀԿ իշխանության օրոք:

 

ՈՒԹՍՈՒՆԻՑ ՉՈՐՍԸ

Եւ այսպես՝ առաջիկա ընտրություններին հայտ ներկայացրնելու նպատակով ձևավորված նոր քաղաքական  ուժերն են՝ «Ազգային առաջընթաց» կուսակցություն, «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն, «Սասնա ծռեր» կուսակցություն,  «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն:

 

Սա միայն նորեկներն են 11 ուժից բաղկացած ցանկում, թեև հաշվի առնելով նախընտրական խմորումները՝ շատ ավելի մեծ թվով քաղաքական ուժեր կարելի էր սպասել, հատկապես, երբ հայտնի էին նորաստեղծ կուսակցություններ, որոնք կազմավորվել էին հենց այս ընտրություններին մասնակցելու նպատակով, դիցուք՝ Հայաստանի կառուցողական կուսակցությունը, որը ղեկավարում է Անդրիաս Ղուկասյանը:

 

Նա և ուրիշ շատերը մինչ ընտրությունները հայտարարում էին մասնակցության մտադրությունների ու առաջիկա խորհրդարանում լինելու անվիճարկելի փաստի մասին: Նրանց թվում էր նաև վճռականորեն տրամադրված «Ժառանգություն» կուսակցությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում էր, որ սրանք լինելու են վերջին ընտրությունները, րոնց կմասնակցի նաև ինքը, դաշտը հանձնելու է երիտասարդներին:

 

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՍՊԱՌՎԱԾ

Հետաքրքիր էր նաև ավանդական կուսակցությունների տրամադրվածությունը ընտրություններին, խոսքը ՀՅԴ-ի մասին չէ, որին հաջողվել է ներկայացվածություն ապահովել գրեթե բոլոր գումարման Ազգային ժողովներում: Տեսադաշտում ՀՌԱԿ և ՍԴՀԿ կուսակցություններն են, որոնք երկուսն էլ Noranor.ca-ի հետ զրույցներում հայտնում էին թեկնածություն առաջադրելու իրենց վճռականության մասին:

 

Նրանք համարում էին, որ քաղաքական ցանկացած ուժի դերը կայանում է հենց դրանում, որպեսզի մասնակցի ընտրություններին, սակայն երկարև մտածելուց հետո վերջիններս ևս չառաջադրեցին իրենց թեկնածությունը ԱԺ ընտրություններին: Իսկ Դաշնակցությունը մեծ հնարավորություններ է տեսնում, որքան էլ այս անգամ շատերը նրանց ԱԺ-ում չեն տեսնում:

 

ԱԺ-ի մաս են կազմում 4-5 քաղաքական ուժ, այդ դեպքում ինչո՞վ են զբաղվում մյուսները

 

Մոտ 9 տասնյակ կուսակցություններից ԱԺ-ի մաս են կազմում 4-5 քաղաքական ուժ, այդ դեպքում ինչո՞վ են զբաղվում մյուսները, ո՞րն է դրանց ձևավորման նպատակը, եթե գոնե տեղական ինքնակառավարման մարմիններում անելիք չունեն…

 

Ուժերի համար այլ ելք չկար, քան իրենց ընդդիմություն հռչակելը

 

ԱԺ ընտրություններում առաջադրված նորաստեղծ կուսակցություններից թերևս միայն Սասնա ծռերն է, որի ստեղծման նպատակներն ու անելիքներն ավելի վաղ էին հայտնի դարձել: Վերջինս հեղափոխությունից հետո արդեն ի հայտ բերեց իր ակնկալիքները.  ազատություն ստանալ և մաս կազմել երկրի կառավարման, ոչ իշխանության դիրքերից: Ներկա իշխանության առաջնորդը չէր համաձայնի դրանից բաժին հանել նաև այլոց: Ուստի Սասնա ծռերի, ինչպես նաև խորհրդարան մուտք գործելու հավակնություն ներկայացնող ուժերի համար այլ ելք չկար, քան իրենց ընդդիմություն հռչակելը:

 

Ո՛Չ ԱՌԱՋԻՆ, Ո՛Չ ԷԼ ՎԵՐՋԻՆ ԴԵՊՔԸ

Ու կապ չունի, նախկինում ինչ առնչություններ է ունեցել վերջինս իշխանությանը հավակնող ուժի հետ, ինչ հարաբերություններ է ունեցել, շահերի ինչպիսի բախումներ կարող են առաջանալ: Ի վերջո, ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքն է. Կան քաղաքական ուժեր, որոնք պատրաստ են խաղալ այն դերը, որը տվյալ պահին սեփական շահերից է բխում, որքան էլ կոչված են ներկայացնել ժողովրդի ձայնը: Ոչ միայն քաղաքական ուժեր…

 

Կոռումպացված համակարգից արագ տեղափոխվելով կոռուպցիայի դեմ պայքարող համակարգ

 

Քաղաքական գործիչներ էլ, ովքեր կարողանում են արագ որսալ լավագույն պահը և տաքուկ տեղավորվել համապատասխան կուսակցությունում՝ վերջինիս հիշողությունից հեռացնելով  նախկինում կատարած արարքների մասին դրվագները, կոռումպացված համակարգից արագ տեղափոխվելով կոռուպցիայի դեմ պայքարող համակարգ:

 

Բայց նրանք մեծամասնություն չեն: Նոր, ինչպես նաև իշխանության մաս կազմող կուսակցություններում մեծամասնություն են մինչ այս քաղաքական որևէ ուժի մաս չկազմած անձինք, թեև նրանց քաղաքական հակումները այնքան էլ գաղտնի չեն եղել:

 

«Իմ քայլը» դաշինքն, օրինակ, իր կուսակցության ցուցակում ներառել է իրեն մաս կազմող կուսակցության՝ «Առաքելության» 3 անդամի՝ միայն մեկով ավելի ՀՀԿ խմբակցության նախկին ներկայացուցիչներից: Կուսակցականները շեշտում էին, որ իրենց ցուցակը տեսնելով՝ հանրությունը չի հիասթափվի: Այսօր այդ ցուցակում կան նաև այլ քաղաքակն ուժերի մաս կազմած գործիչներ, մեծավ մասամբ՝ երիտասարդներ, ակնհայտորեն մեծ թվով լրագրողներ:

 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿՌԻՎ

Կուսակցությունների այս մրցավազքում շատերն արդեն ուրվագծում են առաջիկա խորհրդարանի մոտավոր պատկերը՝ միայն 4 քաղաքական ուժ կարող է մաս կազմել ԱԺ-ի, իշխանության հավակնորդն ակնհայտ է, իսկ ով է լինելու ընդդիմությունը, յուրաքանչյուրն իրեն է տեսնում տվյալ կարգավիճակում:

 

Ոմանց համար իրավիճակը հասկանալու ու օբյեկտիվ գնահատելու միջոց հանդիսացան նաև Երևանի ավագանու ընտրությունները:

 

Բայց առավել սկզբունքային նախկին իշխանության ներկայացուցիչներն են պնդում իրենց տեղն ու դիրքը: 1-ը իշխանություն, իսկ մյուս 11 ուժերը ընդդիմության «կռիվ են տալիս»: Առավել անհասկանալի է այն 8 տասնյակ քաղաքական ուժերի դերը, որոնք գոյություն ունեն, բայց խուսափում են մասնակցել համապետական ընտրությունների: Թերևս վերջիններս առավել իրատես են, ու իրական շանսերը գնահատելով է, որ չեն ցանկացել նաև ավելորդ ռեսուրսներ ու ֆինանսներ կորցնել: Ոմանց համար իրավիճակը հասկանալու ու օբյեկտիվ գնահատելու միջոց հանդիսացան նաև Երևանի ավագանու ընտրությունները: