Home / Canadahye  / Ինչպես իրանահայ ընտանիքը ստիպված եղավ լքել Իրանն ու հաստատվել Կանադայում. Էդիկ Բաղդասարյանը՝ պարսկահայ համայնքի լրջագույն խնդիրների մասին

Ինչպես իրանահայ ընտանիքը ստիպված եղավ լքել Իրանն ու հաստատվել Կանադայում. Էդիկ Բաղդասարյանը՝ պարսկահայ համայնքի լրջագույն խնդիրների մասին

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր) _ Տարբեր երկրներում հանգրվանած հայկական սփյուռքը ոչ բոլոր դեպքերում է, որ բարեհաճորեն է ընդունվում, ի տարբերություն Կանադայի, որտեղ հայերը բազմաթիվ հնարավորություններ ունեն սեփական լեզուն, մշակույթը, ինքնությունը պահպանելու, կան երկրներ, որտեղ քրիստորնայներին ոչ միայն չեն խրախուսում , այլև նվաստացնում են:

 

Իրանահայ ճարտարագետ-պատմաբան  Էդիկ Բաղդասարյանը, ով մեծաթիվ գրքերի ու աշխատությունների հեղինակ է, ներկայացնում է այն իրավիճակը, որը տիրում էր Իրանում: Նրա ընտանիքն այս երկրում ապրող հարյուրավորներից մեկն է եղել, որը ստիպված է եղել լքել Պարսկաստանը ու ընտրել Կանադան:

 

ՄԻԱԿ ԱՎԵՏԱՐԱՆՆ ՈՒ ԱՌԱՋԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Դեռ մանկուց հայերենի նկատմամբ առանձնահատուկ սեր ու վերաբերմունք ուներ, բայց Պարսկաստանի հայկական դպրոցները նրան, ինչպես բազմաթիվ այլ հայերի էական ոչինչ չէին կարող տալ, իսկ իրանական դպրոցներում կրթություն ստանալը հայ երեխաների համար ծանր փորձություն էր դառնում, պատմում է Էդիկ Բաղդասարյանը:

 

Տան մեջ մի Ավետարան ունեինք, և ուրիշ ոչինչ, մայրս կարդում էր, լսում էինք, կարդացի մի 6-7 անգամ

 

«Հայկական դպրոց էի գնում, բայց վիճակը շատ վատ էր, չկարողացա ցանկություններիս հասնել, գնացի իրանական դպրոց: Տան մեջ մի Ավետարան ունեինք, և ուրիշ ոչինչ, մայրս կարդում էր, լսում էինք, կարդացի մի 6-7 անգամ»,-պատմում է Էդիկ Բաղդասարյանը:

 

Հետո համեմատաբար լավ ժամանակներ են գալիս, նախ գրքեր գնելու հնարավորություն է ստանում, իսկ հետո, երբ հեղափոխությունն է տեղի ունենում, համատարած անգործության պայմաններում առանձնահատուկ գաղափար է ծնվում. Հայ ժողովրդի պատմությունը պարսիկներին ներկայացնելու հարմար առիթ է սա, մտածում է ու անցնում գործի: Պատմում է.

 

Հեղափոխություն էր եղել, ու ժողովուրդն ավելի շատ ժամանակ ուներ, գնեցին ձեռքից ձեռք

 

«Պարապ չնստեցի, երկար ժամանակ պահանջը կար հայ ժողովրդի պատմությունը պարսիկներին ներկայացնելու, մեր ազգային ջոջերը՝ եկեղեցին և այլն, չեզոք կեցվածք ունեին, ասում էին, որ ուրիշները չէ, որ պիտի ծանոթանան մեր ազգի պատմությանը: Ես նախաձեռնեցի թարգմանությունը: Գնորդներն առաջին հերթին հայերն էին, հեղափոխություն էր եղել, ու ժողովուրդն ավելի շատ ժամանակ ուներ, գնեցին ձեռքից ձեռք, նույնիսկ մի շարք մարդիկ գնում էին գրավաճառից, վաճառում ուրիշներին, տարբեր հասարակական միջոցառումներին վաճառում էին, ես պարտքով էի արել հրատարակությունը, ու շատ կարճ ժամանակում փակեցի պարտքս»:

 

ԸՆԴԴԵՄ ՀԵՏԱԴԵՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Նրա նորամուտը բարեհաջող էր, իսկ հետագա գործունեությունը՝ ոչ պակաս բեղմնավոր, ձեռնամուխ է լինում այլ գրքերի թարգմանության: Մի սկզբունք՝ ազատորեն արտահայտել գաղափարները, Էդիկ Բաղդասարյանի համար սրբազան էր ու հակընդդեմ Իրանի հետադիմական հայկական կազմակերպությունների, որոնց գործունեության արդյունքում հայ ժողովուրդը շատ է տուժել, կարծում է նա:

 

Դուր չէր գալիս, որովհետև միահեծան են

 

«Ավանդական Դաշնակցությունը, միակ կուսակցությունն էր Պարսկաստանում, պետության հետ էր, պետությունն էլ հետադեմ էր, բայց պարսկական հեղափոխությունից հետո վերանայեց գործելակերպը: Մենք համայնքի ճշգրիտ պատմությունն էինք ներկայացնում, հայկական մշակույթը, դուր չէր գալիս, որովհետև միահեծան են, ամեն տեղ է այդպես, նույնիսկ Կանադայում»,-ասում է հայ ճարտարագետ-պատմաբանը:

 

Հեղափոխությունը նոր հնարավորություններ ստեղծեց, արդյունքը եղավ այն, որ 12 գրքերի ու 2 պարբերականների հրատարակման թույլտվությունը Էդիկ Բաղդասարյանին միանգամից շնորհվեց: Արտոնությունը անսպասելի էր, Իրանի մշակույթի նախարարարությունն այլևս իր կողքին էր, ու թվում էր՝ լավագույն շրջանն է սկսվում, հաղթահարված էին դժվարությունները:

 

ՀԱՅԵՐԸ՝ ԹԻՐԱԽՈՒՄ

Սակայն մեկ այլ խնդիր ծագեց, որն էլ Բաղդասարյաններին ստիպեց տեղափոխվել Կանադա: Փոխվել էր ժամանակաշրջանը, սակայն չէր փոխվել հասարակության վերաբերմունքը հայ քրիստոնյաների նկատմամբ, ու այս անգամ թիրախում որդին էր:

 

Հայկական դպրոցները թույլ էին, և համալսարան ընդունվելու շանսերը՝ նվազ, ուստի ստիպված էր որդուն ուղարկել պարսկական դպրոց, այստեղ էլ ճնշումների մտավախություն կար: Դժվարությամբ, բայց տղան ընդունվում է, սակայն.

 

Տեսա, որ երեխայի համար խնդիր էր, դրա համար ընտրեցի Կանադան, և տեղափոխվեցինք Կանադա

 

«Գնացինք պետական դպրոց, մեկ տարի սովորեց, ամեն օր գալիս-բողոքում էր, որ անհանգստացնում են դպրոցում, վերակացուն 3 անգամ կանչեց, ասում էր, որ ձեր տղան չարություն է անում, բայց այդպես չէ, տեսա, որ երեխայի համար խնդիր էր, դրա համար ընտրեցի Կանադան, և տեղափոխվեցինք Կանադա, առաջին օրվանից՝ որպես հանճար, իրենց գնահատմամբ, փայլեց, մաթեմատիկայի մեջ շատ ուժեղ էր, շատ էր սիրում, կարդաց, դպրոցի մեջ նույնիսկ ուսուցչուհու սխալներն էր գտնում»:

 

Երեխան, ինչպես ինքն էր ասում, դժոխքից տեղափոխվեց դրախտ

 

Կանադայի տված ազատությունները երեխային դրսևորվելու հնարավորություն տվեցին, ու նրան իր միջավայրում ընդունեցին որպես հանճարի: «Պարսկաստանի մեջ եթե մեկ աշակերտ ուսուցչի սխալը մատնանշի, մեծ դժվարության մեջ կընկնի, բայց Կանադան ազատ է, ուսուցիչը նորմալ ընդունել էր ու զարմացել, գործընկերոջն ասել էր, որ մյուս տարի մի հանճարեղ ուսանող է գալու, պետք է զգույշ լինես: Երեխան, ինչպես ինքն էր ասում, դժոխքից տեղափոխվեց դրախտ, վերաբերմունքը տարբեր, միջավայրը տարբեր, ուսուցիչների մոտեցումը նորմալ, զրոյից հասավ 100-ի»,-հպարտանում է հայրը:

 

Իսկ թե ինչն է պատճառը, որ հայկական համայնքը չի կարողանում խնդիրը լուծելի դարձնել Իրանում, կանադահայ ճարտարապետը պատասխանում է.

 

Ազգային առաջնորդարանի տգիտության և սխալ վերաբերմունքի պատճառով

 

«Ազգային առաջնորդարանի տգիտության և սխալ վերաբերմունքի պատճառով է, օրինակ մենք այնքան ուսանողներ ունեինք, որ սովետական ժամանակ ուղարկել էինք Հայաստան, սովորեցին և հայագետներ դարձան, նրանց ոչ մեկին առաջնորդարանը չէր վարձում, որովհետև ՀՅԴ-ի ձեռքում էր, իրենց մարդկանց էին վարձում, իսկ իրենց մարդիկ ովքե՞ր էին. ամենաանգրագետ, տգետ, անորակ մասնագետներ: Դրա համար զզվեցնում էին երեխաներին: Զզվում էին հայերեն լեզվից, հայոց պատմությունից, այդ մարդիկ չպիտի լինեին դպրոցում»:

 

Ասում է՝ ինքն ու մի քանի այլ անձանց հաջողվեց պարտադրել առաջնորդարանին հայաստանյան բուհեր ավարտած մի քանի երիտասարդներ ներառեն հայկական դպրոցներում, բայց մի քանիով խնդիրը չլուծվեց:

 

Ես Կանադայում եմ իմ իսկական գործերը հրատարակել

 

Իսկ Կանադան ոչ միայն տղայի, այլև իրեն՝ արդեն իսկ հաջողությունների հասած մասնագետրի համար նոր հնարավորություններ ստեղծեց. «Ես Կանադայում եմ իմ իսկական գործերը հրատարակել»,-ասում է նա ու թվարկում տասնյակ հատորները, որոնք բոլորն են կարևոր, բայց կարևորագույններից մեկը իրանահայության պատմությունն էր որի ստեղծման մասին պատմում է.

 

«Ես շատ երիտասարդ տարիքում մշակութային համայնքի անդամ դարձա, իմ ընկերներից ամեն մեկը երկու անգամ ինձանից մեծ էին, միշտ ասում էին, որ իրանահայության պատմությունը լավ է, սուսուփուս լսում էի, մտածում էի գործն անել: Սկսեցի նյութեր հավաքել, մոտ 30 տարի աշխարհով մեկ՝ Հայաստան, տարբեր համայնքներ ուսումնասիրեցի իրանահության մասին հրատարակությունները, բոլորը հավաքեցի: Վերջապես այդ աղբյուրները հավաքելուց հետո 2012-ից 5 տարի առաջ սկսեցի գրել գիրքը»: Արդյունքը գոհացնող էր, իսկ աշխատանքը՝ հարուստ ու հիմնավոր: Հեղինակի այս և բազմաթիվ այլ գրքեր ուսումնասիրությունների ու գիտական աշխատությունների նյութեր են հայ ժողովրդի պատմությամբ հետաքրքրված գիտնականների ու այլ մասնագետների համար: