Home / Armenia  / Վազգեն Սարգսյանի եղբայրը կարծում է, որ Հայաստանն այսօր չպետք է մոտ գա Հոկտեմբերի 27-ի բացահայտման գործին

Վազգեն Սարգսյանի եղբայրը կարծում է, որ Հայաստանն այսօր չպետք է մոտ գա Հոկտեմբերի 27-ի բացահայտման գործին

 

Երևան (Նորանոր) _ Մարտի 1-ի գործի բացահայտմանն ուղղված աշխատանքները եղան ներկա իշխանությունների առաջին մարտահրավերներից մեկը, որի ընթացքում փորձ արվեց  հայտնաբերել ու պատժել 10 տարի առաջ տեղի ունեցած գործողությունների ընթացքում զոհ գնացած 10 անձանց սպանության մեղավորներին: Սկսածը դեռ ավարտին չի հասցրել, իսկ որ իրական մեղավորները կպատժվեն, շատերը թերահավատ են, քանի որ վստահ են, որ իրավական տեսնակյունից գործընթացը կաղում էր:

 

Մարտի 1-ից բացի անցնող իշխանության տարիներին մեծագույն ոճիշրներից մեկն էլ  Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն էր: Թե ովքեր էին կանգնած ահաբեկչության հետևում, ևս պարզված չէ: Ի տարբերություն առաջինի, այս գործի բացահայտումը առավել երկար ժամանակ կպահանջի, վստահ է «Հանրապետություն» կուսակցության նախագահ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը:

 

ԱՐՏԱՔԻՆ ՈՒԺԵՐԻՑ ՍՊԱՍՎՈՂ ՌԻՍԿԵՐ

Նա համոզված է, որ ի տարբերություն Մարտի 1-ի գործի, Հոկտեմբերի 27-ը Հայաստանի ներկա կարգավիճակում հնարավոր չէ պարզել: Ինչպես հայտնի է, այս ահաբեկչության հետևում, ըստ գլխավոր վարկածի, արտաքին ուժեր են կանգնած, իսկ դա նշանակում է, որ արտաքին հզոր ուժերի դեմ դուրս գալն այսօրվա Հայաստանի համար մեծագույն  ռիսկեր կարող է պարունակել:

 

Ցուցմունքներ եմ տվել՝ բավական երկար՝ հույս ունենալով, որ ինչ-որ պահի՝ 50 կամ 100 տարի հետո իրականությունը կպարզվի

 

«Հոկտեմբերի 27-ի բացահայտումը կարող է թույլ տալ միայն այնպիսի  պետություն, որն ամուր երկու ոտքով կանգնած է հողի վրա, իրեն ապահովված է զգում: Այստեղ հիմնական վարկածն արտաքին քաղաքական վարկածն է, որովհետև տեղի ունեցած ուղղակի ժողովրդի կամքը կոտրելն էր, հավատը սպանելը, լուրջ, մտածված գործընթաց էր, որի առումով ցուցմունքներ եմ տվել, բավական երկար՝ հույս ունենալով, որ ինչ-որ պահի՝ 50 կամ 100 տարի հետո իրականությունը կպարզվի, որ Հայաստանը կլինի այնպիսի պետություն,  որ կարող է նման գործը բացել և պետական մակարդակով ասել, որ սա եղել է արտաքին քաղաքական դիվերսի հետևանք»:

 

Ալեքսանդր Լիտվինենկոն իր թունավորումով ասել է, որ հոկտեմբերի 27-ը կազմակերպել էին Ռուսաստանի հատուկ ծառայությունները և Գլխավոր հետախուզական վարչությունը

 

Թե ինչ ռիսկեր կարող է պարունակել, Սարգսյանը նշում է. «Եթե խնդիրը դիտվում է արտաքին քաղաքական հետքի բացառումը կամ հաստատումը, ՀՀ-ն՝ որպես պետություն, մեծ ռիսկեր ունի, մասնավորապես Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչ Ալեքսանդր Լիտվինենկոն իր թունավորումով ասել է, որ հոկտեմբերի 27-ը կազմակերպել էին Ռուսաստանի հատուկ ծառայությունները և Գլխավոր հետախուզական վարչությունը: Այս վարկածը կարելի է ընդունել որպես նոր հանգամանք, որը նախկինում չի ստուգվել ու նոր հանգամանքների հիման վրա ստուգել, հիմա Հայաստանաը կարո՞ղ է այս վարկածը ստուգել ռազմավարական գործընկեր Ռուսաստանի դաշնության պարագայում»:

 

ՄԵԿ ԴԱՐ ԱՆՑ

Ասել է, թե Արամ Սարգսյանի կանխատեսումները չեն էլ կապվում մեկ-երկու տասնամյակի հետ, այլ կես կամ գուցե մեկ դար հետո կարող են իրական գործընթացներ տեղի ունենալ, բայց դրա համար երկիրն այսօր պետք է հող նախապատրաստի: Իսկ որ մի օր անպայման բացահայտվելու է, այսինքն՝ երկիրն ունենալու է այնպիսի կարգավիճակ, որ համարձակորեն ձեռնարկի այդ պարտականությունը, Հոկտեմբերի 27-ի զոհերից մեկի հարազատը կասկած չունի:

 

Միանշանակ կարծում եմ, որ գալու է ժամանակ, որ ՀՀ-ն մոտ է գնալու այս գործին

 

«Միանշանակ կարծում եմ, որ գալու է ժամանակ, որ ՀՀ-ն մոտ է գնալու այս գործին: Ես կարծում եմ, որ նույնիսկ այս իրավիճակում կարելի էր այդ ուղղությամբ գոնե պետության բարձր մակարադակում հստակություն ունենալ, իմանալ, ճշտել, որ այդ ամեն ինչը կա ու պահել հետոյի համար, նման օրինակներ աշխարհում եղել է, Քենենդիների սպանությունը փակ պահելը 100 տարով, բայց ենթատեքստում մենք էլ բացառություն չենք»,-նշում է քաղաքական գործիչը:

 

Բայց հիմա, եթե ինչ-որ կերպ կվնասի երկրի շահին, ռիսկի առջև կանգնի Հայաստանի պետականությունը, չպետք է արվի, «բայց պետք է պահվի հետագայում անելու համար»,-ասում է նա:

 

Մարտի 1-ի գործի բացահայտումից էլ Արամ Սարգսյանը հիասթափված է, նա սպասում էր իրական պատասխանատուների արագ ու հիմնավոր պատասխանատվության ենթարկելու: Նշում է.

 

Մտածում էի՝ իրավական դաշտը ավելի հիմնավոր փաստերով կդնի և կապացուցի, ոչ թե նոր քաղաքական դեմք կմտցնի քաղաքական դաշտ

 

«Պարզվեց, որ մեր երկրի իրավական հարթության մեջ աշխատող մարմիններն այդքսն էլ հիմնավոր չկարողացան իրենց գործն առաջ տանել, ինչը չգիտեմ՝ օգնե՞ց, թե՞ խանգարեց: Իմ համար ակնհայտ է մարտի 1-ի պատասխանատուն, ես բազմաթիվ ելույթներ եմ ունեցել և մտածում էի՝ իրավական դաշտը ավելի հիմնավոր փաստերով կդնի և կապացուցի, ոչ թե նոր քաղաքական դեմք կմտցնի քաղաքական դաշտ»: