Home / Armenia  / Ռուսաստանյան խոշոր ընկերության բարձրակարգ մասնագետին Հայաստանում աշխատանքի չեն ընդունել. Աննա Մարիա Զվիրինգը վերադարձել է Ռուսաստան, ծնողները՝ ոչ

Ռուսաստանյան խոշոր ընկերության բարձրակարգ մասնագետին Հայաստանում աշխատանքի չեն ընդունել. Աննա Մարիա Զվիրինգը վերադարձել է Ռուսաստան, ծնողները՝ ոչ

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Աննա Մարիա Զվիլինգը ռուսաստանյան խոշոր ընկերություններից մեկի բաժնի վարիչն է: Հայ մասնագետը ղեկավարում է ավելի քան 200 աշխատակիցներից բաղկացած բաժինը, սակայն այս տարվա ապրիլին դիմեց հայաստանյան ընկերություններ՝ աշխատանք գտնելու ու բնակության համար հայրենիք տեղափոխվելու խնդրանքով:

 

Դիմումներ, հարցազրույցներ, հանդիպումներ, աշխատանքի խոստումներ և այլն. Երկարատեև դեգերումներից հետո Աննա Մարիան այսօր դարձյալ Մոսկվայում է, իսկ Երևանում Noranor.ca -ը զրուցեց նրա հայրիկի՝ Երևանի ճարտարագիտական ինստիտուտի նախկին ամբիոնի վարիչ, կյանքի 7 տասնամյակը բոլորած Ալեքսանդր Բորիսենկոյի հետ:

 

ԵՍ ԷԼ ՏԵՂ ՈՒՆԵՄ…

Ոչ միայն Աննա Մարիան, այլև նրանց ամբողջ ընտանիքն էր ապրում Ռուսաստանի Դաշնությունում, զավակները դեռ 90-ականներին էին մեկնել ՌԴ աշխատելու, իսկ ծնողները ավելի ուշ՝ 2005թ-ին բնակարան գնեցին ու տեղափոխվեցին Եկատերինբուրգ: Ալեքսանդր Բորիսենկոն այնտեղ ևս կրթական ոլորտում էր աշխատում: Դժգոհ չէր, սակայն հայրենիքից հեռու երկար ապրել չկարողացավ: Առաջին պատճառը, որ նշում է, հետևյալն է.

 

Շատերը զարմացել են, բայց ուզում էի գալ՝ որտեղ ծնվել էի, որտեղ իմ հայրենքիս է, այստեղ եմ ծնվել ու այստեղ ուզում եմ կյանքս ավարտել

 

«Ես ուսումնական կենտրոնի փոխտնօրեն  էի, տնօրենը համոզում էր, ասում էր՝ ինչո՞ւ ես գնում, ես թոշակի եմ գնում, իմ տեղը կմնաս, ես ասի՝ չէ՛, ես ուզում եմ Հայաստան,  հարցեր կան, այստեղ մամաս է թաղված, պապս, տատս, ես էլ տեղ ունեմ: Շատերը զարմացել են, բայց ուզում էի գալ՝ որտեղ ծնվել էի, որտեղ իմ հայրենքիս է, այստեղ եմ ծնվել ու այստեղ ուզում եմ կյանքս ավարտել»,-ասում է Ալեքսանդր Բորիսենկոն:

 

ԿՎԵՐՋԱՆԱՆ ՔԱՅԼԵՐԸ

Աշխատանքից դժգոհ չէր, բայց բուհի դասախոսն այդպես էլ չի հարմարվել օտարազգիների մեջ ապրելու մտքին:  Հայաստան վերադառնալը, սակայն, չի նշանակում, որ գոհ է այն իրավիճակից, որում գտնվում է հայրենիքը: «Քայլեր շատ արեցին, հա քայլ են անում, բայց մի օր կվերջանան այդ քայլերը»,-կեսկատակ ասում է Բարիսենկոն:

 

Իսկ վերջին քայլն ամենատարօրինակն էր նրա կարծիքով: Խոսքն այդքան շահարկվող արտագնա աշխատանքի մեկնածների եկամուտների հարկմանն է վերաբերում: Զարգացած երկրների մեխանիզմը չի կարելի կիրառել մի երկրում, որտեղ մարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում ընտանիք պահելու համար: Համեմատում է.

 

Հիմարություն անել չի կարելի, կարելի է անել այն երկրներում, որը զարգացած է, բայց եթե աշխատանքի տեղ չկա, չի կարելի

 

«Հիմարություն անել չի կարելի, կարելի է անել այն երկրներում, որը զարգացած է, բայց եթե աշխատանքի տեղ չկա, չի կարելի: Օրինակ՝ մեծ փեսաս Հոլանդիայում է, ինքը Հոլանդիայում հարկ էր մուծում, երբ Հայաստանում աշխատում էր, բայց երբ որ ստեղից գնում են աշխատելու, որ ընտանիքը պահեն, իբր թե իր հարազատներին թոշակ կտան, թոշակը կբարձրացնեն, դա անելու բան չէ»:

 

Գնացել, մածուն ծախողից դառել են դեպուտատ, հիմա այդ մարդն իր երեխեքին կհամոզի՞, որ գան, թե Նիկոլը կանչում է, վերադարձեք: Ծիծաղելի է

 

Նա ևս կիսում է կարծիքները, թե հայտարարությունները պոպուլիստական բնույթ ունեն: «Պոպուլիզմ է կոչվում, պոպուլիստական լոզունգներ են անում, Գեղարքունիքի ժողովուրդը կանգնած լսում է, հենց Եկատերինբուրգում նայում են, ամեն երկրորդը Մարտունիից է կամ Գավառից: Գնացել, մածուն ծախողից դառել են դեպուտատ, հիմա այդ մարդն իր երեխեքին կհամոզի՞, որ գան, թե Նիկոլը կանչում է, վերադարձեք: Ծիծաղելի է»,-կարծում է Պոլիտեխնիկ ինստիտուտի նախկին ամբիոնի վարիչը:

 

ՏԵՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՆ

Այդ ամենի մաս է կազմում նաև աշխատաշուկայում տիրող իրավիճակը, որի մասին հարազատ աղջկա անցած ճանապարհով է պատկերացում կազմում: Հայրենիք վերադառնալու ձգտում ունեցող մասնագետը տեղ չունի տեղական աշխատաշուկայում, եթե փորձում է ոչ թե սեփական բիզնեսը հիմնել, այլ ընդգրկվել որևէ ընկերությունում ու արժանապատիվ աշխատավարձ ստանալ:

 

Ասում է՝ ո՞ր դարն է, որ այդպես են խոսում մարդկանց հետ:  Հիասթափվեց, գնաց

 

«Կանչեցին, խոստումներ տվեցին, բայց եկավ, ասում է՝ եկա, հիասթափված գնացի, ինքն այնտեղ մեծ պաշտոնի է, ստեղ կանչեցին, եկավ, երկու կանայք հարցազրույցի կանչեցին: Ասում է՝ քմծիծաղով, բանով խոսում են, ասում է՝ ո՞ր դարն է, որ այդպես են խոսում մարդկանց հետ:  Հիասթափվեց, գնաց: Իր տարիքն էլ է գուցե պատճառը, 46 տարեկան է, բայց դե բաժնի վարիչ է»,-ասում է երեք զավակների հայրը, ում բոլոր երեխաները արտերկրում են ապրում:

 

Նա ձգտում էր վերադառնալ հայրենիք ու ծնողների կողքին ապրել, հնարավորություն չտրվեց, ասում է Ալեքսանդր Բորիսենկոն: Թեև թոռնիկը ներկայում Հայաստանում է, սովորում է Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղում: «Արդեն երրորդ կուրս է, երկու տարի սովորեց, եկավ գարնանը, ասաց՝ դեմ չե՞ք՝ այստեղ մնամ, ասում եմ՝ ինչո՞ւ եմ դեմ»,-պատմում է պապիկը:

 

Թոռը կմնա՞ Հայաստանում, թե ոչ, չգիտի, բայց վստահ է, որ ինքն այլևս հայրենիքում է ապրելու, անկախ երկրի իշխանությունների քաղաքականությունից: