Home / Canadahye  / Հայաստան համահայկական հիմնադրամի շուրջ տեղի ունեցած դեպքը ազդեց նրանց վրա, ովքեր փորձում էին փախուստ տալ պարտականությունից. Եփրեմ Թոքչյան

Հայաստան համահայկական հիմնադրամի շուրջ տեղի ունեցած դեպքը ազդեց նրանց վրա, ովքեր փորձում էին փախուստ տալ պարտականությունից. Եփրեմ Թոքչյան

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր) _ «Հայաստան» համահայկական հիմնադրամը դարձյալ շարունակում է իր ընթացքը, մարաթոնը նորից նույն առաքելության շուրջ է հավաքել աշխարհի հայերին: Մինչ այս Համահայկական հիմնադրամի կառույցները Լատինական ու Հյուսիսային Ամերիկաներում և Եվրոպայում անցկացրել են ավանդական հեռախոսամարաթոններ: Կանադան իր կարևոր մասնակցությունն է ունեցել՝ այս անգամ գերազանցելով նախկին ցուցանիշները՝ հավաքագրելով 1 մլն 300 հզր դրամ:

 

Այս տարի մարաթոնը կրում է «Արարենք միասին» խորագիրը, համազգային դրամահավաք-միջոցառումը տևում է 12 ժամ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող 2 ծրագրեր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի միջոցներով: Առաջինն Արցախի գյուղատնտեսության վերականգնման համար կենսական նշանակության խորքային հորերի հորատման և կաթիլային համակարգի կառուցման ծրագրերն են: Հեռուստամարաթոնի երկրորդ ուղղությունը Արցախում արեւային էներգիայի կիրառումն է: «Հեռուստամարաթոն-2018»-ին նվիրաբերված գումարներն ուղղվելու են նաև Հայաստանի համայնքային ենթակառուցվածքներին:

 

Տորոնտոյի մասնակցության բարձր ցուցանիշներին Noranor.ca-ի հետ զրույցում անդրադարձել է ՍԴՀԿ փոխատենապետ, Հայաստան հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի անդամ, Կանադայի «Լուսաբաց» կայքի խմբագիր Եփրեմ Թոքչյանը: Նա 12 տարի առաջ է Լիբանանից Կանադա տեղափոխել:

 

ՄՐՑԱՆԻՇԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«Այս տարի առաջին անգամ ըլլալով 1 մլն 300 հզր կանադական դոլար հանգանակվեց, մրցանիշային էր, ամենահաջողն էր մինչև հիմա, ուրիշ գաղութներ էլ կային, բայց Տորոնտոն առանձնացավ»,-հպարտությամբ է պատմում մասնաճյուղի ներկայացուցիչը համայնքի պատրաստակամության մասին: Իսկ թե ինչով էր պայմանավորված առաջընթացը, ասում է.

 

Սովորություն մը ստեղծված էր համայնքի զավակների մոտ, որ պետք է հանգանակություն տրվի Հայաստան հիմնադրամին

 

«Մեր ատենապետի պարոն Մկրտիչյանի աշխույժ գործունեությամբ, սովորություն մը ստեղծված էր համայնքի զավակների մոտ, որ պետք է հանգանակություն տրվի Հայաստան հիմնադրամին: Սովորաբար նվիրատուները մեծ բարերարներ են, որոնք իրենց գումարները կհանձնեն հիմնադրամին, բայց քիչ չեն նաև համայնքի այլ անդամների օժանդակությունը, որը կտրվի կանադահայերի անունից: Մի անուն կարող եմ տալ, օրինակ՝ անցյալ տարի էլ, առաջ էլ Նալբանդյան ընտանիքը մշտապես հավատարմորեն մասնակցում է»:

 

ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ՞Ր

Այսօր արդեն հանգանակությունները, որոնք կազմակերպվելու են ի նպաստ հայրենիքի զարգացման, այլ պայմաններում կծախսվեն, իսկ արդյո՞ք նախկինում եղած անվստահությունը վերացել է, և դեպքերը չե՞ն ազդել տորոնտոհայերի մասնակցության վրա, հարցրեցինք Եփրեմ Թոքչյանին, պատասխանն այսպիսին էր.

 

Դեպք մըն էր, որ պիտի չկատարվեր, փաստը այն էր, որ մրցանիշային հանգանակություն եղավ

 

«Տորոնտոյի պարագային այդ տեղի չունեցավ, որովհետև տորոնտոհայությունը իր կարողոությունները գործի կդնե ուղղակի պարոն Մկրտիչյանի հսկողության տակ, մենք այդ մտահոգությունները չունեցանք, դեպք մըն էր, որ պիտի չկատարվեր, փաստը այն էր, որ մրցանիշային հանգանակություն եղավ»:

 

Հիշեցնենք, որ հիմնադրամի նախկին տնօրենին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունները մեղադրանք էին առաջադրել հիմնադրամի միջոցները յուրացնելու կասկածանքով: Վարդանյանը վերադարձրել էր օգտագործված գումարներն ու ազատ արձակվել: Այնուհետ հինադրամի նոր տնօրեն ընտրվեց, այն այսօր ղեկավարում է 47–ամյա անկուսակցական, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, արտաքին գործերի նախկին տեղակալ Հայկակ Արշամյանը

 

ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԿՕԳՏԱԳՈՐԾՎԵՆ

Թոքչյանը հույս է հայտնում, որ ներկայում ավելի կազմակերպված ու նպատակային կօգտագործվեն միջոցները: «Կհուսանք ավելի արդիական հիմնադրամ մը ունենանք, ավելի ակտիվ, կհուսանք լավագույնը կըլլա, անձնապես չեմ կարող ուրիշ բան ըսել, չեմ ճանաչում նոր տնօրենը»,-կարծիք է հայտնում տորոնտոբնակ լիբանանահայը:

 

Իսկ դեպքը չէր կարող անհետևանք մնալ, բայց միայն նրանց համար, ովքեր հայրենիքին աջակցելը ոչ թե պարտք, այլ պարտադրանք էին համարում:

 

Շատերի համար պատճառաբանություն պիտի լինի, որ փախուստ տան իրենց պարտականություններեն

 

«Շատերի համար պատճառաբանություն պիտի լինի, որ փախուստ տան իրենց պարտականություններեն, դեպք մըն էր, որ պատահեցավ, պետք չէ շատ այդ նյութով խոսել, հուսանք՝ նոր տնօրենը շատ ավելի վստահելի անձ մը կդառնա»,-ասում է «Լուսաբաց« պարբերականի գլխավոր խմբագիրը: