Home / Canadahye  / Ավանդական կուսակցությունների նահա՞նջ, թե՞ Ընտրական օրենսգրքի պահանջները չբավարարելու արդյունք. ՍԴՀԿ-ն ու ՌԱԿ-ը ցանկանում էին, բայց չեն մասնակցում ընտրություններին

Ավանդական կուսակցությունների նահա՞նջ, թե՞ Ընտրական օրենսգրքի պահանջները չբավարարելու արդյունք. ՍԴՀԿ-ն ու ՌԱԿ-ը ցանկանում էին, բայց չեն մասնակցում ընտրություններին

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) _ Բազմաթիվ կուսակցություններ, որոնք ի սկզբանե պատրաստվում էին նոր Ընտրական օրենսգրքով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, հրաժարվեցին հայտ ներկայացնել ԿԸՀ այն բանից հետո, երբ ՀՀԿ-ի ջանքերով տապալվեց «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը:

 

Նոր օրենսգիրքը խորհրդարանում հայտնվելու ավելի մեծ հնարավորություններ էր ընձեռում, իջեցված էր անցողիկ շեմը, կուսակցությունները զերծ էին մնում մարզերում ռեյտինգային կարգով թեկնածուներ առաջադրելու պարտադրանքից: Թերևս հենց սա էր պատճառը, որ նաև ավանդական կուսակցությունները, որ ի սկզբանե հայտարարել էին իրենց մասնակցության պատրաստակամության մասին, հրաժարվեցին:

 

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՐՑ

ՍԴՀԿ Տորոնտոյի մասնաճյուղի ատենապետ Համո Թաթուլյանը ամիսներ առաջ հայտարարեց, որ կուսակցությունը կմասնակցի, իրենք էլ կսատարեն: Թե ինչն է պատճառը, որ հրաժարվեց մասնակցությունից, ենթադրում է.

 

Կոմպանիի այդ պատրաստությունը, որ պետք է ըլլար, ան չկրցան հաջողցնել

 

«Պետք է, որ մասնակցեին, բայց ինձ թվում է, որ Հայաստանում որոշ հարցեր ունեին, և չկարողացան թեկնածուները ճիշտ թվով հասցնել, չկարողացան համալրել թեկնածուները,  հավանաբար հաջորդին կմասնակցին, պետք է հուսալ, որ պատրաստ կըլլան: Կոմպանիի այդ պատրաստությունը, որ պետք է ըլլար, ան չկրցան հաջողցնել»:

 

Թերևս կուսակցության անդամների ոչ բավարար քանակությունն էր պատճառը, չի բացառում տորոնտոհայ գործարարը: Իսկ նման իրավիճակը արդյո՞ք ենթադրում է, որ ավանդական հայկական կուսկցությունները նահանջում են՝ տեղը զիջելով նրանց, ովքեր ավելի հատու են ընկալում ժամանակի պահանջը; Նրա կարծիքով՝ ոչ:

 

Շատ ավելի առաջ հոն պետք է ըլլային, գործնական ըլլային, ոչ թե ասոր կամ անոր բլոկի մեջ ըլլային

 

«Ավանդական կուսակցություններ ըսելով, շատ ավելի առաջ հոն պետք է ըլլային, գործնական ըլլային, ոչ թե ասոր կամ անոր բլոկի մեջ ըլլային, իմ կարծիքով ավանդական կուսակցությունները, ինչպես որ սկսել էին, պետք է որ իրենց ներդրումն ավելի արդյունավետ ըլլար: Գաղափարախոսությունները չեն խանգարել որևէ մեկ ժամանակ գործակցել կամ հետևիլ այդ գաղափարախոսության, բայց գործելակերպը և լոգիստիկը չփոխվեց, որ առաջ երթա»,-ասում է քաղաքական ուժի սփյուռքահայ անդամը:

 

ՊԵՏՔ ԷՐ ՄԱՍՆԱԿՑԵԼ

Ոչ միայն կուսակցությունը պետք է փորձեր հասարակության վստահությունը շահել, այլև հանրությունն ինքը պետք է կարողանա ճիշտ ընդունել կուսակցությունների քայլերը, գնահատել արժանիքները, կարծում է տորոնտոհայ ատենապետը,  ում համոզմամբ, նոր կառավարությունում կուսակցությունը անելիքներ ուներ, այնպիսի անելիք, որը միտված կլիներ վերջինիս աջակցելուն:

 

Պետք էր, որ այս կառավարության հետ աշխատեն, պետք է այս կառավորւթյունը հաջողի, նոր ձևավորելիք կառավարությունը

 

«Իմ կարծիքով պետք էր մասնակցել, պետք էր, որ այս կառավարության հետ աշխատեն, պետք է այս կառավորւթյունը հաջողի, նոր ձևավորելիք կառավարությունը»,-ասում է և հույս հայտնում, որ ոչ թե կնահանջի, այլ նոր թափով հաջորդ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կգնա:

 

Թերևս նույնատիպ հայտարարություններով հանդես էին գալիս նաև ՀՌԱԿ ներկայացուցիչները՝ վստահեցնելով, որ ընտրություններին մասնակցելը ցանկացած քաղաքական ուժի գոյության գլխավոր նպատակն է, սակայն այս կուսակցությունը ևս վերջին պահին ընկրկեց:

 

Կոալիցիա չեն կազմելու ՔՊ-ի հետ, նրանք պատրաստվում են, խորհրդարան անցնելու դեպքում, որպես ընդդիմություն հանդես գալ

 

Նույնը տեղի չունեցավ միայն ՀՅԴ-ի պարագայում, ով, իր գործելաոճին հավատարիմ, առաջադրվեց, դաշինք չկազմեց որևէ քաղաքական ուժի հետ, իսկ հնարավորությունները մեծ է համարում: Նորանոր-ի հետ զրույցներում կուսակցության ներկայացուցիչները պատմել են մասնակցության իրենց նպատակների ու ծրագրերի մասին, իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վերջերս հստակ հայտարարեց, որ կոալիցիա չեն կազմելու ՔՊ-ի հետ, նրանք պատրաստվում են, խորհրդարան անցնելու դեպքում, որպես ընդդիմություն հանդես գալ: